
Մաքսիմ Հակոբյանն աշխատավարձերը չի բարձրացրել և կուտակային պահումներ է անում
Կապանի «Կայուն զարգացում» ՀԿ-ի նախագահ Արմեն Փարսադանյանը «Հետքի» հետ զրույցում նշեց, որ Կապանում մի շարք հիմնարկ-ձեռնարկությունների աշխատակիցներից ահազանգեր են ստացել, որ պարտադիր կուտակայինի պահումներ են կատարվում: Մասնավորապես, ահազանգեր են ստացվել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցներից, ովքեր հայտնել են, որ իրենց աշխատավարձերից ևս պահումներ են կատարվել: Այնինչ, ըստ Ա. Փարսադանյանի, նախքան պարտադիր կուտակային բաղադրիչի՝ ուժի մեջ մտնելը ԶՊՄԿ-ի գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանը հայտարարել էր, որ աշխատավարձերի ֆոնդը 300 մլն դրամով կավելացնի, որպեսզի կուտակային պահումները չազդեն աշխատակիցների վրա, այնինչ աշխատավարձի որևէ բարձրացում չի եղել:
«Քիչ առաջ կոմբինատի աշխատակիցներից մեկի հետ էի խոսում, ով ասաց, որ դեկտեմբերի համեմատ 11.000 դրամով քիչ աշխատավարձ է ստացել, և 1974 թ. հետո ծնվածների աշխատավարձերի պահումներ են կատարվել»,- ասաց Ա. Փարսադանյանը: Կուտակային պահումներ են արվել նաև Քաջարանի արվեստի դպրոցում, «ՖԻՆՔԱ» վարկային կազմակերպությունում:
Ա. Փարսադանյանի խոսքով՝ չի բացառվում, որ Կապանում դատական գործեր սկսվեն հիմնարկ-ձեռնարկությունների դեմ, որոնք կուտակայինի պահումներ են արում: Այս հարցը քննարկվում է Կապանի իրավաբանների, Կապանի «Դեմ եմ» նախաձեռնության անդամների շրջանակում: «Եթե պարտադիր կուտակայինի համար պահումներ են արվում, նշանակում է պետական ապարատի կողմից ճնշումներ կան գործատուների վրա»,- նշեց Ա. Փարսադանյանը:
Մեկնաբանել