Հ. Բիշարյան. «Էլիտար սուպերմարկետները ոտնձգություններ են անում ժամկետի վրա»
Այսօր ԱԺ-ում ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանն անդրադարձավ կաթնամթերքի շուկայում գների բարձրացմանը: Նա նշեց, որ նախորդ տարի տեղի ունեցած մի շարք երևույթներ օբյեկտիվորեն ազդել են այս ոլորտում ներգրավված տնտեսվարողների ֆինանսական վիճակի վրա, ինչն էլ արտահայտվել է կաթնամթերքի գների բարձրացման վրա:
«Գներն անցած տարվա համեմատ մեծ չափով բարձրացել են, բնականաբար, սա իր ազդեցությունը պիտի թողնի ինքնարժեքի վրա, կաթնամթերք արտադրող ընկերությունների շահութաբերության նվազման վրա, կոնկրետ չափերով չեմ կարող ասել՝ իրավիճակն այս պահին ինչպիսին է, բայց միանշանակ նախորդ տարվա ընթացքում կաթի մթերման գները շեշտակիորեն աճել են»,- ասաց Ա. Շաբոյանը:
ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն իր ելույթում խոսեց կաթնամթերքի հումքի որակի, դրանց ժամկետների կասկածելիության մասին: Նա նշեց, որ Շաբոյանն իր զեկույցում անդրադարձել էր 8 տեսակի մթերքների` հացի, մեղրի, ձավարեղենի, պահածոների և այլնի, ապա դրանցից առանձնացրեց մեղրը, որը, ըստ պատգամավորի, ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրության պետք է ենթարկի ոչ միայն գնի, այլև որակի առումով:
Բիշարյանի հաջորդ դիտարկումը վերաբերում էր սուպերմարկետներին, և ինչպես ինքը ձևակերպեց` էլիտար սուպերմարտկետներին: Նրա ասելով` այդ էլիտար սուպերմարկետներում էլ գներն էլիտար են, մինչդեռ դրանցից մի քանի մետր հեռու գտնվող խանութներում նույն ապրանքներն ավելի մատչելի են:
«Կարծում եմ, որ ՏՄՊՊՀ-ն պետք է ուշադրություն դարձնի դրանց վրա: Նույնիսկ այդ էլիտար սուպերմարկետները (չեմ ուզում անուններ հնչեցնել, այստեղ նստած յուրաքանչյուր մարդ օգտվում է և շատ լավ գիտի), այնպիսի ոտնձգություններ են անում ժամկետների վրա, որ ակնհայտ է, մասնագետ չլինելով հանդերձ` տեսնում ես, որ ակնհայտ խախտում են արել ժամկետի վրա, էնպես են նշում այդ ժամկետը կամ նոր թղթով փակցնում են վրան, որ չգիտես՝ ինչ ես ուտում և ինչ ես գնում»,- ասաց նա:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել