
«Կյանքը հեշտ է Հայաստանում, եթե եկել ես Եվրոպայից»,- իտալացի խոհարար
Իտալացի խոհարար Քրիստիան Կազիմիրո Շորտինոն (Cristian Casimiro Sciortino) իր մասնագիտության շնորհիվ հայտնվել է Հայաստանում: Նա համոզված է, որ իր մասնագիտությունն է ընտրել իրեն, ոչ թե ինքը` մասնագիտությունը: 17 տարեկանից, երբ սկսել է խոհարարություն սովորել, հասկացել է, որ դա այն գործն է, որով ինքն իսկապես ուզում է զբաղվել:
Հայաստանում մարդիկ իրենց միայնակ են զգում
Նախքան Հայաստան գալը Քրիստիանը հայ գործընկերոջ հետ աշխատել է Իտալիայում: Երբ վերջինս որոշել է իտալական ռեստորան բացել Երևանում, իտալացի շեֆ-խոհարարին առաջարկել է մի քանի ամսով իր հետ գալ Հայաստան: Այդ ժամանակ Քրիստիանը նաև առաջարկ ուներ գնալ Գերմանիա, որտեղ նախքան այդ աշխատել էր: Բայց որոշեց գալ Հայաստան:
2013 թ.-ի սեպտեմբերին Քրիստիանը եկավ Հայաստան: Մինչեւ գալն անգամ չգիտեր, թե որտեղ է Հայաստանը: Երբ մայրը իմացել է, որ նա մեկնում է Հայաստան, բացասական է արձագանքել: Նա չէր ցանկանում, որ որդին մեկնի մի երկիր, որը գտնվում է «Իրանի, Իրաքի, Թուրքիայի շրջանում»: Քրիստիանն ասում է, որ Իտալիայում իրենք այնքան էլ լավ կարծիք չունեն այս տարածաշրջանի մասին: Աշխատելու համար իրենց համար նախընտրելի են եվրոպական մյուս երկրները, ԱՄՆ-ը, Չինաստանը:
Մի քանի ամիս ապրելով Հայաստանում` իտալացին համոզվել է, որ «Հայաստանը պարզ ու հեշտ երկիր է»: Բացի այդ, նրա համար այստեղ ամեն ինչ էժան է, որովհետև անընդհատ այստեղի գները համեմատում է Եվրոպայի գներին:
«Կյանքը հեշտ է այստեղ, եթե դու եկել ես Եվրոպայից, որովհետև այստեղ վտանագավոր չէ, հանգիստ է, դու խնդիրներ չես ունենում մարդկանց հետ, - ասում է Քրիստիանը,- բայց կարծում եմ` հայերի համար այստեղ դժվար է, որովհետև աշխատավարձերը ցածր են, իսկ կյանքը` թանկ»:
Թեպետ Քրիստիանը չի հասցրել շրջել Հայաստանով՝ բայց նկատել է, որ այստեղ մարդիկ ուրախ չեն, իսկ պատճառները տարբեր են` ընտանիքից սկսած մինչև աշխատանք: «Իմ կարծիքով` մարդիկ կարծում են, որ կառավարությունն իրենց չի օգնում, և իրենք իրենց միայնակ են զգում»,- ասում է Քրիստիանը:
Իտալացի խոհարարը նշանվել է Հայաստանում
Քրիստիանը խոստովանում է, որ Հայաստանը փոխել է իր կյանքը: Այստեղ նա դարձել է ավելի հանգիստ, սկսել է մտածել ոչ միայն իր գործի, այլև ապագայի մասին: Երևանում է նա ծանոթացել իր հարսնացուի` Աստղիկի հետ: Երբ ծնողներին պատմել է, որ այստեղ ծանոթացել և նշանվել է հայ աղջկա հետ, հայրը ուրախացել է: Իսկ մայրը խիստ զարմացել է, որովհետև գիտեր, որ նախքան այդ՝ որդին չէր էլ մտածում լուրջ հարաբերություններ ունենալ որևէ աղջկա հետ:
«Մայրս ասաց, թե ստացվում է`ընկերուհի գտնելու համար դու պետք է գնայիր այլ երկիր,- հիշում է Քրիստիանը,- բայց նա ուրախ է, որ ես եմ ուրախ»:
Իտալացին կարծում է, որ մաֆիան երբեք չի պարտվի
Քրիստիանը Հայաստան է եկել Իտալիայի Ուդինե քաղաքից, որը շուրջ 130 կմ է հեռու Վենեցիայից: Աստղիկն ու Քրիստիանը նախատեսում են մարտին մեկնել Իտալիա` ծանոթանալու Քրիստիանի ընտանիքի հետ: Այնուհետև կրկին կվերադառնան Հայաստան: Քրիստիանն այստեղ արդեն ծանոթացել է իր հարսնացուի ընտանիքի հետ: Քրիստիանի հայրը սիցիլիացի է, և նախքան Ուդինե տեղափոխվելը նրանց ընտանիքն ապրել է Սիցիլիայում: Երբ խոսք գնաց իտալական մաֆիայի մասին, Քրիստիանը նշեց, որ մաֆիայի հետ երբեք գործ չի ունեցել: Սակայն իր հայրը, ով ոստիկան է, առիթ ունեցել է առնչվել մաֆիայի անդամների հետ: Նա հիշում է, որ 12-14 տարի առաջ, երբ իրենք դեռևս ապրում էին Սիցիլիայում, այնտեղ ավելի լուրջ խնդիրներ կային մաֆիայի առնչությամբ, իսկ սպանություններն ավելի շատ էին:
«Կարծում եմ` մաֆիան երբեք չի պարտվի. գուցե մեկ խաղակեսը, բայց ոչ երբեք խաղը», - համոզված է իտալացին:
Նրա կարծիքով` մաֆիան հզոր է ամենուրեք, և մաֆիան է որոշում տվյալ երկրի խաղի կանոնները: Անգամ կես-կատակ, կես-լուրջ ասում է, որ մաֆիան Հայաստանում տաս անգամ ավելի հզոր է, հակառակ որ տեղյակ չէ տեղի անցուդարձին:
Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել