Վրաստանից տախտակ է տեղափոխել, Իրանից՝ թմրամիջոց
Շուրջ մեկ տոննա թմրամիջոց փոխադրող բեռնատարն արդեն մեկ անգամ անցել էր Հայաստանի տարածքով: Այն Վրաստանից տախտակ է փոխադրել Իրանի Իսլամական Հանրապետություն: Իրանում տախտակը բեռնաթափել ու հետ էր վերադառնում: Այս մասին «Հետքի» հետ զրույցում հայտնեց Թուրքիայի քաղաքացի Օսման Ուգուրլուի պաշտպան Արտակ Գարոյանը:
Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 17-ին Մեղրիի մաքսատանը Իրանից Հայաստանի տարածքով տարանցիկ դեպի Վրաստան ուղևորվող բեռնատարի զննման արդյունքում ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայության աշխատակիցները հատուկ հարմարեցված թաքստոցում հայտնաբերել են 927 կգ հերոին տեսակի թմրամիջոց:
ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, բեռնատարի վարորդ 1953թ-ին ծնված Վրաստանի քաղաքացի Ավթանդիլ Մարտիաշվիլին ձերբակալվել է:
Հունվարի 18-ին Երևանում ձերբակալվել էր նաև Հայաստանի և Վրաստանի տարածքով տարանցիկ դեպի Թուրքիա նշված քանակության թմրամիջոցի տեղափոխման կազմակերպման մեջ մեղադրվող, 1973 թվականին ծնված,Թուրքիայի քաղաքացի Օսման Ուգուրլուն:
Նրան մեղադրանք է առաջադրվել մաքսանենգության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հոդվածներով: Սակայն Արտակ Գարոյանն ասում է, որ իր պաշտպանյալն իրեն մեղավոր չի ճանաչում ոչ մի հոդվածով: Ավելին, պաշտպանը ողջ ծավալով թմրամիջոցի իրացման մեղադրանքը զավեշտալի է համարում:
«Պարզվել է, որ բեռնատար ավտոմեքենայի թափքում, թմրամիջոց տեղափոխելու նպատակով, դեռևս ամիսներ առաջ, հենց նրա անմիջական մասնակցությամբ, Թուրքիայի տարածքում, նախապատրաստվել է հատուկ հարմարեցված թաքստոց»,- հայտնել էր ՀՀ ԱԱԾ-ն իր տարածած հաղորդագրության մեջ:
Պաշտպան Գարոյանն ասում է, որ սրանով ԱԱԾ-ն իր պաշտպանյալի անմեղության կանխավարկածն է խախտել, քանզի նրա մասնակցությունը կամ հատուկ թաքստոց պատրաստելը դատավճռով չի հիմնավորվել. «Չէր կարելի առանց դատավճռի նման տեսանկյունը համարել փաստ»,- մեզ հետ զրույցում հայնտեց պաշտպանը:
Նա բողոքարկել էր Օսման Ուգուրլուի խափանման միջոց կալանքի որոշումը ՀՀ վերաքննիչ դատարանում, սակայն երեկ վերաքննիչը մերժել է փաստաբանի բողոքը:
Հանրային պաշտպանը գործի վերաբերյալ այլ մանրամասներ հայտնելուց զերծ մնաց, քանզի գործը նախաքննության փուլում է:
Լուսանկարում՝ Օսման Ուգուրլուն, նկարը՝ ՀՀ ՓՊ հանրային պաշտպանի գրասենյակից
Մեկնաբանել