
Հայաստանը շտապում է դեպի Մաքսային միություն
Անցյալ շաբաթվա ընթացքում ՀՀ կառավարությունը հրապարակեց Մաքսային միությանն անդամակցելու ճանապարհային քարտեզը:
Դա 250 էջից բաղկացած ծավալուն մի փաստաթուղթ է՝ 262 անհրաժեշտ միջոցառումների թվարկմամբ: Մեծամասամբ դրանք կազմակերպչական և տեխնիկական բնույթի միջոցառումներ են՝ ճշտումներ, վերլուծություններ, փոփոխությունների ենթակա օրենսդրական ակտերի ցանկերի սահմանում, ՄՄ-ում գործող համաձայնագրերին միացում և այլն:
Այս Ճանապարհային քարտեզն, ընդհանուր առմամբ, նույնիսկ նվազագույն պատկերացում չի տալիս ՄՄ-ին անդամագրվելու դեպքում տնտեսական պայմանների փոփոխության մասին: Դատելով ժամանակացույցից՝ բոլոր հիմնական նախապատրաստական աշխատանքները պետք է ավարտվեն 3 ամսից: Արդեն մայիսին Հայաստանը պատրաստ կլինի անդամակցությանը, ինչը վկայում է որոշակի շտապողականության մասին: Հիշեցնենք, որ Հայաստանի և Եվրամիության միջև Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի նախապատրաստական աշխատանքները տևեցին մոտ 2 տարի, ու դրանից հետո միայն խոսք եղավ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրման մասին:
Բնականաբար, Ճանապարհային քարտեզում հիմնականը Մաքսային համակարգերի միասնականացումն է: Դա վերաբերում է մաքսային սակագներին, ընթացակարգերին, վերահսկողությանը և այլն: Սակայն այստեղ կա մի հետաքրքիր կետ, ըստ որի՝ Հայաստանը ժամանակավորապես, անցումային շրջանում կարող է կիրառել ՄՄ-ի դրույքաչափերից տարբերվող դրույքաչափեր: Ի դեպ, անդամակցությունից հետո Հայաստանն իր միջազգային բաց օդանավակայաններում կհանի ՄՄ մյուս պետությունների ապրանքների նկատմամբ մաքսային հսկողությունը:
Բավական զգույշ են ձեւակերպված այն կետերը, որոնք վերաբերում են Առևտրի համաշխարհային կազմակերպության հետ հարաբերություններին: ՀՀ կառավարությունը, պարզվում է, դեռ պետք է վերլուծի, թե այդ պարտավորություններն ինչպես են կատարվելու:
Ամենից շատ միջոցառումներ նախատեսված են ոչ թե մաքսային ընթացակարգերի հետ կապված, այլ սանիտարական, բուսասանիտարական և անասնաբուժական ոլորտներում: Այդ մասով բոլոր կարգավորումները, օրենսդրական ակտերը, սահմանային հսկողության միջոցները պետք է համապատասխանեցվեն ՄՄ պահանջներին: Ի դեպ, այս ոլորտն առանցքային էր նաև Եվրամիության հետ բանակցություններում:
Սակայն Ճանապարհային քարտեզում կան նաև համապատասխանեցում պահանջող այլ ոլորտներ ևս: Պարզվում է՝ Հայաստանը ՄՄ-ի հետ պետք է համաձայնեցնի մակրոտնտեսական քաղաքականությունը, էներգետիկ ոլորտի կարգավորումը (այդ թվում՝գազատրանսպորտային համակարգը), մրցակցության քաղաքականությունը, պետական գնումների համակարգը, մտավոր սեփականության պաշտպանությունը, արժութային քաղաքականությունը: Ինչպես տեսնում ենք՝ ՄՄ-ին անդամակցումն ավելի խորը ինտեգրում է պահանջում, քան պարզապես մաքսային և սանիտարական համակարգերի համաձայնեցումը: Նշենք, սակայն, որ խոսք չկա միասնական արժույթի մասին:
Ճանապարհային քարտեզով հնարավոր չէ պարզել, թե մակրոտնտեսական համաձայնեցումներն ինչ խորություն կունենան: Դրա համար պետք է ուսումնասիրել այն միջազգային համաձայնագրերը, որոնք գործում են ՄՄ շրջանակներում, ու որոնք պետք է ստորագրի Հայաստանը:
Մեկնաբանել