HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դանիել Իոաննիսյան

Ճանապարհային քարտեզի մութ կողմերը

Փետրվարի սկզբին ՀՀ կառավարությունը վերջապես հրապարակեց Մաքսային միությանն անդամակցելու ճանապարհային քարտեզը և դրա իրականացման գործողությունների ժամանակացույցը:

250 դրույթ պարունակող այդ փաստաթուղթը բազմաթիվ անակնկալ բացահայտումներ արեց:

Անակնկալներ

Այսպիսով, պարզվեց, որ Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությունը ենթադրում է նաև գործողություններ, որոնք որևէ կապ չունեն Մաքսային միության տրամաբանական գաղափարի հետ:

Օրինակ՝ հայտնի դարձավ, որ Հայաստանը պիտի ռեադմիսիայի պայմանագրեր ստորագրի ՄՄ անդամ երկրների հետ: Պարզվեց նաև, որ Երևանը պիտի Մոսկվայի հետ համաժամանակացնի իր դրամավարկային քաղաքականությունը և այլն… Այսինքն՝ մի շարք գործառույթներ, որոնք որևէ կապ չունեն զուտ Մաքսային միության հետ, և որոնց առաջիկայում անպայման կանդրադառնանք:

Սակայն այժմ եկեք քննարկենք ճանապարհային քարտեզի և դրա ժամանակացույցի չգրված կամ չհրապարակված հատվածները:

Գաղտնի դրույթնե՞ր

Ինչպես հիշում եք, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամլո ծառայությունը դեռ շաբաթներ առաջ մեկնաբանել էր   ճանապարհային քարտեզի չհրապարակման շուրջ ստեղծված իրավիճակը: Մեկնաբանության վերջում ԵՏՀ մամլո ծառայությունը հայտնել էր, որ «բոլոր հետաքրքրված անձինք կկարողանան ծանոթանալ ճանապարհային քարտեզի բովանդակության հիմնական մասին այն ժամանակ, երբ հայ մասնագետները ավարտեն «ճանապարհային քարտեզի» իրագործման գործողությունների ծրագրի նախապատրաստման աշխատանքները»:

Այսինքն, խոսքը ոչ թե դրա ամբողջական բովանդակության, այլ բովանդակության մի (թեկուզ և հիմնական) մասի մասին էր: Դրանից կարելի է հետևություններ անել, որ ճանապարհային քարտեզի մի մասը դեռ գաղտնի է:

Ո՞ւր է ամենակարևոր դրույթը

Այստեղ հարկ է ընդգծել, որ հրապարակված ճանապարհային քարտեզում և դրա գործողությունների իրականացման ժամանակացույցում բոլոր գործողություններն ունեն հստակ վերջնաժամկետներ: Այդ գործողությունների մի մասը անդամակցությունից հետո պիտի արվի, մի մասն էլ` անդամակցությունից առաջ: Եվ դրանք բոլորն ունեն օրերով ամրագրված վերջնաժամկետներ... Բոլորը, բացի ամենակարևորից` անդամակցությունից:

Կարծում եմ՝ ընթերցողը կհամաձայնվի, որ գործողությունների ժամանակացույցի ամենակարևոր դրույթները անդամակցության մասին համաձայնագրի ստորագրման ու անդամակցության ամսաթվերն են: Ի վերջո, ի՞նչ ճանապարհ, երբ ճանապարհային քարտեզիդ վրա կան միջանկյալ կետերը, իսկ վերջնակետը անորոշ է:

Համադրելով սա ԵՏՀ մամլո ծառայության` ճանապարհային քարտեզի որոշ դրույթներ չհրապարակելու հանգամանքը չբացառող մեկնաբանության հետ՝ ակնհայտ է դառնում, որ ճանապարհային քարտեզը ունի առնվազն երկու չհրապարակված կետ.

1. Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի հետ Մաքսային միությանը Հայաստանի միանալու մասին միջազգային պայմանագրի ստորագրում,

2. Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի հետ Մաքսային միությանը Հայատանի անդամակցություն:

Հ.Գ. Թարգմանչական աճպարարություն

Հանրությանն արդեն հայտնի են դեպքեր, երբ պետական մարմինները որևէ փաստաթուղթ թարգմանելիս որոշ դրույթներ վերափոխում են կամ պարզապես «կուլ են տալիս»: Դա եղել է Վենետիկի հանձնաժողով ուղարկված փաստաթղթերի, ԿԸՀ որոշումների և անգամ հայ-թուրքական համաձանագրերի պարագայում:

Ուստի, քանի դեռ չի հրապարակվում նախագահների ստորագրությամբ ճանապարհային քարտեզը օրիգինալ (ռուսերեն) լեզվով, մենք չենք կարող համոզված լինել, որ կառավարության հրապարակած և Մոսկվայում ստորագրված ճանապարհային քարտեզները նույնական են:

Մեկնաբանություններ (1)

Գեւորգ
Դանիել ջան! Եթե ջահել չլինեիր, գլխի կընկնեիր որ ստալին պապի սովետն ենք սարքում նորից, քարտեզ-մարտեզը դատարկ թղթեր են, սրա-նրա աչքին երեւացնելու համար: Ուժ, փող, բանակ, գաղտնի բազար, սրանցով է պայմանավորվում իրական քաղաքականությունը: Մեզ եթե հնարավորություն տան մեր հողի վրա քայլենք, պիտի բարեբախտություն համարենք: Ինձ թող ներեն այլ կարծիք ունեցողները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter