HY RU EN

Միջնադարյան ժառանգությունն անտերության է մատնված

Սանահինի վանական համալիրի պարիսպներից դուրս՝ ընդամենը 50 մետր հեռավորության վրա, Սանահին գյուղի գերեզմանոցի տարածքում է գտնվում 12-13-րդ դարերի կառույց Զաքարյանների դամբարանը (տապանատուն): Շքամուտքի արձանագրության համաձայն՝ դամբարանը կառուցվել է 1189 թ.-ին Զաքարե և Իվանե Զաքարյանների կողմից: Դամբարանում թաղված են Վահրամ, Սարգիս, Մեծ Զաքարե Զաքարյանները և նրանց սերնդակից Արղության-Երկայնաբազուկների տոհմի ներկայացուցիչներ:

Հիշեցնենք, որ 12-րդ դարի վերջին Զաքարյանների իշխանապետության օրոք Սանահինը կրկին դարձել է գիտամշակութային կենտրոն: Դամբարանի հարևանությամբ է գտնվում նաև 10-րդ դարի կառույց Սբ. Հակոբ ավերված եկեղեցին: Վերջինիս հարևանությամբ գտնվում են 13-րդ դարի կառույց Սբ. Հարություն, 11-րդ դարի կառույց Սբ. Կարապետ եկեղեցիները, Սբ. Սարգիս13-րդ դարի կառույց մատուռը, Գրիգոր Տուտեորդու Սբ. Հարություն եկեղեցու հյուսիսային պատի մոտ տեղադրված արժեքավոր խաչքարը (1184 թ.) և հնագույն այլ խաչքարեր: Հուշարձանները բոլորն էլ պատմական արժեքներ են: Նրանք մտնում են Սանահինի վանական համալիրի կազմի մեջ և վերջինիս հետ գրանցված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության կազմում:

Խորհրդային տարիներին Զաքարյանների դամբարանը, Սբ. Հակոբ ավերված եկեղեցին, Սբ. Հարություն և մյուս արժեքավոր եկեղեցիները շրջափակվել են Սանահին գյուղի հանգուցյալ գյուղացիների գերեզմաններով, իսկ հետագայում դարձել են գերեզմանատան տարածք: Անխնամությունից եկեղեցիների և դամբարանի տանիքներին բուսել են հսկա ծառեր, դրանք շրջափակված են մացառուտներով և անմատչելի են զբոսաշրջիկների համար: Պատմամշակութային այս հրաշալի արժեքները նույնպես հանձնված են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տնօրինությանը, սակայն իրականում անտերության են մատնված:

Այսօր «Հետքը» Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի տեղեկատվական ծառայությունից փորձեց տեղեկություններ ստանալ Սանահինի վանական համալիրում ինչպես ՀՀ մշակույթի նախարարաության կողմից իրականացվող վերանորոգման, այնպես էլ վանական համալիրի կազմում գրանցված մյուս պատմական հուշարձանների պահպանության անմխիթար վիճակի պատճառների մասին: Տեղեկատվական ծառայությունից մեզ պատասխանեցին, որ հարցերին կարող է պատասխանել միայն լրատվական ծառայության ղեկավար Տեր Վահրամը, ով ներկայումս գտնվում է երկրի սահմաններից դուրս: Հայտնեցին նաև, որ Տեր Վահրամը Հայաստան կվերադառնա փետրվարի 15-ից հետո:

«Հետքը» հետամուտ կլինի Սանահինում տիրող իրավիճակի առումով Մայր Աթոռի վերաբերմունքը հստակեցնելուն: