
«Ձուն տրակտոր չի, որ չկարողանանք արտադրել, ներկրելը ամոթ է»
Պետեկամուտների կոմիտեից «Հետքին» տեղեկացնում են, որ 2013թ. դեկտեմբեր ամսվա ընթացքում Ուկրաինայից Հայաստան է ներկրվել 3794.4 հազար հատ ձու, իսկ Իրանից` 1201.0 հազար հատ: Այս տարվա հունվար ամսին Բուլղարիայից ներկրվել է 338.4 հազար հատ ձու, իսկ Ուկրաինայից` 324.0 հազար հատ:
Հայաստանի թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ հավասար մրցակցային պայմաններ չեն ստեղծվում տեղական եւ ներկրված ձվերի համար, քանի որ շուկայում վաճառվող ներկրված ձվի որոշ խմբաքանակի պիտանիության ժամկետը երկու ամիս է, մինչդեռ բոլոր ստանդարտներով ձուն 25-րդ օրը արդեն սննդի մեջ չպետք է օգտագործվի: Տեղական արտադրողները պահպանում են 25-օրյա ժամկետը եւ հայտնվում «խոցելի» վիճակում:
Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանն էլ ասաց, որ իրենց գրասենյակում կա Ուկրաինայից ներկրված ձվի նմուշ, որի պիտանիության ժամկետը 2 ամիս է (հունվարի 12-ից մինչեւ մարտի 12-ը), ինչը ոչ մի չափանիշով հնարավոր չէ պատկերացնել: Ըստ նրան՝ այդպիսի մակնշում չպետք է լինի, քանի որ ձուն 25 օրից ավել չի կարող ունենալ պիտանիության ժամկետ: Սպառողների իրավունքների պաշտպանը ենթադրում է, որ տոներից առաջ մեծ քանակությամբ ձու է ներկրվել, չի սպառվել, եւ հիմա այդ ձուն է վաճառվում խանութներում:
Նշենք, որ շուկայում վաճառվող ուկրաինական արտադրության երկամսյա ժամկետ ունեցող ձվերի խնդրով զբաղվում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության տեսչությունը: Երեւանի որոշ խանութներից հանվել են պիտանիության երկամսյա ժամկետ ունեցող ձվերը, սակայն, ըստ մամուլի հրապարակումների, այդ ձվերը տեղափոխվել են մարզերի խանութներ:
Արմեն Պողոսյանի խոսքով՝ տեղական արտադրողները սկսում են բողոքել, քանի որ մրցակցությունից դուրս են հայտնվում: Սպառողների իրավունքների պաշտպանը տեղեկացրեց, որ ձու արտադրող մի քանի ընկերությունների ներկայացուցիչներ իրեն դժգոհել են, որ տեղական ձվի սպառումը նվազել է, եւ ավելցուկ է առաջանում, քանի որ ներկրված ձուն համեմատաբար մատչելի է:
«Մեր պետությունն իր տնտեսական քաղաքականությամբ ամեն ինչ պետք է անի, որ օգնի մեր արտադրողին: Ձուն տրակտոր չի, որ չկարողանանք արտադրել, ներկրելը ամոթ է: Մենք եղել ենք ձու արտահանող երկիր, հիմա դարձել ենք ներկրող երկիր: Այս ճյուղին (եւ ոչ միայն այս ճյուղին) բավարար ուշադրություն չի դարձվում: Օգնություն է պետք, իսկ օգնությունը փող տալը չէ, այն կարող է տարբեր ձեւերով դրսեւորվել՝ մեթոդական եւ այլն: Հավի մսի 65 տոկոսն էլ է ներկրվում, եւ սա այն դեպքում, երբ տեղական արտադրությունները պարապուրդի մեջ են»,- ասում է Արմեն Պողոսյանը:
Նշենք, որ ձվի ներկրմամբ զբաղվում են մի քանի ընկերություններ, այդ թվում՝ ՀՀԿ-ական պատգամավոր Արման Սահակյանի հիմնադրած ընկերությունը՝ «Սովռանո» ՍՊԸ-ն: Հունվար ամսին Բուլղարիայից ձու է ներկրել նաեւ «ՍԱԼՏ» Լ(Տ)Ը-ն: Այս ընկերություններից պարզաբանումներ ստանալ չհաջողվեց: Աշխատակցուհիները միաբերան նշում էին, որ պատասխանատուները տեղում չեն:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել