
«Ակունք» համույթը Վանում ելույթ չունեցավ
Հուլիսի 21-23-ը Վանում անցկացվող Մշակութային երգի եւ պարի փառատոնին ներկա էր նաեւ «Ակունք» հայկական համույթը: Քրդերի կողմից կազմակերպող այս փառատոնն առաջին տարին չէ, որ համույթին հրավիրում է մասնակցելու: Սակայն այս տարի քրդերի եւ թուրքերի միջեւ բախումը կասեցրեց փառատոնի վերջին փուլի անցկացումը: Կազմակերպիչները ձերբակալվել էին, իսկ բացօթյա համերգի հրապարակում թուրք զինված ուժերի եւ քուրդ բնակիչների միջեւ տեղի ունեցավ բախում:
Այս մասին այսօր լրագրողներին հայտնեցին «Ակունք» համույթի ներկայացուցիչները:
Փառատոնը բաղկացած էր երեք մասից` քայլերթից, Աղթամար կղզու միջոցառումից եւ բացօթյա համերգից: «Ակունք»-ը փայլուն հանդես եկավ առաջին երկու փուլերում: Բանախոսները փաստեցին, որ Վանի քաղաքապետ, ազգությամբ քուրդ Բեկիր Կոյան արդեն որերորդ անգամ իրենց հատուկ վերաբերմունք է ցուցաբերում, նույնիսկ մեջբերեցին վերջինիս խոսքերը.«Դուք այստեղ ոչ թե հյուրի, այլ տիրոջ կարգավիճակով եք»:
«Ակունք»-ին փառատոնին մասնակցելու համար աջակցություն ցուցաբերած ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Արագած Ախոյանն էլ նշեց, որ Վանի քաղաքապետն իրեն խոստացել է «հաջորդ այցի ժամանակ մեքենայով շրջել հայերի հետ եւ ուսումնասիրել Վարագավանքը, այլ հայկակական պատմական հուշարձանները եւ հնարավորինս վերականգնել դրանք»:
Մեկնաբանել