
Բրիտանուհու կարծիքով` Հայաստանում ապրողները չեն տեսնում երկրի լավ կողմերը
Բրիտանուհի Քեթրին Հոջսոնը (Katherine Hodgson) Հայաստան է տեղափոխվել 2013-ի օգոստոսին: Չնայած նախկինում չի առնչվել հայերի հետ և հայկական ծագում չունի, բայց սովորել է հայոց լեզուն ու այժմ վարժ հայերեն է խոսում:
Երբ հանդիպեցի Քեթրինին եւ սկսեցինք քայլել, նկատելով հարդարված մազերը՝ ասացի, որ գեղեցիկ մազեր ունի: Նա ժպտաց ու ոգևորված սկսեց պատմել վարսավիրների մասին՝ շեշտելով, որ տեղի չոր կլիմայի շնորհիվ մազերը լավ են պահպանվում: Իսկ իր հայրենիքում հիմնականում խոնավ եղանակ է, մազերը հաճախ են խճճվում, վարսավիրի ծառայություններից օգտվելն էլ թանկ հաճույք է: Իսկ Հայաստանում եւ՛ լավ մասնագետներն են շատ, եւ՛ գներն են մատչելի: Քեթրինը ծիծաղելով ասում է, որ Հայաստանում երկու լավ բան կա` վարսավիրները և կլիման:
Քեթրինը հայերեն փոքր-ինչ դանդաղ է խոսում, բայց հստակ ու պարզ: Հայերից շատերն են ձգտում օտար լեզուներ սովորել, բայց հազվադեպ ես հանդիպում մեկին, ով ոչ միայն սիրել է հայերենը, այլև սովորել այն: Նրա համար ոչ այնքան բարդ էր լեզուն յուրացնելը, որքան լեզվի մասնագետ գտնելը: Իսկ հայերենի մասին իմացել է հունարենի միջոցով: Լոնդոնում հունարեն սովորելուց հետո Քեթրինը տեղափոխվել է Հունաստան, աշխատել այնտեղ: Սալոնիկի համալսարանում սովորելու ընթացքում մագիստրոսական թեզը հունական մի բարբառի մասին էր, որով խոսում են Հայաստանի Ալավերդի քաղաքի Մադան գյուղ-թաղամասում: Նա սկսել է հետաքրքրվել հայերենով: Դժվարությամբ գտել է հայերեն դասավանդողի, պարապել է 6 ամիս, ապա վերադարձել Քեմբրիջ: Այստեղ ուսմանը զուգահեռ փորձել է հայերեն պարապել, բայց չի կարողացել դասավանդող գտնել: Նրան հաջողվել է համաձայնության գալ մեկի հետ, ով պատրաստ էր պարապել, բայց ապրում էր Լոնդոնում: Այդ պատճառով էլ Քեթրինն ու իր ուսուցչուհին պարապում էին օնլայն տարբերակով, իսկ ամիսը մեկ անգամ նա գնում էր Լոնդոն` հանդիպելու իր ուսուցչուհուն:
Քեթրինը ցանկանում էր գիտական կոչում ստանալ Քեմբրիջի համալսարանում, սակայն նրան չի հաջողվում կրթաթոշակ ստանալ, քանի որ այստեղ այնքան էլ հետաքրքված չէին հայերենի ուսումնասիրությամբ: Որոշում է մեկ տարով գալ Հայաստան, ավելի լավ յուրացնել լեզուն, շփվել մարդկանց հետ և «սովորել այն, ինչ չի կարող գտնել գրքերում»:
Քեթրինը թվարկում է բազմաթիվ լեզուներ, որոնք ժամանակին սկսել է սովորել, բայց հիմնականում կիսատ է թողել:
«Զարմանալին այն է, որ շատ լեզուներ եմ սկսել սովորել, մյուս լեզուները գնացել են, բայց հայերենը մնացել է,- ասում է Քեթրինը:- Ես էլ եմ զարմանում: Զգում էի, որ անպայման պետք է շարունակեմ սովորել»:
Շաբաթական երկու անգամ նա գնում է Սևանի ճեմարան, որտեղ անգլերեն է դասավանդում: Նաեւ Մայր Աթոռի ինտերնետային կայքի համար հոդվածներ է գրում եւ թարգմանություններ կատարում: Քեթրինը հիշում է, որ աշխատանքի անցնելու համար մի անգամ հանդիպել է կաթողիկոսին: Նա սպասում էր, որ հոգևոր առաջնորդը պետք է իրեն հարցեր տա իր հավատքի և կրոնի մասին, այնինչ կաթողիկոսը հետաքրքրված էր գործնական հարցերով: «Սովորական աշխատանքի հարցազրույց էր»,- ասում է Քեթրինը:
Իսկ երբ Բրիտանիայում իմացել են, որ նա պետք է հոգևորականների հետ աշխատի, ծիծաղով են արձագանքել` մտածելով, որ վերջիններս շատ խիստ կլինեն:
«Հետաքրքիր է, որ շատերը լրիվ նորմալ մարդիկ են,- իր բացահայտման մասին ասում է Քեթրինը:- Ոնց որ սովորական մարդկանց հետ աշխատեմ»:
Էջմիածնում աշխատանքից հետո Հայորդաց տանը Քեթրինը մասնակցում է քանոնի պարապմունքների: Երկու ամսվա ընթացքում հասցրել է հայկական մի քանի ստեղծագործություններ սովորել, որոնցից սիրում է հատկապես «Վաղարշապատի պարն» ու «Սարերի հովին մեռնեմ»-ը: Հավանում է նաև Կոմիտասի և Սայաթ-Նովայի ստեղծագործությունները:
Զարմացել է, երբ Լևոն Շանթի «Հին աստվածները» կարդալուց հետո իմացել է, որ դեպքերը տեղի են ունենում Սևանի վանքում` այնտեղ, որտեղ նա աշխատում է:
«Դեռ չեմ հոգնել Սևանի ճանապարհից, ամեն անգամ տարբեր է, երբեք նույնը չէ», - ասում է Քեթրինը: Իր համար զարմանալի է, որ Հայաստանի նման փոքր երկրի տարբեր շրջաններում բնությունը կարող է այդքան զանազան ու յուրօրինակ լինել: Հայաստանում նրան հիացրել է Գեղարդի վանքը: «Ինձ համար ինչ-որ հատուկ բան կա էնտեղ,- ասում է Քեթրինը:- Ձեզ համար լրիվ հասարակ բան է, որ Երևանի մոտ է, բայց ես դրանից սիրուն տեղում չեմ եղել»:
Խոսելով Հայաստանի մասին՝ Քեթրինը ժամանակ առ ժամանակ հիշում է ծնողներին: Ասում է՝ կցանկանար, որ նրանք գային և իրենց աչքերով տեսնեին Հայաստանը: Երբ վերջերս մի քանի օրով գնացել է հայրենիք, Քեթրինը ծնողների համար պատրաստել է հայկական տոլմա, որը ծնողները հավանել էին:
Քեթրինն այստեղ հեշտությամբ ընկերներ է ձեռք բերել և իրեն բոլորովին օտար երկրում չի զգում: Առհասարակ, Հայաստանի մասին խոսելիս Քեթրինը շեշտում է մարդկանց ջերմությունը: Այստեղ մարդիկ անընդհատ հետաքրքրվում են միմյանցով, օգնում են իրար, «հասարակության անդամներն իրար հետ կապի մեջ են, ինչը մարդու բնական վիճակն է»:
«Գիտեմ, որ գործազրկության խնդիր կա, բայց եթե կարողանաս քո աշխատավարձով ապրել, լավ երկիր է»,- ասում է Քեթրինը: Այնուհետև նշում է, որ իրականում ոչ բոլորը կարող են այդպես ապրել. տեսնում է, թե որքան են մարդիկ հոգնում, մի քանի տեղ աշխատում, որպեսզի ապրեն, ազատ ժամանակ քիչ են ունենում: Եվ այդ նույն գործազրկության ու սոցիալական պայմանների պատճառով շատերն արտագաղթում են: Սոցիալական խնդիրների մասին խոսելիս Քեթրինը մի դիտարկում է անում, որ մի շարք երկրներում, որտեղ սոցիալական վիճակը նման է Հայաստանին, մարդիկ այսչափ չեն արտագաղթում: Քեթրինը դա բացատրում է հայերի հետաքրքրվող ու անհանգիստ բնավորությամբ: Նրա կարծիքով` հայերը միշտ մտածում են, որ գուցե ուրիշ տեղ ավելի լավ լինի, ուզում են իմանալ՝ ինչպիսին է կյանքն այլ երկրներում և անընդհատ փնտրտուքների մեջ են:
«Էստեղի մարդիկ իրենց երկրի լավ կողմերը չեն տեսնում,- ասում է Քեթրինը:- Ամեն տեղ էլ պրոբլեմներ կան»:
Չնայած Քեթրինը նախատեսել էր Հայաստանում մնալ մեկ տարի, բայց դեմ չէր լինի ավելի երկար ապրել այստեղ: Չի բացառում, որ եթե հանդիպի լավ տղայի, վերջինիս հետ կամուսնանա: Նրա կարծիքով` հայ տղամարդիկ ուշադիր են և, ի տարբերություն պոռթկուն հույների, ավելի հանգիստ են:
Այժմ Քեթրինի՝ Հայաստանում մնալը կախված է Փարիզից ակնկալվող պատասխանից: Իր լեզվաբանական հետազոտությունների ժամանակ Քեթրինը երկու գիտական աշխատանք է գրել հայոզ լեզվի մասին: Դրանցից մեկն առաջարկել են տպագրել հայկական ամենամյա գիտական ամսագրերից մեկում, մյուսը հրատարակելու առաջարկ է արել Փարիզի արևելյան լեզուների և քաղաքակրթությունների ազգային ինստիտուտի հայագիտության բաժնի վարիչ, Փարիզի լեզվաբանների միության նախագահ Անահիտ Տոնապետյանը: Վերջինս Քեթրինին առաջարկել է նաև դոկտորական պաշտպանել իր մոտ և ուսումնասիրել հայերենի բարբառները, քանի որ իրենք ցանկանում են հայերենի բարբառների քարտեզ կազմել: Եթե առաջարկն ուժի մեջ լինի, Քեթրինը Հայաստանում կանցկացնի ևս մի քանի տարի:
Մեկնաբանություններ (6)
Մեկնաբանել