«Պարոն Ջհանգիրյանի պնդումը ցինիզմ կարելի է որակել». ցմահ բանտարկյալ
1997 թ.-ին մահապատժի դատապարտված (2003 թ.-ից ՀՀ նախագահի հրամանագրով՝ ցմահ ազատազրկում) նախկին շարքային զինվոր Արթուր Մկրտչյանն արձագանքել է նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի՝ «Հետքին» տրված հարցազրույցին, որտեղ վերջինը խոսել է նաև Արթուր Մկրտչյանի քրեական գործի մանրամասներից ու հայտնել իր տեսակետները:
«Նախորդ ամիս «Նուբարաշեն» ՔԿՀ այցելեց և իմ հետ հարցազրույց ունեցավ «Հետք» կայքի լրագրողուհի Զարուհի Մեջլումյանը։ Նա ուսումնասիրության էր վերցրել իմ նկատմամբ հարուցված քրեական գործը, որի հիման վրա 1997 թ-ին ինձ մահապատժի էին դատապարտել և «Հետք» կայքում հոդվածաշարով ներկայացրել էր, թե ինչպիսի «արդարադատություն» է իրականացվել 90-ականներին, երբ մարդկանց գնդակահարության էին դատապարտում։
Ինձ վրա «ջարդված» այդ քրեական գործն այն աստիճան կեղծ և շինծու է, որ բացի դատախազությունից, բոլորը համոզվել են դրանում՝ ծանոթանալով քրեական գործի նյութերին։
Եվ ահա մի քանի օր առաջ տեղեկացա, որ «Հետք» կայքում տեղադրվել է նաև հարցազրույց նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի հետ, ով, անդրադառնալով տվյալ սպանություններին, հիմնվելով իր ունեցած օպերատիվ տվյալների վրա, իր համոզմունքն է հայտնել, որ այդ հենակետում եղել են նաև այլ անձինք, և սպանությունների ժամանակ նրանց այդտեղ գտնվելը կապված է զենքի վաճառքի հետ։
Սա ինքնին ցնցող հայտարարություն է, քանի որ շուրջ 10 տարի զինդատախազությունը ղեկավարած անձը, ըստ էության, փաստում է, որ այն մեղադրական եզրակացությունը, որում ներկայացված էին հանցագործության դրդապատճառները, սպանության կատարման մեխանիզմն ու շարժառիթները, տեղի ունեցած իրադարձությունների ընթացքը, այդ ամբողջ քրեական գործն ու մեղադրանքը, որով ՀՀ գերագույն դատարանը՝ Սերժիկ Ավետիսյանի նախագահությամբ, հիմնավոր համարեց և ինձ մահապատժի դատապարտեց՝ կեղծ էր և հորինված նախաքննությունն իրականացնող մարմնի կողմից, իսկ իմ տված ցուցմունքներն անծանոթների և զենքի վաճառքի մասին արժանահավատ էին։
Այժմ ուզում եմ անդրադառնալ պարոն Ջհանգիրյանի հետևյալ այրտահայտությանը. «Ճիշտ է, իմ համոզմամբ, Արթուրը չի կատարել բոլոր հինգ զինվորների սպանությունը, բայց այն երեք սպանությանը նա մեղսակից է»։
Ես հասկանում եմ նաև այս ասվածի կոնտեքստը: Անհնար համարելով պաշտպանել ակնհայտ կեղծ մեղադրանքը՝ պիտի գոնե ինչ-որ կերպ բացառվեր իմ լրիվ անմեղությունը և որոշակիորեն արդարացվեր իմ՝ մինչ օրս՝ շուրջ 18 տարի, կալանքի տակ գտնվելու փաստը, քանի որ պարոն Ջհանգիրյանը, 10 տարի ղեկավարելով զինդատախազությունը, չէր բարձրաձայնի, որ այդ սպանությունները չկատարած մարդուն թողել են բանտում և մոռացության մատնել, չնայած որ ակնհայտ էր գործի սարքված սցենարի փաստը։
Բայց և այնպես, ստիպված եմ հիշեցնել պարոն Ջհանգիրյանին գործում առկա համալիր փորձաքննության արդյունքների մանրամասները։
Այսպիսով, համալիր փորձաքննության արդյունքները փաստում են, որ ինչպես որ խրամատում սպանված երկու տղաներն են սպանվել երկու տարբեր զենքերից, այնպես էլ բլինդաժում սպանված զինվորներն են սպանվել են երկու տարբեր զենքերից, իսկ ընդհանուր առմամբ հինգ զինծառայողները սպանվել են երեք տարբեր զենքերից, որոնցից մեկն էլ մինչ օրս չի հայտնաբերվել։ Ոչ մի զենքի վրա չեն եղել իմ մատնահետքեր, իսկ իմ մոտից առգրավված ինքնաձիգից ընդհանրապես կրակոց չի արձակվել։
Այս ամենը փորձաքննության արդյունքներն են, պարոն Ջհանգիրյան։
Նշված հարցազրույցում տեղ գտած պարոն Ջհանգիրյանի այդ արտահայտության կապակցությամբ. «Ես հանդիպել եմ Արթուրի հետ, նա ամեն ինչից տեղյակ էր և պատմեց երեք զինվորների սպանության մասին», նախ հույս ունեմ, նախկին զինդատախազը միտումնավոր չի այսպես «լղոզված» կերպով ներկայացրել այդ հանդիպման բնույթը, որ թյուրըմբռնում առաջացնի ընթերցողի մոտ, բայց և այնպես՝ հստակեցնեմ։
Բնականաբար, ես զինդատախազին ներկայացրել եմ այն, ինչը բարձրաձայնել էի նախաքննության և դատաքննության ընթացքում, այն մասին, որ այդ իրադարձությունների ժամանակ ես, գտնվելով բլինդաժի տարածքում, պատկերացում չունեմ, թե ինչ է կատարվել խրամատում, որտեղ սպանվել էին տղաներից երկուսը, և որոշ չափով ականատես եմ եղել բլինդաժի մոտ կատարված իրադարձություններին, որտեղ սպանվել էին տղաներից երեքը, և այդ ամենը արձանագրված է դատական փաստաթղթերում:
Դե՛, իսկ պարոն Ջհանգիրյանի պնդումը, որ, իբր թե, ես չեմ ցանկացել, որ գործը բացահայտվի և չեմ աջակցել զինդատախազությանը, ուղղակի ցինիզմ կարելի է որակել: Դատախազության անկարողությունը կամ գործը բացահայտելու կամքի բացակայությունն աբսուրդ է վերագրել դատապարտյալին, պարոն նախկին դատախազ։
Պարոն Ջհանգիրյան, ես ուզում եմ հավատալ, որ ձեր հարցազրույցում տեղ գտած արտահայտությունները թաքնված հաղորդումների իմաստ չէին կրում, այլ բարձրաձայնում էր թույլ տված սխալ քննության մասին: Ուստի ելնելով վերը նշվածից՝ թեկուզ և ձեր իսկ կողմից բարձրաձայնված համոզմունքների կապակցությամբ, դուք այնքան խիղճ և արդարամտություն կդրսևորե՞ք, որպես Ազգային ժողովի պատգամավոր, գործը վերաբացելու հորդորով գլխավոր դատախազություն դիմելու համար: Եվ այնքան արիություն ու կամք կդրսևորե՞ք, որպես հիմք նշելով նաև այն, որ գործի քննությունն ամբողջովին կեղծ է եղել և դուք ձեր պաշտոնավարման տարիներին անկարող եք գտնվել գործը վերաբացելու և արդարությունը վերականգնելու համար։ Աստված օգնական։
Ես, անարդարության զոհ լինելով, ինձ ամենաահավոր հանցագործն եմ զգում, քանի որ իմ գոյությամբ արդեն 18 տարի է իմ ընտանիքի չդադարող արցունքն եմ դարձել, և սա նաև ձեր «շնորհիվ»։
Եվ վերջում ուզում եմ նշել, որ «Հետք» կայքին տված իմ հարցազրույցի իմաստն այն չէր, որպեսզի մարդիկ կենտրոնանան իմ անձի վրա, և ոչ էլ այն, որ կրկին անգամ վերհիշեմ այն դժոխքը, որի միջով անցել եմ 19 տարեկան հասակում մահապատժի դատապարտվելիս (չնայած, որ դա անգամ 10 կյանքի համար չափազանց էր), այլ՝ ամբողջ իմաստը նրանում էր, որ այլևս ոչ ոք չանցնի այն ճանապարհով, որ ինձ վիճակվեց, որ ամեն ոք այդ տողերը կարդալով տեսներ այն վտանգը, որի մեջ կարող է հայտնվել իր երեխան, իր եղբայրը, ամուսինը կամ հայրը, որ ցանկացած անարդարության դրսևորում համարեր իր դեմ կատարված և պայքարեր դրա դեմ՝ իրեն հասու ամեն եղանակով, չէ՞ որ ամեն չարիք ծնվում և զարգանում է հենց մարդկային անտարբերության և արատավոր էգոիզմի հետևանքով։
Մարդը տուն վերադառնալով, երբ տեսնում է իր երեխայի կարոտով լեցուն աչքերը, գրկում և սիրով ու ջերմությամբ լցվում է նրա հոգին, ամեն ինչի պատրաստ է հանուն նրա, բայց, անկեղծ ասեք, նայելով ձեր երեխային՝ երբևէ ձեր աչքի առաջ եկել են այն երեխայի կարոտով ու ցավով լեցուն աչքերն, ում ծնողն անարդարության հետևանքով բանտարկվել է, կամ այն ծնողի աչքերն ու զավակը, ով զոհ է դարձել մեր իսկ անտարբերության հետևանքով ստեղծված արատավոր բարքերին։
Շատերին այս պարզունակ օրինակը կարող է զգացմունքային թվալ, սակայն հենց այս ամենի բացակայությունն է պատճառ, որ անարդարության ծնած սարսափելի արհավիրքը մարդ ամբողջովին ընկալում է միայն այն ժամանակ, երբ անարդարության խարազանի հարվածը զգում է իր մաշկին։
Պաշտոնյաներին ուզում եմ ասել, երբ դուք եկեղեցի եք այցելում և Աստծուն դիմելով՝ տերունական աղոթքն եք արտաբերում, ապա եկեղեցու սպասավոր Տեր Հորից նախ հարցրեք «Եվ թող մեզ զպարտիս մեր, որպես և մենք թողումք մերոց պարտապանաց» տողերի ամբողջական իմաստը, որպեսզի գոնե Աստծո առջև ձեր խոսքը չիմաստազրկեք։
Աստված մարդուն ստեղծել է արդարադատ և բարի, ու անգամ դատարանները պատիժ նշանակելիս պիտի միմիայն արդար լինեն և բխեն բարության տրամաբանությունից, որ այն ոչ թե մարդուն կործանման տանի, այլ ապաշխարանքի դրդի և ավելի լավը դարձնի, ցանկացած պատիժ կորցնում է իր իմաստը, երբ սխալ արարք կատարած մարդն իրեն զգում է թշնամու կողմից դատապարտված։
Յուրաքանչյուրս մեր մտքում նկարագրենք Հայկ Նահապետի ժառանգ հայ մարդու կերպարն ու ձգտենք նմանվել Հային, ով արժանի է Հայկ Նահապետին, և գործենք միշտ «հանուն» և ոչ թե «ընդդեմ» սկզբունքով, և մեր երեխաներն այդ ժամանակ ավելի լավ երկրում կապրեն»։
Արթուր Մկրտչյան
ցմահ բանտարկյալ
«Նուբարաշեն» ՔԿՀ-ից
Մեկնաբանություններ (10)
Մեկնաբանել