HY RU EN

Կապանցիները քաղբանտարկյալների գործով գուցե դիմեն միջազգային կառույցներին

Կապանում արդեն ավարտվել է ի պաշտպանություն քաղբանտարկյալների ստորագրահավաքը, որը կազմակերպվել էր նախորդ տարի նոյեմբերի 5-ին Մաշտոցի պողոտայում ձերբակալվածների ազատման պահանջով:

Նախաձեռնող խմբի անդամ Գևորգ Գասպարյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ ստորագրահավաքը տևել է 4 օր՝ փետրվարի 3-7-ը: Դրա արդյունքում հավաքվել է 1538 ստորագրություն: Գ. Գասպարյանի խոսքով՝ ձերբակալվածների շարքում կա 3 կապանցի՝ Ալեք Պողոսյանը, Արմեն Հովհաննիսյանը և ծննդով կապանցի Շանթ Հարությունյանը: «Մեր նպատակն այն չէր, որ շատ ստորագրություններ հավաքենք, գիտենք, որ իշխանություններին անիմաստ է դիմելը»,- նկատեց Գ. Գասպարյանը:

Նրա խոսքով՝ իրենք նպատակ ունեին քաղաքացիներին տեղեկացնել ստեղծված իրավիճակի մասին, հայտնել, որ քաղբանտարկյալներ կան, և պետք է պայքարեն նրանց ազատման համար: Գևորգը նաև նշեց, որ իրենք չէին սպասում, որ կապանցիներն այդքան ակտիվ մասնակցություն կցուցաբերեին, և նրանցից ամեն մեկն իր աջակցությունն էր հայտնել նախաձեռնության անդամներին: Ըստ նրա՝ հաջորդ քայլը գուցե լինի միջազգային կառույցներին դիմելը և ստորագրությունների պատճեններն ու արձանագրությունները ներկայացնելը: Դա, ըստ Գևորգի, նախաձեռնող խմբի օրակարգային հարցերից մեկն է: