«Տոսպ». 75 հոգու փոխարեն կարող է աշխատել 300-ը
«Տոսպ» տրիկոտաժի ֆաբրիկայի կարի մեքենաների վրա լուռ աշխատում են երեք տասնյակից ավել կանայք: Բոլորի ձեռքի տակ կապույտ վերնաշապիկներ են. պատվերն է այդպիսին: Ասյա Հակոբյանը այստեղ աշխատում է 1966թ.-ից:
Կարի արտադրամասի գրեթե բոլոր աշխատողները միջին և ավելի բարձր տարիքի կանայք են: Այն հարցին, թե արդյոք երիտասարդներն այստեղ չեն աշխատում, Ասյա Հակոբյանը պատասխանում է, որ այժմ երիտասարդներն այլ աշխատանք են նախընտրում: «Տոսպի» տնօրեն Սուրեն Բեկիրսկին էլ կատակում է. «Ջահելները գալիս են, պսակվում, գնում»:

Գործարանի երկու տարբեր հատվածներում կանայք կար են անում, մի քանիսը ձևավորում են մոդելները, գծագրում, կտրում, մի քանի հոգի էլ զբաղված է վերնաշապիկների փաթեթավորմամբ:
Տիկին Ասյան հիշում է, որ տարիներ առաջ աշխատողների թիվն ավելի մեծ էր, ամենամեծ անձնակազմն ունեցել են 1970-ականներին: Կարի արտադրամասում բազմաթիվ մեքենաներ «անգործ են»: Տնօրենն ասում է՝ «աշխատող կա, բայց ես չեմ կանչել աշխատանքի, որովհետև աշխատանք չկա»:

Ֆաբրիկան հիմնադրվել է 1947թ.-ից, արտադրանքը մեծ պահանջարկ ուներ: Ձեռնարկությունը չդադարեց գործել նույնիսկ էներգետիկ ճգնաժամի տարիներին.1992-1994 թթ. աշխատանքը սկսվում էր գիշերը եւ ավարտվում առավոտյան: Այժմ գործարանն աշխատում է արտադրական հզորության 40%-ով:
Ֆաբրիկայի տնօրենն ասում է, որ 75 հոգու փոխարեն կարող են ունենալ 300 աշխատող: Բայց չկա համապատասխան շուկա, արտադրական ծավալներ, ինչպես նաև՝ երաշխավորված գնորդ: Նրա կարծիքով՝ Հայաստանում թեթև արդյունաբերության ոլորտը կայացած չէ և շահույթ չի ապահովում: Տեղական արտադրողի համար մրցակից են Հնդկաստանից, Չինաստանից, Թուրքիայից ներմուծողները:
«Շուկան մերն է, բայց մերը չէ, որովհետև մեր տնտեսական դաշտը օբյեկտիվ մրցակցությունից դուրս է»,- ասում է Ս. Բեկիրսկին:

«Պտք է պահպանել և արդիականացնել եղածը, ինչպես նաև՝ մեծացնել արտահանման ծավալները: Լավագույն տարբերակը կլիներ 30% ներքին և 70% արտաքին շուկայի համար ստեղծված արտադրանքը»,- ասում է Ս. Բեկիրսկին: «Տոսպի» արտադրանքի իրացման հիմնական շուկան Ռուսասաստանն է, քիչ քանակով արտահանում են եվրոպական երկրներ և ԱՄՆ: Ապրանքի մեծ մասը բամբակյա է:
«Երբ քո ապրանքն ես վաճառում դրսում, թեկուզ էժան, թեկուզ դժվարությամբ, բայց կարևորը դու ես ծախում, քո անունն է գրվում: Շատերը կարող են կարի արտադրությամբ զբաղվել, որովհետև մեծ ներդրումներ չի պահանջում, բայց տեղական արտադրողը ստիպված է մրցակցել ներկրողների հետ: Այս խնդիրն առկա է ոչ միայն թեթև արդյունաբերության, այլև ամբողջ տնտեսական ոլորտում: Իմ գնորդն այն գնորդն է, ով երկրորդ անգամ գալիս է խանութ` հատուկ այդ գնումը կատարելու համար»,- ասում է Ս. Բեկիրսկին:
լուս.՝ Նարեկ Ալեքսանյանի
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել