
Գյուղացիները դժգոհ են պարարտանյութի բաշխման կարգից. «Իրենց ֆոկուսը լավ ենք հասկանում»
Գյուղական համայնքներում ցուցակագրում են շուկայականից էժան գներով դիզելային վառելանյութ եւ պարարտանյութ գնել ցանկացող գյուղացիներին:
Համայնքապետարանները համապատասխան գրություններն արդեն փակցրել են մարդաշատ վայրերում, սակայն ակտիվությունն այնքան էլ մեծ չէ. այս սեզոնին գյուղացին գումար չունի եւ կանխիկ գնումներ չի կարող իրականացնել: Արմավիրի մարզի Ակնաշեն համայնքի բնակիչներն ասում են, որ իրենք եւ պարարտանյութի եւ դիզվառելիքի կարիք ունեն, սակայն կանխիկ գումար չունենալու պատճառով չեն կարող ցուցակագրվել:
Ակնաշենցի Սուքիաս Ենոքյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ գումարները հիմա են հավաքում, բայց ապրանքը գյուղացուն փոխանցելու են ավելի ուշ:
«Իրենք գիտեն, թե գյուղացին միամիտ է, բան չի հասկանում, բայց իրենց ֆոկուսը լավ ենք հասկանում: Շուկայականից էժանը 2000 դրամի տարբերությունն է (պարարտանյութի դեպքում), մեկ է պետությունն իրենց փոխհատուցում է այդ գումարը, բերողն էլ իրենք են: Մեզ ցույց տվեցին, որ էժան են բերում: Մենք փող չունենք, որ հիմա առնենք, իրենք էժան վերցնում են դա, հետո ավելի թանկ վաճառում են մեր վրա: Պարարտանյութերն այն ժամանակ են բերում բաժանում, որ գյուղացու ձեռքին գումար չկա»,-ասում է Ս. Ենոքյանը:
Ակնաշենի համայնքապետարանից տեղեկացրին, որ ցուցակագրվողներ կան, սակայն ակտիվությունն այնքան էլ մեծ չէ:
Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն էլ տեղեկացրեց, որ հողօգտագործողներին որպես աջակցություն, պետության կողմից սուբսիդավորմամբ հատկացվելու է 7000 տոննա ազոտական պարարտանյութ՝ 1 պարկը 6000 դրամով, պարկը 7000 դրամով 300 տոննա ֆոսֆորական եւ 200 տոննա կալիումական պարարտանյութ, 2 մլն լիտր դիզելային վառելանյութ՝ 1 լիտրը 350 դրամ արժողությամբ, ինչպես նաեւ 18 տոննա գարու, 6.5 տոննա առվույտի եւ 0.6 տոննա եգիպտացորենի սերմացու:
Արմավիրի մարզպետը եւս հաստատեց, որ վերը նշված ապրանքները գյուղացուն տրամադրվում են նախապես կանխիկ վճարելու պայմանով: «Պրակտիկան ցույց է տալիս, որ ապառիկ վաճառքի դեպքում հնարավոր չի լինում կազմակերպել գումարների հավաքագրումը»,-ասում է Աշոտ Ղահրամանյանը:
Մեկնաբանել