HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անցել է 14 տարի. զինվորի մահվան համար որևէ մեկը չի պատժվել

Լուսանկարի տղամարդը ազատամարտիկ Վարդան Հակոբյանն է, ով «Հետքին» պատմեց իր ողբերգության մասին. «15 տարի առաջ որդուս հանգիստ խղճով ուղարկեցի հայոց բանակ ու ետ ստացա նրա դին: Երբեք չէի մտածի, որ Արցախի պատերազմում ադրբեջանցու գնդակից չզոհված մարդը տարիներ անց որդուն կճանապարհի անկախ Հայաստանի բանակ՝ ծառայության, ու նրան սպանված կվերադարձնեն ինձ»:

1999 թվականին ազատամարտիկ Վարդան Հակոբյանի որդին՝ Արման Հակոբյանը, զորակոչվել է հայոց բանակ, ծառայել Հորադիզի զորամասում: Մոտ մեկ տարի անց՝ 2000թ. սեպտեմբերի 25-ին, զինվորի դին՝ ճակատային մասում հրազենային կրակոցով, տեղափոխել են Երևան: Հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի՝ ինքնասպանության դրդում հատկանիշներով: Ըստ նախաքննության վարկածի` Արմանը ինքնասպանություն է գործել հենակետում: Սակայն, ինքնասպանության վարկածին Հակոբյաններն ի սկզբանե չեն հավատացել, քանի որ նախ՝ անզեն աչքով էլ տեսանելի են եղել որդու մարմնի կապտուկներն ու բռնության հետքերը, երկրորդ՝ զենքի վրա չեն եղել մատնահետքեր. «Մինչև հիմա չեմ հասկանում՝ ինչպես կարող է մարդ ինքն իրեն կրակել ճակատի մասում, ապա մաքրել մատնահետքերը: Կարո՞ղ է մի իրավաբան ինձ բացատրել: Դա դեմ է անգամ առողջ տրամաբանությանը, աբսուրդ է»:

Ծանոթացա դատաբժշկական փորձաքննության արդյունքներին. առկա են եղել անգամ վերջույթների կոտրվածքներ: Մահացած զինվորի մայրը՝ Կարինե Գրիգորյանը, պատմում է, որ տարբեր մարդիկ իրեն ասել են, որ Արմանին երեք օր շարունակ այնքան են ծեծել, որ նույնիսկ նրա մոտ հոգեկան խեղման նշաններ են սկսել նկատվել: Այս ամենաթողության մեջ տիկին Կարինեն մեղադրում է զորամասի հրամանատարական կազմին: «Դեմքն անգամ ամբողջովին այլանդակված էր: Ես զարմանում եմ՝ փորձաքննությամբ հաստատվել է, որ երեխային մոտ 3 օր ծեծել են, արդյո՞ք հրամանատարներից, պատասխանատուներից որևէ մեկը չի տեսել Արմանի վիճակը: Եթե կարգ ու կանոն լինի բանակում, բռնության, առավել ևս՝ սպանության դեպքեր չեն լինի»,- համոզված է մահացած զինվորի մայրը:

Նախաքննությամբ ապացուցված է համարվել, որ Արման Հակոբյանին ծեծել են Գարիկ Հովհաննիսյանը՝ Պիսր մականունով, և Արշակ Շահբազյանը՝ Բիձա մականունով: Սակայն Հակոբյանները նշում են, որ այս փաստն անգամ բավարար չի եղել քրեական գործը դատարան ուղարկելու համար: Հակոբյաններն ու նրանց փաստաբանը առաջ են քաշել սպանության վարկածը: Արմանի հագին եղել է այլ զինվորի հագուստ, գլխարկ, հագին՝ ուրիշի կոշիկ ու գուլպա, մյուս ոտքին ոչինչ չի եղել: Այս բոլոր «ինչու»-ների պատասխանները, սակայն, մինչ օրս չունեն զինվորի ծնողները:   

Այս գործով հետաքննությունը երկու անգամ բացվել ու փակվել է, կասեցվել՝ հանցագործություն կատարած անձանց անհայտ լինելու պատճառաբանությամբ: Թեև 88 վկա է հարցաքննվել, ըստ նախաքննության ներկայացրած տեղեկատվության, սակայն այդպես էլ պարզ չի դարձել հանցագործությունը կատարողների շրջանակը: «Ես զրուցել եմ շատերի հետ, ովքեր հարցաքննվել են, նրանց ծնողների հետ, վախեցած պատմում էին, որ  անգամ ավտոմեքենա են տվել, որ այլևս իրենց չանհանգստացնի նախաքննությունը»,- «Հետքին» պատմեց ազատամարտիկը:

Վարդան Հակոբյանն ասում է, որ այս 14 տարիներին ստիպված վարել է իր սեփական հետաքննությունը, զրուցել այդ օրը հենակետում գտնվող զինվորների ու նրանց հարազատների հետ, անգամ գաղտնի ձայնագրություններ կատարել, որպեսզի պարզի եղելությունը: Սակայն, երբ մահացած զինվորի հայրը շատ է առաջ գնացել իր սեփական հետաքննության մեջ, նրան փորձել են մեղադրանք առաջադրել առևանգման հատկանիշներով, իբր նա փորձել է ճնշում գործադրել դեպքի մասին տեղեկատվություն ունեցող անձանց վրա: Վարդան Հակոբյանը վստահ է, որ համակարգը պարզապես այդպիսով փորձել է իրեն ճնշել, որպեսզի հրաժարվի սեփական հետաքննությունը վարելուց՝ հանուն ճշմարտության բացահայտման:  

Վարդան Հակոբյանը բազմաթիվ ատյանների է դիմել՝ լրացուցիչ նախաքննության, վարույթի վերաբացման պահանջով, սակայն պատասխանները կրկնում են մեկը մյուսին՝ գործը կասեցվել է հանցագործություն կատարած անձանց անհայտ լինելու հիմքով: «Ստացվում է փակ շղթա: Երկրի նախագահին նամակ ես գրում, պատասխանը ստանում ես այն մարմնից, որից դու դժգոհում ես, որի հետ պրոբլեմ ունես: Արդեն չգիտեմ՝ ում գրեմ, որտեղ ներկայացնեմ այս փաստերը, որ իմ տղան սպանվել է, իսկ մեղավորները պատասխանատվություն չեն կրել»,- ասում է զինվոր Արման Հակոբյանի հայրը:   

Մեկնաբանություններ (1)

RENA
inqnadatastan sa e miak cajrahex tarberaky ajs anoren erkrum!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter