HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ջազի փոքրամարմին հսկան. Միշել Պետրուչիանի

Նաիրա Հայրապետյան

«Երբ ես փոքր էի, ստեղնաշարն ատամների էի նմանեցնում և ինձ թվում էր, թե նա ծիծաղում է ինձ վրա»,- տարիներ անց հիշում էր Միշել Պետրուչիանին, երբ մտաբերում էր իր առաջին խաղալիք դաշնամուրը:

Նա ընդամենը չորս տարեկան էր, երբ հայրը խաղալիք դաշնամուր նվիրեց: Մինչ այդ նա հեռուստացույցով տեսել էր Դյուկ Էլինգթոնին և երազում էր նրա նման դաշնակահար դառնալ: Բայց Միշելն իսկույն խաղալիք մուրճով ջարդուփշուր արեց դաշնամուրը, որովհետև  հիվանդության պատճառած ցավերից անվերջ լալիս էր և իրեն թվում էր, որ նա ծիծաղում էր իր վրա:  Բայց այդ հրաշամանուկը, ում երաժշտականությունը դրսևորվել էր ավելի վաղ տարիքից` առաջին բառերն արտասանելիս, չորս տարեկանից սկսեց նվագել սովորել, իսկ իննում ընտանիքի հետ արդեն «համագործակցում էր» իր երաժշտությամբ:  Հենց այդ շրջանում նա այլևս տարված էր Բիլ Էվանսով, և թերևս դա է պատճառը, որ շատերը Պետրուչիանիի  կատարման լիրիկական ոճը, մեղեդային արտիկուլյացիան և բազմաշերտ հարմոնիան տեսնում են այդ վաղ շրջանի` էվանսյան ազդեցության մեջ:

Ջազի յուրահատուկ անուններից մեկը` դաշնակահար և կոմպոզիտոր Միշել Պետրուչիանին ծնվել է Օրանժում (Ֆրանսիա), իտալո-ֆրանսիական ծագմամբ ընտանիքում: Հայրը`Թոնին, և երկու եղբայրները երաժիշտներ էին, կիթառ էին նվագում: Միշելը ծնվել էր ոսկրային հիվանդությամբ`անկատար օստեոգենեզով, որի պատճառով նա հաճախ նաև շնչառական խնդիրներ էր ունենում: Այդ հիվանդությամբ նա տառապեց ողջ կյանքում` ցավի ու հաջողության զգացումները մշտապես կրելով միաժամանակ: Բայց կոտրելով հաշմանդամության հանդեպ կարծրատիպերը,  նա ոչ միայն հասավ բարձունքների, այլև հաճախ սիրում էր ասել, որ հաշմանդամության փաստն իր կյանքում ինչ-որ առումով առավելություն է եղել. «Երբեմն ինձ թվում է, որ ինչ-որ մեկը` վերևում, ինձ փրկել է սովորական լինելուց»:

Իր առաջին պրոֆեսիոնալ համերգը Պետրուչիանին տվեց 13 տարեկանում` Ֆրանսիայում անցկացվող փառատոներից մեկի ժամանակ: Հիվանդության պատճառով նա շարժողական խնդիրներ ուներ,  ինչպես նաև դաշնամուրի ոտնակին հասնելու համար` հատուկ հարմարանքի կարիք: Փառատոնին մասնակցում էր ամերիկացի ջազային հայտնի շեփորահար Քլարք Թերին, ով դաշնակահար էր փնտրում իր առաջիկա համերգային գործունեության համար: Երբ Պետրուչիանին առաջարկեց իր մասնակցությունը, Թերին մի պահ լռեց, մտածելով, թե նա կատակ է անում, ապա, ի միջիայլոց, ասաց. «Արի բլյուզ նվագենք»: Պետրուչիանին սկսեց նվագել. հուզմունքից  ալեկոծված Քլարքը ամուր գրկեց նրան և այդ պահից ամեն ինչ սկսվեց:

«Երբ նա նվագեց, աստված իմ… այդ փոքրիկ մարդը, որը թզուկի էր նման, նվագելիս կարծես հսկա լիներ ,- հարցազրույցներից մեկում հիշում է Ք. Թերին,- և ես նրան ասացի` «Լսի՛ր փոքրիկ, հեռու չգնաս, ես վերադառնալու եմ քո հետևից»:

Երկու տարի անց Միշելը տեղափոխվեց Փարիզ, որտեղ նա մշտապես սկսեց հանդես գալ ֆրանսիական ջազային տարբեր փառատոներում և առանձին համերգներով  նախ`թմբկահար Քեննի Քլարքի, ապա շեփորահար Քլարք Թերիի հետ: Ֆրանսիայի ջազային միջավայրում բավականին հաջող գործունեությունից հետո՝ 1982թ. նա տեղափոխվեց ԱՄՆ` Կալիֆոռնիա: Այստեղ նա այցելեց սաքսոֆոնահար Չարլզ Լլոյդին, ով, ունկնդրելով Պետրուչիանիի նվագը, իսկույն որոշեց անցնել համատեղ համերգների: Նրանց շրջագայությունները մեծ հաջողությամբ պսակվեցին, իսկ 1985թ. փետրվարի 22-ին, երբ համերգից առաջ Լլոյդը փոքրամարմին Միշելին գրկած բարձրացավ Նյու-Յորքի բեմերից մեկը և նստեցրեց դաշնամուրի առջև, այդ պահը անմոռանալի ազդեցությամբ դրոշմվեց ջազի պատմության մեջ:  Համերգը վավերագրվեց նաև “One Night with Blue Note” ֆիլմում,  որի ռեժիսոր Ջոն Չարլզ Ջոմփսոնը հետագայում խոստովանում է (և այդպես էլ մակագրում էր տեսասկավառակների վրա), որ նա արտասվելու չափ հուզվել է այդ տեսարանից: 

Պետրուչիանիի և Լլոյդի համագործակցության արդյունքում բազմաթիվ համերգներից և ճանաչումից բացի` ձայնագրվեց նաև ալբոմ՝ Մոնտրեի փառատոնի համերգային ձայնագրությամբ: Բազմաթիվ մրցանակներն և §լավագույն¦ կոչումները Պետրուչիանիին վրդովեցնում ու ինչ-որ տեղ հիասթափեցնում էին. ասես այդ մարդիկ մտածում էին, թե նա արդեն արել է ամեն ինչ ու պետք է հասցնել գնահատել նրան, որովհետև պատրաստվում էր երիտասարդ մահանալ:

1984թ. Պետրուչիանին տեղափոխվեց Նյու Յորք, որտեղ էլ անցկացրեց իր կյանքի մնացած մասը: Այս փուլը երաժշտի ստեղծագործական կյանքում առանձնանում է իր արդյունավետությամբ. համերգներ և ձայնագրություններ ԱՄՆ-ի ջազային կյանքում հայտնի  դեմքերի՝ սաքսոֆոնահար և կոմպոզիտոր Ուեյն Շորթերի, կիթառահար, գործիքավորող Ջիմ Հոլի, ապա՝ Դիզի Գիլեսպիի և այլ նշանավոր ջազմենների հետ:

Բայց այսքանով չբավարավեց նրա անսպառ էներգիան. Պետրուչիանին  պետք է նաեւ դաշնամուրային սոլո ձայնագրություն ունենար. «Ես համոզված եմ, որ դաշնակահարը լիարժեք չի կարող լինել, քանի դեռ ի վիճակի չէ միայնակ հանդես գալ: ես հրաշալի պահեր ապրեցի նվագելիս, բացահայտեցի դաշնամուրն ու իրապես սովորեցի, կրթվեցի ամեն գիշեր, և երբ դրանից հետո կրկին բեմ դուրս եկա խմբի հետ, դա նման էր տորթի ընդամենը մի կտորի»:

Մենակատարի կերպարում Պետրուչիանին որոշակի փոփոխություններ կրեց` ոճական և կատարողական առումով, նա սկսեց դուրս գալ Բիլ Էվանսի ազդեցության դաշտից ՝ յուրօրինակ հետաքրքրություն դրսևորելով Քիթ Ջարրեթյան արվեստի ոգու և Օսկար Պետերսոնի կատարողական առանձնահատկությունների հանդեպ: 

«Ես չեմ հավատում հանճարների գոյությանը, ես հավատում եմ շատ աշխատելուն,- ասում է Պետրուչիանին,- դեռ մանկության տարիներից ես գիտեի, թե ինչ եմ ուզում անել և աշխատում էի այդ ուղղությամբ, բայց դեռ այնքան շատ բան ունեմ անելու: Ես ունեցա ալբոմներ և նվագեցի բազմաթիվ մեծանուն երաժիշտների հետ, բայց իմ առջև դեռ ժամանակ ունեմ ավելին իրականացնելու. շատ դժվար բան է քո արածների մասին խոսելը: Ի վերջո, երբ 75 տարիս բոլորեմ,  մահվան անկողնումս մի գիրք կգրեմ այդ ամենի մասին»:

Կյանքի վերջին տարիներին Պետրուչիանին աշխատում էր մոլագարի նման՝ մեկ տարվա ընթացքում նվագելով ավելի քան հարյուր համերգի ընթացքում, իսկ 1998թ.՝ ունեցավ  հարյուր քառասուն մենահամերգ: Արդեն առավել թույլ ու հիվանդ Պետրուչիանին հաշմանդամի սայլակին նստած էր տեղաշարժվում: 1998թ. վերջերին  որոշեց կրճատել  համերգների քանակը:  Ժամանակակիցների վկայությամբ՝ նա սկսել էր նորից ալկոհոլ և թմրադեղեր օգտագործել: Պետրուչիանին 1999թ. հունվարի 6-ին մահացավ թոքերի ինֆեկցիայից: Ուեյն Շորթերը մեկն էր այն ընկերներից, որին վերջին օրերին Պետրուչիանին ավելի հաճախ էր զանգահարում:

Իր հուշերում Շորթերը գրում է. «Մեզ շրջապատող աշխարհում շատ են մարդիկ, ովքեր լիարժեք հասակ ունեն, այսպես կոչված նորմալ մարդիկ են և ունեն ամեն ինչ, քանի որ ծնվել են ոտքի կամ ձեռքի ճիշտ երկարությամբ. մի խոսքով՝ համաչափ են ամեն ինչով: Բայց այդ մարդիկ իրենց կյանքն ապրում են անթև, անոտք, անուղեղ և մեղավոր: Ես երբեք չլսեցի, որ Միշելը բողոքեր որևէ բանից: Նա մեծ երաժիշտ էր, մե՛ծ երաժիշտ. և  մեծ էր, որովհետև, ի վերջո,  մեծ մարդ-արարած  էր, որովհետև նա կարողանում էր զգալ և մարդկանց փոխանցել իր զգացմունքները, և դա անում էր իր երաժշտության միջոցով: Նրա մասին եթե այլ բան ասվի,  ձևական բնույթ է կրելու, տեխնիկական նկարագրություն, որն ինձ համար ոչինչ չի նշանակում»:


Պրոֆեսոր, երաժշտական քննադատ Դեյվիդ Հաժդուի բնորոշմամբ՝ Պետրուչիանին կամքի մեծ ուժ ուներ. «Նրա երաժշտությունը ծրարված կարծես լինի, և այդ ծրարի ներսում նա կորցնում էր ինքն իրեն. դա մասնավոր մի տարածք էր, որտեղ տարօրինակ իրադարձություններ կարող էին թափանցել: Այսօր հնչող ջազի մեջ այնքան շատ սառն ու սխեմատիկ շունչ ես զգում, մինչդեռ Պետրուչիանիի երաժշտությունը  պերճախոսություն և դեռևս չճշգրտված զգացմունքներ է հաղորդում»:

«Երբ ես նվագում եմ, դա անում եմ իմ սրտով, մտքով և հոգով,- հարցազրույցներից մեկում ասել է Պետրուչիանին,- դա բոլորովին կապ չունի իմ տեսքի հետ, հենց դա եմ ես. մարդկանց ոչ թե ուղեղների, այլ սրտերի վրա եմ նվագում: Իմ երաժշտության մեջ ես չեմ ուզում շատ ինտելեկտուալ լինել. իմ փիլիսոփայությունը բավականաչափ պարզ է: Շատ ինտելեկտուալությունը, ինչպես նաև շատ կոմեդիան ձանձրալի է. ամեն ինչի շատն է ձանձրալի: Մենք բոլորս պետք է իմանանք երբ պետք է պարզապես կանգ առնենք»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter