
Հրանտ Բագրատյան. «Մեծամասնական ընտրատարածքներն օլիգարխների ու գողականների համար են»
«Անձամբ ինձ ասվել է` հլը մի ամիս էլ համբերեք, տեսնենք` ինչ են ասում», - անրադառնալով իշխանություն-ՀԱԿ երկխոսությանը՝ այսօրվա ասուլիսում ասաց նախկին վարչապետ, ՀԱԿ ներկայացուցիչ Հրանտ Բագրատյանը:
Նա նշեց, որ ՀԱԿ-ը մեծ ռիսկի է դիմել` երկխոսության գնալով, սակայն ունի որոշակի ակնկալիքներ և հիմա սպասողական վիճակում է: Մինչդեռ մի քանի անգամ իշխանությունը «դրված է եղել սկուտեղին», բայց իրենք չեն վերցրել: Մասնավորապես` 2008 թ.-ի նախագահական ընտրություններից հետո և այս տարվա մարտին:
«Ես էլ կուզենայի իմանալ, թե ինչու չենք վերցրել», - ասաց Հ. Բագրատյանը:
Վերջինս նշեց, որ ըստ իրենց տեղեկությունների`2007թ. խորհրդարանական ընտրություններին ոչ ՀՀԿ-ն է հաղթել, ոչ էլ ընդդիմությունը, այլ կոալիցիայի մեկ այլ ուժ: Ընտրություններից հետո բոլորը հավաքվում են նախագահի մոտ և որոշում` որ կուսակցությանը քանի տոկոս պետք է տալ: Իսկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում գերակայում են մարդիկ, ում ներկայացնում է Մարդու իրավունքների պաշտպանը կամ փաստաբանների պալատը: Նրանք համարվում են «իբր անկախ մարմիններ, սակայն այդպես չէ»: Նպատակն այն է, որ իշխանությունն ընտրությունների վերջում ամեն ինչը բարդի «անկախ հանձնաժողովի վրա»: Իսկ միջազգային դիտորդներին «կարելի է տալ մի քիչ քյաբաբ, մի քիչ խորոված, որից հետո նրանք մեղմ են արտահայտվում ընտրությունների վերաբերյալ»: Այնուհետև մոտ 3 ամիս անց խիստ խոսքեր են ասում, բայց արդեն ուշ է:
Ըստ Բագրատյանի՝ այսօր իշխանությունների հետ լավ հարաբերություններ հաստատելն իր համար դժվար գործ չէ: բայց, միեւնույն է, ինքը շարունակելու է պայքարել՝ անկախ նրանից, թե ով ինչ դիրքորոշում կունենա: Նա պնդում է, որ Ընտրական օրենսգրքից հանվի մեծամասնական ընտրությունների կետը, քանի որ «մեծամասնական ընտրատարածքներն օլիգարխների ու գողականների համար են»:
Բագրատյանի խոսքերով՝ օր առաջ պետք է անցկացվի արտահերթ ընտրություններ, որպեսզի իշխանությունը տեսնի, որ հասարակությունը չի համակերպվում տիրող իրավիճակի հետ:
«Մենք կարիք չունենք Դավիթ Հարությունյանի խոսքերը լսելու: Մենք գիտենք` ինքը կատվի պես ոնց գցես, ոտքերի վրա կարա կանգնի. ունի ճարտար լեզու, խոսքեր: Մենք գործողություն ենք ուզում տեսնել», - ասաց Հ. Բագրատյանը:
Անրադառնալով Տիգրան Սարգսյանն ընդդեմ Բագրատյանի դատական գործին, վերջինս նշեց, որ վարչապետը վախեցել է, դրա համար էլ հայցը հետ է վերցրել:
«Առանց հոդվածի դատել են, ինչ ա ինքն ու Արմենչիկը նստած դատավորներին զանգում էին: Լավ պրծավ Տիգրան Սարգսյանը: Ես կոչ եմ անում, որ շարունակի, Եվրոպա էլ կգնանք: Իսկ այդ դատավորները գրոշի արժեք չունեն», - ասաց Հրանտ Բագրատյանը:
Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել