HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նորից զուգարանի մասին կամ զվարճալի հրապարակախոսություն

Վանուհի Թովմասյան. «Ընթերցողը թող չվախենա, որ նորից կշրջանառվի բիոզուգարանի սրտմաշուկ զավեշտը: Սա երևանյան անցած-գնացած հանրային առաջին զուգարանի բացման պատմությունն է, որ բերանացի փոխանցել է «Սովետական գրականության» հանդեսի խմբագիր Ստեփան Կուրտիկյանը: Ծիծաղելով անգիր ասաց ամբողջը և հավաստիացրեց, որ «Խորհրդային Հայաստանում» տպվելուց ուղիղ 24 ժամ հետո Երևանն ունեցավ իր առաջին հանրային զուգարանը: Զարմանալ կարելի է, որ եղել են ժամանակներ մեզ մոտ, երբ գրողի ու հրապարակախոսի ձայնը լսելի է եղել:

Չնայած Լեռ Կամսարն անեկդոտներ չէր գրում,  սակայն շատ ժամանակակիցներ ծայրեծայր պատմում էին ֆելիետոնի բովանդակությունը անգիր: Այստեղից եզրակացություն՝ լուրջ և տխուր բաների մասին պետք է թեթև և զվարճալի գրել, որ շատ չդարդոտես, այլ խնդալով վերցնես ու շտկես իրականության ծուռ փոնթերը...

Ահա 1957թ.-ին ինչ է գրում հեղինակը «Մահափորձ մի հին հեղինակի վրա» ինքնակենսագրական թատերախաղում. «Իսահակյանին, երբ Հայաստան գալուց հետո կարդացի իմ մի քանի անտիպները՝ասաց. «Միայն քո այս գրվածքները կարդալու համար արժեր Հայաստան գալ...»:

Մի այլ անգամ, երբ 4-5 գրողներ հավաքվել էինք «Սովետական Հայաստան» խմբագրատանը և յուրաքանչյուրը նրանցից պատմում էր 30 տարի առաջ գրած ֆելիետոններիս բովանդակությունը նույնությամբ, այդ նույն Իսահակյանը գլուխը տարուբերելով ասաց.«Միայն տաղանդավոր գրողի գրվածքի բովանդակություն ըկարելի է չմոռանալ  30 երկար տարիների ընթացքում...»: Ահա զվարճալի հրապարակախոսության երկու նմուշ...»:

Հազկերտի պատիժ

 Լեռ Կամսար

Ճիշտ չէ հունական այն առածը, որ կըսե.

-Երկրի մը քաղաքակրթությունը իր արտաքնոցեն չափելու ես:

Այս առածով առաջնորդվելու ըլլանք նե, պիտի ըսենք, որ Երևանը քաղաքակրթություն չունի՝ վասնզի արտաքնոց չունի:

Բայց գիտեք, չէ՞, որ Երևանը քաղաքակրթություն ունի ու տրամվայի է հասեր:

Երևանի քաղխորհուրդները տարբեր ժամանակներու մեջ տարբեր հայացք են ունեցեր արտաքնոցներու վրա:

25 թվի Քաղխորհուրդը «միզարան» մը շինել տվավ Ռուսաց եկեղեցու դիմաց, շիփ-շիտակ ճամփիդ վրա՝ այն հրամայականով, որով ըսել կուզեր.

-Անցո՛րդ, պարտավոր ես միզել:

Կամ՝

-Առանց միզելու չանցնե՛լ:

Իսկ ներկա Քաղխորհուրդն իսպառ վերացուց  արտաքնոցին պրակտիկան, առանց սակայն, «որոշումով» մը նախապես վերացնելու մարդկանց «դուրս երթալու» ունակությունը:

Շատ ճշմարիտ է, ես չեմ մեղադրեր Քաղխորհուրդը, արտաքնոց հաճախելը առանձին գովելի բան մը չէ, և մինչև իսկ Կանտի «զուտ բանականություն» ունեցող մարդու համար պակասություն մըն է նման տեղեր երթալը: Ճիշտ է, անգամ դարերու ընթացքին հավատացյալ մարդկությունը իր աստվածներու համար հազարավոր տաճարներ, բայց ոչ մեկ արտաքնոց շինած է, բայց Երևանի բնակչությունը դեռ շատ մեղսոտ է այդ տեսակետեն:

Մեկ ալ, վարչական արգելքները շատ անզոր են նման արմատացած սովորություն մը մեկեն արմատախիլ ընելու համար:

Այդ անիծյալ սովորությունը ունի անգամ իր քմահաճ մոմենտները: Եթե հյուր ես տեղ մը, ուր պետքարանին տեղը չգիտես՝ անմիջապես պետք կզգաս, իսկ հարյուր տոկոսով պետքարանով ապահովված հյուրը՝ բնավ պետք չի զգար: (Տե՛ս «Արգելված պտուղին» թեորիան):

Այդ է պատճառը, որ օտար քաղաքներե Երևան ժամանածները գիտնալով, որ քաղաքն արտաքնոց չունի՝ անմիջապես պետք կզգան:                                                     

Խոսելով Եվրոպայի մասին, պետք է ըսել, որ այնտեղ շատ երկրներու մեջ դեռ արտաքնոցները կպահպանվեն ու առանձին խնամքի առարկա են:

Պատմականին անցնելով, պետք է ըսել, որ արտաքնոցը պատմության մեջ չի ունեցեր իր ուրույն տեղը և չի հիմնավորված պատմականորեն:

Ըսել, թե մարդը բոլոր դարերու մեջ պետքարան է գացեր՝ ատիկա հավանական ենթադրության արժեք միայն կունենա, և յուրաքանչյուր պատմաբան կրնա քեզի դատարան քաշելով «տվյալ» պահանջել:

Բայց ես կրնամ պնդել, որ 5-րդ դարուն արդեն հայ նախարարները ծանոթ էին պետքարանին, ու «Եղիշեն» առած դատարան կերթամ:

Կբանամ պարսից Հազկերտ թագավորի մասին գրած այն գլուխը, ուր վերջինս կամենալով պատժել հայ նախարարները, խնջույքի կկանչե զանոնք, աղեկ մը կկերցունե ու վերջն ալ «խոնջանունս» կկնքե:

Ահա ձեզի գրաբար պատիժ մը, որն այսօր աշխարհաբարի վերածելով Երևանի Քաղխորհուրդը անով կպատժե քաղաքացոց:

Հազկերտի պատիժ չէ՝ յա ի՞նչ է, երբ նույն Քաղխորհուրդը ամեն 100 քայլին ճաշարան մը, ամեն 50 քայլին թեյարան մը, ամեն 10 քայլին սառ ջուրերու կրպակ մը կը բանա, առանց մեկ հատիկ արտաքնոցի...

«Հասարակական սնունդ» առանց «հասարակական» արտաքնոցի՝ է Հազկերտի պատիժ:

Ու ասկե վերջ եթե բժիշկ մը ձեզի լուծողական գրելու ըլլա՝ չընդունեք, ըսեք՝

-Բժի՛շկ, այդ Քաղխորհուրդին գրե, որ նախ արտաքնոցի հարցը... լուծե, որը 1925 թվեն ասդին պնդացեր է Քաղխորհուրդին «օրակարգին» մեջ:

Հարցը հասունացած է, այդ եթե չի լուծվի վերեն՝ ապա կլուծվի վարեն:

1932թ.

Հանդերձյալ կյանքն ու Երեւանի թաղման տրեստը

Եթե քաղաքացիներեն մեկն ու մեկը հետաքրքրվեր է Թաղման բյուրոյի պայմաններովը, կամ ծանոթ է նոր գերեզմանոց տանող ճանապարհին՝ այդ քաղաքացին անկարելի է, որ մեռնի:

Մեռնելու մեջ հաշիվ չի մնացել: Ապրելն հազար անգամ աժան կնստի ներկա պայմաններու մեջ, քան մեռնելը:

Թեև ճշմարիտ է նաև, որ  Տրեստը մահը տնտեսապես մատչելի դարձնելու համար որոշ միջոցներ ձեռք առեր է:

Օրինակ, դագաղին ուղեկցող նվագախումբը բազմաթիվ գիներով նվագել կուտա:

Եթե հարուստ ես և դեպի երաժշտությունը առանձին սեր ունես՝ կրնաս երթալ քաղաքին էն ծայրամասը մեռնել և նվագի համար 300 ռուբլի վճարել: Միջա՞կ տնտեսություն ունիս, եկուր Ալավերդյան փողոցի անկյունը մեռիր ու 250 ռուբլի տուր: Չքավո՞ր ես՝ վար իջիր Շահումյան հրապարակը ու 200 ռուբլի տուր:

Մուզիկան մինչև երկաթգծի կայարանը կնվագե և այդքանը բավական է, ըստ իս: Անդին այնքան քիչ ճանապարհ կմնա, որ մեռելը կարող է քիթին մեջ դնդնացնելով ալ տեղ հասնել՝ իներցիայով:

Ափսոս, չեմ գիտեր, թե մուզիկային բարձր ու ցածր փչելուն մեջ ալ տարբերություններ կա՞ն, թե՞ ոչ:

Արդարությունը կպահանջե, որ ըլլա:

Ինչո՞ւ սաստիկ բարձր ու սաստիկ ցածր երաժշտությունները միևնույն գինն ունենան:

Դագաղակիր ավտոներու գինը Տրեստին պետք է վճարել ժամով, ու ժամն արժե 27 ռուբլի 50 կոպեկ:

Հոս ալ կարելի է օգտվել ըստ կարողության:

Երբ ունևոր ես, պատվիրե քշել շատ դանդաղ: Ամեն քայլին խոսքի բռնվիր քո մեկ հին ծանոթի հետ, սևեռուն հայացքդ աշխարհի վրա գցե վերջին տպավորություններ հետդ տանելու համար: Խորհիր ըրածիդ վրա՝ արդյոք լավ վարվեցար, որ մեռար, թե՞ պետք էր քիչ մը ավելի տոկալ և այլն: Իսկ եթե աղքատ ես, պոռա վարորդին «խոդ» տա ու սլացիր որքան ուժ ունես:

Տրեստին նյութական սպասարկումը, խոսք չկա, գերազանց է, ցայսօր ոչ մի մեռել չի դժգոհեր: Բայց իր բարոյական մասը շատ զգալի կկաղա:

Անիկա չունի հուղարկավորներու կադր. չունի լացող և դամբանախոս: Ասիկա խոշոր բաց մըն է, վասնզի այսօր մեռելին պահանջները այնքան բազմացել են, որ միջակ կարողության տիրոջն անգամ հարկավոր է գեթ հինգ լացող, երկու մազեր փետտող և մի մխիթարող:

Մարդիկ կան, որք կենդանիոք ոչ մի քաղցր խոսք չլսելով, իրենց ամբողջ հույսը մեռելներուն վրա են դրեր:

Անիկա գիտե, որ մարդիկ դեպի կին, երեխան, ազգային փոքրամասնություն, սկսնակ բանածտեղծն ու մեռած մարդը զիջողաբար կվարվին ու անհիշաչար կըլլան:

Տրեստն ունի տարեկան պլան: Տարին 33 հազար ռուբլիի մարդ միայն կթաղի ու պետք է ասեմ՝ միակ հիմնարկն է, որ անաչառ է ու «դախլի տակից» չի թաղում իր խնամիներուն, բարեկամներուն ու ծանոթներուն...

Եթե ճշմարիտ է, որ մարդս մեռնելով կփոխարինե իր անցավոր կյանքը հավիտենականով, ապա ուրեմն նոր գերեզմանոցային մեռյալը կվայելե հավիտենականության կյանքին կեսը միայն: Մյուս կեսը (գուցե և ավելին) կերթա գերեզմանոցային ճամփան կտրելու վրա: Այնքան որ գերեզմանոցը հեռու է քաղաքեն:

Քաղսովետը, բոլոր նշաններեն կերևի, առաջնորդվեր է հունական դիցաբանությամբ իր գերեզմանաշինարարության մեջ:

Ինչպես գիտեք, հին հույները մեռնելով, ստորերկրյա երկար-վտանգավոր ճամփա ունին կտրելու մինչև վերջնական հանգրվան հասնելը: Ստորերկրյա ծովերով ճամփորդել, Տարտարոսն անցնել, կռվել վիշապներու հետ և այլն:

Նույնն է նաև մեր գերեզմանոցին ճամփան, միայն փոխանակ գետնի տակ՝ գետնի երեսին:

Լիճը կա (Թոխմախան): Վիշապներու տեղ կան օձեր, որոնք պակաս ահավոր չեն: Երկու խոշոր տարտարոս-ձորեր, որք պիտի իջնաս ու ելլես: Լայն առու մը, որմե թռչելու ատեն պետք է դագաղակիրներու ուսերեն պինդ բռնես՝ վայր չգլորվելու համար:

Այո, Տարտարոս: Եթե Քաղսովետը կժխտե այս հանգամանքը, ապա թող բարի ըլլա Թոխմախան լիճը վերցնել մեռելին ճամփու վրայեն: Վասնզի մեռել մը հասնելով լճին, երբ տեսնե, թե գերեզմանատունն տակավին չի երևար, հուսահատութենեն կրնա ինքզինքը լիճը ձգել ու... խեղդվել:

Եվ հետո: Ներկա ապերախտ դարուն մեջ, ո՞ր հարազատն է, որ այդ հեռավոր ճանապարհի համար այդքան արցունք ունի թափելու:

Ժամանակը չէ՞ արդյոք լացը մեքենայացնելու:

Վերջապես՝ ի՞նչ երկարեմ, ինձի այս տեսակ գերեզմանոց պետք չէ: Ես եթե մեռնելու պետք ունենամ՝ կերթամ Մոսկվա՝ կմեռնեմ կուգամ:

Փափուկ վագոնով, հանգիստ: Ավելի աժան, ավելի մոտիկ...

1934թ.

Լուսանկարը` mediamax.am-ից

Մեկնաբանություններ (1)

Արմեն Քեշիշյան
Հիանալի հոդված, որի համար շնորհակալ եմ Վանուհի Թովմասյանին: Կարծում եմ, շատերն են միանում Վանուհու արած գործի համար երախտագիտություն հայտնելու: Կամսարին մեր հասարակությանը ներկայացնելու, անտիպները կյանքի կոչելու, Կամսարի մտքերի ու հայրենասիրության անսպառ լույսը և ջերմությունը մեզ հետ կիսելու համար` ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter