Հ. Բագրատյան. «Ինչպե՞ս է բաժանված կառավարության «տորթը»
Այսօր Ազգային ժողովում Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողվոի նախագահ Արտակ Շաբոյանը ներկայացրեց իր ղեկավարած կառույցի տարեկան հաշվետվությունը:
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը, դիմելով Ա. Շաբոյանին, նշեց, որ նա «դժբախտաբար, թե բարեբախտաբար» օպտիմիստ է երևում, ինչը երբեմն խանգարում է աշխատանքի մեջ: «Անմիջապես ասեմ` Դուք բարի եք երևում»,- Շաբոյանին ասաց Բագրատյանը:
Պատգամավորը հարցրեց գլոբալ մրցակցության ցուցանիշի մասին` ընդգծելով, որ նախորդ պատասխանների մեջ հստակ չհասկացվեց, թե ինչ ցուցանիշի մասին է խոսքը: Այնուհետ հարցրեց, թե արդյոք ԱԺ-ին վերջապես կարող է ասել, թե ինչպես է բաժանված կառավարության տորթը` ո՞ւմը քանի՞ տոկոս է, ՀՆԱ-ի քանի՞ տոկոսն է մոնոպոլիզացված: Նա նկատեց նաև, որ այս մասին ռուսական ցանկացած կայքում կարելի է գտնել:
Հարցադրումից հետո Հ. Բագրատյանը դիմեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին, որ ինքը պատրաստվում է փոփոխության առաջարկ անել ԱԺ կանոնակարգում, որպեսզի դահլիճում և նաև հանձնաժողովների նիստերին տեղադրվի մեծ էկրան, որպեսզի իրենք հնարավորություն ունենան տեսողական ծանոթանալ հաշվետվություններին:
Դրանից հետո պատգամավորը շարունակեց իր հարցադրումը` հետաքրքրվելով, թե ինչպես են բաշխվում Կենտրոնական բանկի վարկերը հենց այդ նույն սեկտորների մեջ:
Շարմազանովը, պատասխանի իրավունք տալով Շաբոյանին, ասաց, որ ակնկալում է օպտիմիստական պատասխան:
Ա. Շաբոյանն էլ նշեց, որ համաշխարհային տնտեսական ֆորումը հրապարակում է մրցունակության ինդեքսը, որը ներկայացնում է տնտեսության տարբեր ոլորտները: «Առաջինը՝ շուկայում գերիշխող դիրք ունեցողների ազդեցությունն է մրցակցության վրա. այդ ցուցանիշով վերջին 3 տարիներին անընդհատ առաջ գնալով 2013 թ. 144 երկրների շարքում հայտնվել ենք 75-րդ տեղում` այն դեպքում, երբ մեր հարևան Վրաստանը 119-րդ տեղում է, Ռուսաստանը` 93-րդ, Ադրբեջանը` 83-րդ, Ուկրաինան` 132-րդ, Մոլդովան` 133 և այսպես շարունակ»,- նշեց նա:
Ա. Շաբոյանի ներկայացրած հաջորդ ցուցանիշը վերաբերում էր հակամենաշնորհային քաղաքականության արդյունավետությանը, ըստ որի` Հայաստանն առաջ է անցել 11 կետով` զբաղեցնելով 97-րդ տեղը, այն դեպքում, երբ Վրաստանը 138-րդ տեղում է, Ադրբեջանը` 127-րդ, Ուկրաինան` 137-րդ:
Նույն իրավիճակը, Շաբոյանի կարծիքով, երրորդ ցուցանիշի դեպքում է, որը վերաբերում է տեղական մրցակցության ուժգնությանը:
Փոքր և միջին ձեռնարկությունների մասին էլ ասաց, որ իրենք նման ցուցանիշի չեն տիրապետում և որ իրենք ամեն տարի, համաձայն իրենց ոլորտի մեթոդաբանության, ոչ թե ՀՆԱ-ի ճյուղերն են ուսումնասիրում, այլ ապրանքային շուկաները` գնահատելով մրցակցության աստիճանը: Օրինակ, 2013 թ. ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրել է 13 ապրանքային շուկա, որից 7-ը եղել է միջին կենտրոնացվածության, 3-ը` ցածր կենտրոնացվածության, 3-ը` բարձր կենտրոնացվածության:
Իսկ ինչ վերաբերում է պատգամավորի երրորդ հարցին, ասաց, որ իրենք նման ուսումնասիրություն չեն իրականացնում:
Հ. Բագրատյանն էլ Շաբոյանի պատասխանին անդրադառնալով` նշեց, որ ինքը համարում է, որ 2-րդ և 3-րդ հարցերին չի պատասխանել, իսկ առաջին պատասխանի մասին էլ ասաց, որ ընդհանուր գլոբալ մրցակցության ինդեքսի 12 ցուցանիշից պոկել է մի քանիսը` ասելով, որ դրանով լավ ենք: Այնինչ պետք է ներառվեր նաև մյուս ենթացուցանիշները, որտեղ մեր «գործերը այդքան էլ լավ չեն»: Շաբոյանը առարկեց Բագրատյանին` ասելով, թե դա այդպես չէ, որ ինքը ոչ մի բան չի առանձնացրել, և որ իր մատնանշած բաժինը` 3 ցուցանիշներով հրապարակված է կայքում:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել