
Մաքսային միությունը լուրջ խոչընդոտ է որակյալ և մատչելի հանրային տրանսպորտի համար
Այսօր հազիվ թե գտնվի մի հայաստանցի, ով գոհ կլինի մեր երկրում տրանսպորտի որակից: Սակայն մեր երկիրն այժմ կանգնած է մեծ փոփոխության շեմին, այն է` Մաքսային միությանն անդամակցությունը: Արդյոք դա կազդի՞ հանրային տրանսպորտի որակի կամ գնի վրա:
Ներկայիս վիճակը
Գաղտնիք չէ, որ անորակ տրանսպորտի էտալոն են համարվում ռուսական արտադրության Газель-ները: Վերջիններս քիչ մարդ են տեղավորում, անհարմար են, խցանումներ են ստեղծում, իսկ կանգնած ուղևորները դրանցում, ներեցեք, շախմատի ձիու դիրքով են երթևեկում:
Առավել հարմար են հարավ-կորեական Hyundai, ուկրաինական Богдан և չինական Higer մակնիշների ավտոբուսները:
Ներկայումս, ՀՀ Մաքսային օրենսգրքի 102-րդ և «Ավելացված արժեքի մասին» օրենքի 6-րդ հոդվածի համաձայն, ավտոբուսներն ու միկրոավտոբուսները մաքսազերծելուց՝ կազմակերպությունները մաքսատուրք և ԱԱՀ չեն վճարում` անկախ մեքենաները արտադրող երկրից:
Համեմատենք
Այսպիսով, 24 նստատեղ և Hyundai մակնիշի շարժիչ ունեցող Богдан201-ը արժե մոտ 31 հազար ԱՄՆ դոլար: Ընդ որում, այդ ավտոբուսը, բնականաբար, ունի էլեկտարական դռներ և կարող է վերցնել ևս 24 կանգնած ուղևոր: Այն ունի անգամ GPS համակարգ, իսկ բոլոր հանգուցային մասերը (շարժիչ, փոխանցման տուփ և այլն) կորեական Hyundai արտադրության են:
Անշուշտ, ռուսական 12 տեղանոց Газель-ն ավելի էժան է` 21 հազար դոլար: Սակայն այն պակաս եկամտաբեր է, քանի որ անգամ ամեն կերպ խցկվելու պարագայում չի կարող 20-ից ավել ուղևոր տանել, այսինքն` Богдан-ից 2,5 անգամ քիչ:
Բացի այդ, Газель-ն առնելուց հետո շահագործողները ստիպված են լինում վրան մոտ 2 հազար դոլարի չափով «գործ անել» (գազի բալոն դնել, նստատեղերը տեղափոխել և այլն):
Այսինքն, Մաքսային միությունից դուրս արտադրվող ավտոբուսների առավելությունն ակնհայտ է:
Հենց այդ ամենի շնորհիվ է, որ կամաց-կամաց Газель-ները իրենց տեղը զիջում են առավել հարմարավետ Hyundai և Богдан ավտոբուսներին, ինչը, անշուշտ, չի կարող չուրախացնել:
Մաքսային Միությունում
Այսպիսով, Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի Մաքսային միության միասնական մաքսային սակագների 17-րդ-բաժնի 87-րդ խմբի համաձայն` ոչ տուրիստական և 10-ից 120 ուղևորի համար նախատեսված նոր ավտոբուսների մաքսատուրքը կազմում է դրա գնի 20 տոկոսը:
Հենց այդպիսի ավտոբուսներ են հանդիսանում թե մեր քննարկած Газель, Богдан, Higer, Hyudai մակինիշի և թե առհասարակ ցանկացած ավոտբուս, որը որպես քաղաքային հասարակական տրանսպորտ է ծառայում:
Բացի այդ, համաձայն «Ավելացված արժեքի մասին» ՀՀ մասին օրենքի, այս դեպքում ավտոբուս ներմուծողներից արդեն կսկսի գանձվել նաև 20 տոկոս ԱԱՀ:
Այսպիսով, մաքսային միությունից դուրս արտադրվող ավտոբուսների գինը կավելանա 44 տոկոսով` գնի 20 տոկոս մաքսատուրք, և ապա գնի արդեն 120 տոկոսի 20 տոկոս ԱԱՀ:
Այսինքն, օրինակ, նույն Богдан-ի գինը կթանկանա 14 հազար դոլարով և կհասնի 45 հազար դոլարի: Մոտավորապես նույնքան կթանկանան նաև Hyundai ավտոբուսները:
Հետևանքները
Բնականաբար, երբ թանկանում են որակյալ և առավել եկամտաբեր ավտոբուսները, գծատերերը ստիպված դիմում են հետևյալ միջոցներից մեկին`
1. զգալիորեն թանկացնում են տրանսպորտի գինը, որ կարողանան գնեն այդ ավտոբուսները,
2. գինը քիչ են թանկացնում, սակայն վերադառնում են պակաս շահավետ ու անհարմար ռուսական Газель-ներին:
Սա նշանակում է, որ Մաքսային միությանն անդամակցելու հետևանքով հանրային տրանսպորտի ինքնարժեքը (հետևաբար` նաև գինը) բարձրանալու է, իսկ որակը տուժելու է:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել