HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լեռ Կամսար. հատվածներ «Կարմիր օրեր» ժողովածուից

Լեռ Կամսար

Նկատե՞լ եք՝ արթուն ժամանակ պատահած դժբախտությունը երազում կրկնապատկվում է։

Աշխարհի ամենամեծ դժբախտությունը, ինչպես գիտեք, սոցիալիզմ կառուցելն է։ Իսկ այդ սևը Հայաստանի գլխին եկավ հազար ինը հարյուր քսանմեկ թվականին։

Բոլշևիկները մեր երկիր մտան քսան թվականի նոյեմբեր ամսին։ Մի քանի ամսում հապճեպ կոտորեցին, թռուցիկ ավերեցին ու փախան, որպեսզի քսանմեկ թվին վերադառնան, ընդմիշտ հաստատվեն ու հիմնովին ավերեն երկիրն ու մնացածներին էլ կոտորեն։

Փախչելիս, երբ բանտ մտա, տեսա հարյուր հոգի, որոնց ձեռները ետև էին կապված, կացնով գլուխները երկու մասի ճեղքված, թաղված բանտի նկուղում իրար վրա, ինչպես ձուկը տակառի մեջ, հողախառն լերդացած արյան տակ։ Հաջորդ օրը բանտի բակում իրար կողքի շարվեցին հարյուր դագաղներ, որոնց անձամբ հուղարկավորեցի։ Գիշերն այս նույն բանը երազումս տեսա, սարսափս կրկնապատկվեց։ Հարյուր սպանվածները դարձան երկու հարյուր, իսկ թաղման ժամանակ մեռելների շարանը գնում, գնում էր առանց տուտը կտրվելու։ Եթե այդ գիշերը կինս չարթնացներ ինձ, ես մինչև այսօր էլ պիտի հուղարկավորեի այդ անվերջանալի մեռելներին։

Քսանմեկ թվին վերադառնալով, բոլշևիկները սկսեցին ձերբակալությունները։ Մինչև հերթը ինձ հասնելը, ամեն գիշեր ձերբակալվում էի՝ առավոտներն ազատ արձակվում։ Իսկ երբ հերթն ինձ հասավ ու գիշերօթի բանտարկյալս դարձա և՛ ցերեկօթի, երևակայեցեք, սարսափս մեղմացավ։

Իրական բանտարկյալը երևակայությամբ իր վրեժը լուծում է թշնամիներից, իսկ երազի մեջ այդ չկա։

Մեր կամերան երեսունհինգ բանտարկյալ կար, որոնք ամբողջ օրը վեճ ու կռվով էին անցկացնում։ Մեկը նրանցից Ստալինին գլխիվայր էր կախում, մյուսը ցած էր առնում կախված Ստալինին և, մսի մեքենայի մեջ դրած, աղում, շինում կոտլետ և հրամցնում շներին։

Երրորդ բանտարկյալը նկատելով, որ շունն էլ չի ուտի այդպիսի կոտլետ, հանում էր Ստալինին մսի մեքենայից, շամփուրները դնում կրակին ու սկսում դրանցով դաղել նրան։ Չմոռանամ ասել, որ այն ժամանակները դեռ նոր էր բոլշևիզմը հաստատվում մեր երկրում, և մարդիկ անծանոթ էին տանջանքի բոլոր տեսակներին։ Եթե Ստալինն այսօր ողջ լիներ, ես գիտեի՝ ինչպես պիտի մեռցնեի... Երբեք չեմ մոռանում։

Մի գյուղացի բանտարկյալ, որը յոթանասունհինգ տարեկան էր, Ստալինին իր ատամներովը բզկտել էր ուզում այն ժամանակ, երբ բերանում մի հատիկ ատամ չուներ...

Երևակայական երևակայություն։ Համաձայն իմ բնավորությանը, ես բանտում ոչ մի կաթիլ արյուն չթափեցի, այլ, տեսնելով նրանց անհամաձայնությունները, որոնք վերջ չունեին ասում էի միայն.

-Տղե՜րք, արե՛ք այնպես, որ, չլինի ձեր վեճերից օգտվելով, Ստալինը ողջ ու առողջ մնա։ Մինչև համաձայնության գալը, գեթ ավանսով մի հատ տվեք գլխին։

Երազի «երկու երեսն էլ» կարդացած լինելու համար պիտի ասեմ, որ երազի տված երանությո՛ւնն էլ վախճան չունի։ Պետք է տեսնեք իմ հրճվանքն այն գիշերները, երբ երազով արտասահման փախած եմ լինում...

----------

Ես դպրոցում սովորել եմ ընդամենը տասը տարի։

Հիշում եմ. երբ քահանան կրոնի դասին դասարան էր մտնում՝ մեզ Աստծու արքայություն քարոզելու, ինձ, որ երկնային արքայությանը ո՛չ հավատում էի, ո՛չ սովորում, իբրև պատիժ քահանան կա՛մ ապտակում էր, կա՛մ ականջս քաշում մի քանի սանտիմ։ Պատկերացրե՛ք, ուրեմն, երկրային արքայությունը երկնայինից ինչքան անհավանկան ու դժվար հավատալու բան է, որ սոցիալիզմի «քահանաները» կացիններով ու գնդացիրներով են մտնում «դասարան» ... 

                                                              ***** 

Բասարգեչար աքսորված ժամանակ, մի տարի եղա շրջանի մեղվապահ-հրահանգիչ, որովհետև պատահմամբ նաև զբաղված եմ եղել մեղվապահությամբ և գիտեմ այդ մասնագիտությունը։

Ամառ ու ձմեռ ոտքով շրջում էի շրջանի երեսուներկու գյուղերը՝ քառասուն կիլոմետր շառավղով։

Քննելով գյուղի մեղվանոցները, բոլորին գերազանց գնահատական էի տալիս նրա համար, որ մեղվապահն ինձ կերակրեր. եթե վատ խոսեի՝ սոված պիտի մնայի ճիշտ այնպես, ինչպես ուսուցիչներն այսօր դպրոցներում բոլորին լավ գնահատական են նշանակում, իրենց գոյությունը պաշտպանելու համար։

Երկրորդ տարին ուժ չմնաց ոտներումս շրջելու համար, վերցրի Տորֆի մեղվանոցը խնամելու և հաստատվեցի այնտեղ։ Իմ դիրեկտորի ինչ տեսակ մարդ լինելը չհասկացա, մի օր ժպտում էր երեսիս, խոստումներ տալիս, մյուս օրը թթվում, «անպետք մարդ» ասում ինձ։

Ես էլ օրը մեջ պիտի գնահատվեի, կարո՞ղ էի ծպտուն հանել, գոյության խնդիր էր։

Իմ սենյակն այնտեղ այնքան փոքր էր, որ պառկելու ժամանակ պետք էր շորերը դուրսը հանել և լողվորի նման ինքզինքը անկողին ձգել։ Ձմեռները վիճակս սոսկալի էր դառնում։ Բասարգեչարի ահարկու քամին, բուքի վերածվելով, երեք ուղղությամբ սենյակս էր խուժում՝ դռան ճեղքերից, անապակի պատուհանից և իրարից բաժանված տախտակամածից։

Սենյակումս սառույց էր դառնում այն բոլորը, ինչի մեջ ջրային մասնիկ կար։ Քարացած հացս որպեսզի կրծվեր՝ պառկում, դնում էի ծոցս, որ մարմնիս տաքությամբ մի փոքր կակղացնեի։

Անկողնում տաքանալը հնար չէր, ինչքան ջուլուփալաս կար, քաշում էի վրաս, այնքան, որ այդ ծանր, արճճի վերմակիս տակ տափակում էի, բայց չէի տաքանում։

Իմ ուտելիքն էր միայն մի կիլո հաց, մի լիտր կաթ։ Առավոտները վեր կենալիս, մի ձեռքս հացիս տոպրակը, մյուսում՝ կաթիս «կոտյոլը», նայում էի բանվորական ավանի ծխնելույզներին, որից ծուխ էր դուրս գալիս, այնտեղ էի գնում, խնդրելով թույլ տալ նրանց վառարանի վրա կաթս տաքացնել և սեղանի վրա նախաճաշել։

Գրում էի միայն արևոտ օրերին, խոտի դեզերի տակ։

----------

Երևակայեցե՛ք, այս բոլորից հետո ես չէի թքում սովետական կառավարության երեսինք որովհետև, ինչպես մի անգամ ասել եմ, տեղանքը ցուրտ էր, և թուքս կարող էր սառած մնալ նրա երեսին...

Այսպես վարվեց մեր կառավարությունը այն մարդու հետ, որին 1950 թվականին հեռագրով Երևան կանչեց և ասաց.

- Խնդրում ենք մեզ համար մի սովետական կոմեդիա գրես, մենք, որքան աշխատում ենք, չենք կարողանում գրել, գրել կարող ես միայն դու, մենք դրանում հավատացած ենք:

Եվ խոստումնե՜ր, խոստումնե՜ր...

Այստեղ արդեն կարող էի թքել այսպիսի կառավարության երեսին, որովհետև Երևանում տաք է, ու թուքս չի սառչի նրա երեսին...

                                                                               ***** 

- Հնում մարդիկ պահում էին պրոֆեսիոնալ եղերամայրեր, որոնք մեռելների վրա էին կանչվում՝ ողբալու նրա կորուստը։

Բայց հիմա, որովհետև «երջանիկ» կարգերում ենք ապրում, ողբալ ոչ մի դեպքում չի թույլատրվում։ Մահազդերում անգամ արգելված է «խորին կսկիծով» ծանուցել որևէ մահ. այլ միայն՝ «կսկիծով»։

Ճշմարիտ է, լալն արգելվում է օրենքով, բտյց դարերով սովորություն է դարձել, որ մարդիկ իրենց մեռելի ետևից մի որևիցե բան անեն, մի վերաբերմունք ցույց տան։

Երբ սենյակդ է մտնում մի օտարական մի րոպեով, գնալիս հարցնում ես՝ ինչո՞ւ եկար, ինչո՞ւ կերթաս։

Բա մեր սիրելիին, որ աշխարհ է մտնում, տասնյակ տարիներ քիթ քթի ապրում քեզ հետ, հեռանալիս չասե՞նք՝ ինչո՞ւ եկար, ինչո՞ւ կերթաս։ Այդ պատճառով էլ հիմա եղերամայրերի ինստիտուտը փոխաիինված է «հուշերի երեկոներով»։ Ասեմ միաժամանակ, որ «հուշի երեկո» կազմակերպվում է մեծ մարդկանց, ավելի շատ՝ մեծ գրողների հիշատակն անմահացնելու համար։

Թումանյան, Աղայան, Շիրվանզադե և այլն։ Այդ մեծ գրողներին հիշում են փոքր գրողները, որ իրենց անունները կապեն մեծ գրողների անուններին։ Թեև կուսակցական կյանքում էլ չեն պակասում անվանի հին բոլշևիկներ, որոնք դարձյալ մեռնում են, բայց նրանց համար «հուշի երեկո» կազմակերպելը տեխնիկապես անհնար է. նրանց համար «հուշի երեկո» կազմակերպելու համար հարկավոր պիտի լիներ հավաքել բոլոր նրանց ձեռքով գնդակահարվածներին, որոնք «ա՜խ» քաշեին և սկսեին հիշել.

- ...Հանգուցյալ Մուղդուսին ուրիշ բոլշևիկ էր. Չեկայի նախագահ եղած ժամանակ օրական մի ավտո մարդ էր տանում գնդակահարելու։

Մուղդուսու մասին ես էլ հուշեր ունեմ։ Երբ ինձ աքսորում էին հեռավոր հյուսիս, «Խորհրդային Հայաստան» թերթի խմբագիր (նույնպես գնդակահարված) Եղիա Չուբարի միջոցով խնդրեցի, որ ինձ բանտում թողնի՝ մերժեց։ Հիանալի մարդ էր...

Մեկնաբանություններ (2)

Վարազ Սյունի (Ամստերդամ)
Լեռ Կամսարը, առանց կասկածի, 20-րդ դարի ամենամեծ հայ գրողն է: Զարմանալ կարելի է իր մտքի խորաթափանցության վրա. այն նույնիսկ մարգարեության մակարդակի է հասնում: Այսպիսի հայ գրող/բանաստեղծ հայ ազգը համարյա չունի:Լեռ Կամսարի ամբողջ ողբերգությունը ստալինյան-սովետական այդ բիրտ-կաղապարող ժամանակաշրջանում ապրելն էր: Բայց հենց դա՛ էլ ավելի ընդգծեց իր կերպարի ողջ քաջությունն ու վառ լինելը: Ինքը պիտի որ հզոր ներքին-հոգեկան պայքարի մեջ լիներ. դրանից էլ իր գործերի անժամանակությունը:
JOHN
ՀԱՆՃԱՐԵՂ,ՅՈՒՐՕՐԻՆԱԿ ՆԱԵՎ ԱՆՆԿԱՐԱԳՐԵԼԻ ԴԱՌՆ ՈՒ ԱՆԿՐԿՆԵԼԻ ՀՈՒՄՈՐՈՎ...ԱՌԱՎԵԼ ՔԱՆ ՎՍՏԱՀ ԵՄ,ՈՐ ԼԵՌ ԿԱՄՍԱՐԻ ԺԱՄԱՆԱԿԸ ԴԵՌ ԳԱԼՈՒ Է.ՀԱՄԲԵՐԵՆՔ:ՈՉ ՄԻ ՀԱՆՃԱՐԻ ԷՍ ՍՏՈՐ ԵՐԿՐԱԳՆԴԻ ՈՒ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԽԱԺԱՄՈՒԺԻ ՄԵՋ ՀԵՇՏ ՉԻ ԼԻՆՈՒՄ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter