HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ընծա. «Ինձ սնուցող աղբյուրը մանկությունից է գալիս»

«Հետքի» հարցերին պատասխանում է գեղանկարիչ, քանդակագործ Գևորգ Բաբախանյանը: Նա արվեստասերների շրջանում հայտնի է Ընծա գրական մականվամբ:

- Ինչպե՞ս են ծնվում Ձեր նկարները, դրանք ձեր մտքու՞մ են առկայծում, թե կյանքում հանդիպած մարդկանց, բնության պատկերների արտացոլումն են:

-Տեսակետ կա, որ արվեստագետը բնության հայելին է: Դա, իրոք, այդպես է: Կյանքի արտացոլումը քո մեջ, իհարկե, կա, բայց կարևորն այն է, թե դու ի՞նչ հայելի ես, հոգիդ սնուցող աղբյուրը որտեղի՞ց է: Օրինակ՝ ինձ սնուցող աղբյուրը մանկությունից է գալիս: Ինչ-որ մեկը կարող է որևէ փիլիսոփայություն դարձնել իր արվեստի հիմքը, իսկ իմը մանկությունն է, դրա համար անկեղծ է, դրա համար իմ նկարները գրավում են մարդկանց: Չէ՞ որ մենք մանկությունից ենք գալիս, և ամենալավ բաներն այնտեղ են, դրա համար այդ հայելին ես միշտ ուզում եմ իմ մանկության սրբիչով մաքրել: Ինչպես երեխան է բակում խաղում, այնպես էլ ես եմ իմ ներկերի հետ: Ես չեմ նկարում, ես խաղում եմ ներկերի հետ իմ մանկության գույներով, այդքան բան:

-Ձեր վրձնի գործերից կա՞ մեկը, որն առավել հարազատ է և կցանկանայիք առանձնացնել:       

-Ինչպիսին որ Լեոնարդոյի համար եղել է Ջոկոնդա՞ն: Այդպիսի միակը չկա, բայց կա անձը, որն իմ բոլոր նկարներում է, դա է ինձ հարազատ: Երեխան, որը կա իմ նկարներում, նա է ինձ հարազատ:

-Ունե՞ք, արդյոք, պատվիրված աշխատանքներ, ինչպե՞ս եք վերաբերվում արվեստին կոմերցիոն տեսանկյունից: Կարո՞ղ է պատվիրված նկարը նույնքան համոզիչ և ապրող լինել:

-Ընդհանրապես աշխատում եմ հեռու մնալ պատվերներից, շատ քիչ այդպիսի աշխատանքներ ունեմ, բայց հաշվի առնելով, որ նույն Միքելանջելոյի և այլոց շատ-շատ գործեր պատվերներ են, պարզ է դառնում, որ պատվերը կարող է դառնալ արվեստի հզոր գործ, եթե, իհարկե, դա քո սրտով է: Նույնիսկ կարևոր չի, թե ինչ ես անում, կարևորը, թե ինչպես ես անում:

Հանճարեղ քանդակագործ Բեռնինիին ստորացնելու համար Ֆրանսիայի թագավորը պատվիրել էր հերմոֆրոդիտ քանդակել, և արդյունքում դա հանճարեղ գործ է, ներկայումս Լուվրում է: Այնպես որ, կարևոր չի՝ պատվեր է, թե ոչ, կարևորը, թե ինչպես ես ստեղծում այդ գործը:

-Կա տեսակետ, որ ցանկացած սպիտակ թուղթ, մաքուր կտավ իր մեջ պահված պատկեր ունի, և նկարչի առաքելությունն է ընդամենը վեր հանել թղթի միջից այդ պատկերը, համամի՞տ եք այդ տեսակետին:

-Թուղթն ինձ համար նյութ է: Երբեմն ասում են, թե հրաբուխից կամ այլ երևույթից հետո ստեղծվեց աշխարհը, կյանքը: Ես միշտ հարց եմ տալիս, թե անհոգի առարկաներից ինչպե՞ս կարող էր հոգևոր մարդ ծնվել. տրամաբանությունից դուրս բան է, այսինքն՝ սա փաստում է, որ կա Աստված:

Նույն կերպ էլ անհոգի կտավն է, այնտեղ չի կարող հոգի թաքնված լինել: Հոգին քո մեջ է:

-Կա՞ն, արդյոք, մարդիկ ում ուսուցիչ եք համարում:

-Ես միշտ հասկացել եմ, որ ուսուցանող չկա, կա մեկը, ով ուզում է սովորել, իսկ եթե ուզում ես սովորել, ամեն ինչ, ամեն ոք կարող է դառնալ քո ուսուցիչը՝ բնությունը, մրջյունը՝ ամեն ինչ: Մեծ արվեստագետները ևս կարող են լինել ուսուցիչ, իսկ ավելի ճիշտ կլինի ասել՝ հուշարար: Այդ մեծությունները հուշարարներ են, եթե դու ցանկանաս լսել, այնքա՜ն շատ բան են ասում իրենց գործերով: Ինձ համար կա Լեոնարդո դա Վինչի և այլ նկարիչներ, այդպիսին է տարաբաժանումը:

-Ինչպե՞ս է ձեր հոգեվիճակի վրա ազդում շրջակա միջավայրը: Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակն ինչ-որ կերպ արտացոլվո՞ւմ է ձեր ստեղծագործություններում:

-Լեոնիդ Ենգիբարյանն ասում էր. «Մենք պատասխանատու ենք այն ամենի համար, ինչ կատարվում է մեր շուրջը»: Իհարկե, այն, ինչ կատարվում է Հայաստանում, ինձ վրա չի կարող չազդել, բայց իմ ընկերները միշտ ասում են՝ հեռու մնա, հեռու մնա...: Մի կատարյալ վիճակ կա՝ լինել ինչպես նավը ծովում: Դու ջրի մեջ ես, բայց ջուրը քո մեջ չէ: Պետք է լինել այս աշխարհի մեջ, ընկալել, լսել, կարդալ, մասնակցել: Անպայման դու պետք է այդ ամենի մեջ լինես, որովհետև դու քաղաքացի ես, բայց դա քո մեջ պիտի չկրես, հենց քո մեջ ես կրում, քայքայում է՝ ինչպես նավը, հենց ջուրը նրա մեջ լցվեց, քայքայվելու է ու խորտակվի:

Ես վայելում եմ, շատ եմ սիրում իմ երկիրը: Իհարկե, խնդիրներ կան, կլուծվեն: Ամեն ինչ չի, որ վերևներից է գալիս, մենք պետք է մի հատ ներքևից ինքնամաքրվենք:

Ինձ համար հայրենասիրությունը ոչ թե թուրքին ատելն է, այլ այս երկիրը պահելն է: Աղբը մի թափիր գետնին և դրանով դու  հայրենասեր կլինես, թե չէ հեշտ հայրենասիրություն ենք գտել, Մուշն ու Սասունը ավելի ենք սիրում, քան ներկայիս Հայաստանը: Էն Հայաստանը՝ էն Մուշն ու Սասունը պաշտպանելու, գուրգուրելու պետք չունեն, ուղղակի պետք է հեռակա սիրել՝ տարին մեկ անգամ՝ ապրիլի 24-ին, իսկ այս Հայաստանին պետք է գուրգուրանք ու պաշտպանություն:

Մի բանի համար միայն շատ ուրախ եմ, որ մենք հրաշալի երիտասարդություն ունենք, որը բարդույթներ չունի, ատելությամբ լցված չի: Կարծում եմ՝ պետք է նոր էջ սկսի հայ ժողովուրդը՝ շատ ավելի թարմ, հետաքրքիր: Ծերունական այդ հիվանդությունները, որոնք որպես հին ազգ ձեռք ենք բերել, պետք է մաքրենք, երիտասարդանանք: Վախերը Եվրոպայի, աշխարհի հանդեպ անտեղի են: Դա նման է նրան, որ կրիան հպարտանա, թե ինքը չորս հազար տարվա է, բայց չէ՞ որ փաստն այն է, որ նա այսօր հազիվ է քայլում: Պետք է բացվել աշխարհին, մի վախեցեք բացվել աշխարհին:

-Ի՞նչ ծրագրեր ունեք առաջիկայում:

-Ինձ համար չկա՛ անցյալ, չկա՛ ապագա, չկա՛ մահ, չկա կյանք, այդ ամենից ես դուրս եմ, այդ պատճառով հետագա ծրագրերի մասին հարցը պատասխան չունի, ես ի՞նչ իմանամ՝ ինչ կլինի:

 

Զրուցեց Մարինե Բարսեղյանը

Մեկնաբանություններ (3)

Նուբար Ասլանյան
«Ընծա»ն Գեւորգ Բաբախանյանի ոչ թե գրական անունն է(գուցե այսօր՝ նաեւ),այլ,նրա,Երուսաղեմի Ս.Հակոբյանց եկեղեցում ծառայած ժամանակի սուրբ հոր անվանումը` Հայր ընծա:Եկեղեցին գոծուղեց հայր Ընծաին Իտալիա,գեղանկարչության դասընթացների:Ուսումն ավարտելուց եւ երադառնալուց հետո Հայր Ընծան հրաժարվեց եկեղեցականի իր ստատուսից:Գեղեցի՞կ էր...
Վահան
Հետաքրքիր է որ հեղինակը տեղյակ չէր պատմությանը: Կամ վատ է պատրաստվել, կամ էլ Ընծան դրա մասին չուզեց խոսել:
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Ընծա/Գեւորգ Բաբախանյանի նկարները ինձ շա՜տ են հուզում:Այնքա՜ն լավն են: Մանկության աչքերով նկարված նկարներ՝ որ մինչև հոգուդ խորքը գնում են ու քեզ ստիպում լինել լրիվ ազնիվ՝ ինքդ քո հանդեպ: Մեծ որոշումներ կայացնելու պահին նայիր Ընծա- ի նկարներին: Այս տղան մեծ տաղանդ է: Ես իր գոնե 1 նկար պիտի՛ ունենամ: ՀԳ. Լավ կլինի, որ Ընծա- ի օրինակին շատերը հետևեն ու անցնեն աշխարհիկ կյանքի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter