HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Մշակույթի նախարարությունը «Գառնի» արգելոցը վերածում է հացատան

«Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանը այցելուներին ներկայանում է անխնամ վիճակում· դեպի հեթանոսական տաճար տանող ճանապարհն անբարեկարգ է, արքունական բաղնիքի խճանկարը վնասված է, հարակից շինությունների պատերը խարխլվել են, եւ քարերը թափվում են, թանգարանային ցուցադրությունը բացակայում է եւ այլն: «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը ոչինչ չի նախաձեռնել պատմամշակութային արժեքները պահպանելու եւ արգելոցի տարածքը բարեկարգելու ուղղությամբ:

Դեռեւս երեք տարի առաջ մամուլն ահազանգեց գիտական-գեղարվեստական մեծ հետաքրքրություն ներկայացնող 3-րդ դարի Արքունի բաղնիքի խճանկարի քանդվելու մասին. ձմռան հալոցքներից ջուրը ներծծվելով քանդում է դիցաբանական բովանդակությամբ խճանկարը, որը նախաքրիստոնեական Հայաստանի մոնումենտալ գեղանկարչության եզակի հուշարձաններից է: Մինչ օրս ոչինչ չի ձեռնարկվել վթարային վիճակը վերացնելու եւ խճանկարը փրկելու համար:

«Խճանկարի վերաբերյալ համապատասխան նախագիծ կպատվիրվի, կներկայացվի լիազոր մարմնի գիտամեթոդական խորհուրդ ու քննության կառնվի: Համապատասխան դրական եզրակացությունից հետո կսկսվեն վերականգնման  աշխատանքները»,- մեր հարցմանը պատասխանել է ՊՈԱԿ-ի տնօրեն Վլադիմիր Պողոսյանը: Տնօրենը բացատրություն չի ներկայացրել, թե ինչու անցնող երեք տարիներին ոչինչ չի նախաձեռնել խճանկարը փրկելու ուղղությամբ:  

Արգելոցի տարածքում դեպի տաճար տանող ճանապարհի բազալտե սալահատակը, մեղմ ասած, անմխիթար վիճակում է: ՊՈԱԿ-ի տնօրենը համաձայն է մեզ հետ: «Այո, դա անհարմարություն է ստեղծում այցելուների համար: «Գառնի» արգելոց-թանգարանի տարածքում տեղադրվելիք սրճարանից ստացված եկամուտների մի մասով բարեկարգում  կիրականացնենք»,- դարձյալ խոստանում է Վ. Պողոսյանը: Ավելին, վերը նշած բոլոր խնդիրների լուծումը ՊՈԱԿ-ի տնօրենը պայմանավորում է արգելոցի տարածքում սրճարան կառուցելով: «Հասույթից ստացված եկամուտները կնպատակաուղղենք դեպի տաճար տանող բազալտե սալահատակի, հուշարձանի տարածքի բարեկարգմանը, հեթանոսական տաճարի բեկորների ցուցադրության կազմակերպմանը, տաճարի բաղնիքի հատակի խճանկարի վերականգնմանը»,- ասում է ՊՈԱԿ-ի տնօրենը:

Ընթերցողի մոտ կարող է տպավորություն ստեղծվել, թե պատճառը ֆինանսական խնդիրներն են, որ մշակույթի նախարարությունը՝ ի դեմս համապատասխան ՊՈԱԿ-ի, աշխատանքներ չի ձեռնարկել «Գառնի» արգելոց-թանգարանի տարածքը բարեկարգելու եւ պատմամշակութային արժեքները պահպանելու համար: «Գառնի-Գեղարդը» տուրիստական գործակալությունների ամենապահանջված երթուղիներից է: Հայաստանի մեկ տասնյակից ավելի տուրիստական գործակալություններին արված մեր հարցման արդյունքներով՝ անգամ երկու օրով Հայաստան այցելած զբոսաշրջիկը, եթե շատ բան տեսնելու հնարավորություն չունի, գոնե Գառնի-Գեղարդ եւ Սեւան այցելում է: Մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տվյալներով՝ 2013թ. «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանը մոտ 200 հազար այցելու է ունեցել, եւ ստացված եկամուտը կազմել է 86 մլն 472 հազար դրամ: 

Կուզենայի կասկածի տակ չառնել ՊՈԱԿ-ի ներկայացրած այցելուների թիվը, սակայն նույն թվականին Հայաստան այցելած զբոսաշրջիկների թվաքանակի վերաբերյալ պաշտոնական աղբյուրների հայտարարած թվերի վերլուծությունն ինձ այլ բան է ասում: Էկոնոմիկայի նախարարության տվյալներով՝ 2013թ. հունվար-սեպտեմբերին Հայաստան է ժամանել 677,906 զբոսաշրջիկ, «Ավենյու Քոնսալթինգ գրուպ» ընկերության տվյալներով` ավելի քան 700,000 զբոսաշրջիկ, որի 73%-ը եվրոպական եւ արտասահմանյան այլ երկրներից է: Համարենք, որ պաշտոնական վիճակագրությունն ուռճացված է, անգամ այդ դեպքում, եթե մեր թվաբանության համար հիմք ընդունենք ներկայացվածի կեսն անգամ, հարկադրված եմ կասկածի տակ առնել ՊՈԱԿ-ի ներկայացրած եկամուտները:

Այնուամենայնիվ, մոտ 86,5 մլն դրամը փոքր գումար չէ եւ հետաքրքիր է, թե դրանից որքան է ներդրվում «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում՝ բացառությամբ 10 աշխատակիցների աշխատավարձը, որն ամենակոպիտ հաշվարկներով տարեկան 15 մլն դրամից չի անցնում (3-ը սեզոնային աշխատողներ են եւ ընդգրկվում են մայիս-հոկտեմբեր ամիսներին): «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վլադիմիր Պողոսյանը մեր հարցմանը պատասխանել է, որ ոչ միայն «Գառնի», այլեւ մյուս արգելոցներից ու արգելոց-թանգարաններից ստացված եկամուտները տնօրինում է ընդհանուր սկզբունքով: Թվարկվում են ծախսեր, որոնցից գրեթե ոչ մեկը «Գառնի պատմամշակութային արգելոց-թանգարանին» չի վերաբերում. գումարները ծախսվել են ՊՈԱԿ-ի 25-ամյակին նվիրված գիտաժողովի, հրատարակությունների եւ տպագրության համար, պատմական միջավայրի պահպանության (ՊՄՊ) մարզային ծառայությունների համար ձեռք են բերվել երեք տրանսպորտային միջոցներ, տարվա ընթացքում 180 աշխատակիցների սոցիալական օգնություն է ցուցաբերվել, շուրջ 14 մլն դրամի դրամական խրախուսանքներ են տրվել եւ այլն:

Այս բոլորի մեջ չի կարեւորվել անգամ արգելոցի տարածքի բազալտե սալիկների վերականգնումը: Հիշեցնենք, որ մշակույթի նախարարության թողտվությամբ Ազատի կիրճում գտնվող «Քարե սիմֆոնիան» արդեն քանի տարի վերածվել է քարի հանքի, եւ գետնին թափված բազալտե քարերը հավաքելն ու տարածքը բարեկարգելը գրեթե ծախսեր չեն պահանջում: Պարզապես ՊՈԱԿ-ի տնօրենը նկատի չի առել, որ զբոսաշրջիկը նախ անվնաս պետք է կարողանա հասնել իր կառուցելիք սրճարանը, որից հետո եկամուտների հաշվարկը կատարի:

Վերջին անգամ «Գառնի» արգելոց-թանգարանում վերականգնողական աշխատանքներ կատարվել են 2002-2003թթ., երբ Լինսի հիմնադրամի միջոցներով մասնակի վերականգնվեց պարսպապատ մուտքը` հատակից երկու աշտարակներով, անտիկ բաղնիքն առնվեց ծածկի տակ, վերաշարվեցին պալատական դահլիճի եւ հարակից շինությունների խարխուլ պատերը, սալապատվեց տաճարի դիմացի հրապարակը, կառուցվեցին անցուղիներ, դիտակետ, սպասարկման սրահ եւ զուգարան, անցկացվեց էլեկտրական լուսավորություն: Վերջին նորամուծությունը Գառնի արգելոցում կատարվել է 2009թ., երբ ռադիոֆիկացվեց արգելոց-թանգարանի ողջ տարածքը, եւ Գառնի տաճարի շուրջ տեղադրվեց գեղարվեստական լուսավորության համակարգ, ինչը հնարավորություն ընձեռեց երեկոյան ժամերին երաժշտության ուղեկցությամբ, բազմերանգ լուսային էֆեկտներով ընդգծել հուշարձանի ճարտարապետական առանձնահատկությունները:

Արժե հիշեցնել, որ Ալեքսանդր Սահինյանը Գառնիի տաճարը վերականգնեց 6 տարում, իսկ նրա պահպանությունը ստանձնած Վլադիմիր Պողոսյանը ՊՈԱԿ-ում պաշտոնավարելու 10 տարիներին, որից 3-ը՝ տնօրենի պաշտոնում, անգամ «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի իրավական ամրագրումը չի իրականացրել. արգելոցը մինչ օրս կադաստրային վկայական չունի: «Վկայականների կազմումը ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության իրավասությունն է»,- դարձյալ իրենից պատասխանատվությունը հեռացնելու փորձ է անում ՊՈԱԿ-ի տնօրենը եւ ոչ մի խոսք այն մասին, թե նման նախաձեռնություն ցուցաբերե՞լ է ինքը: Հավանաբար՝ ոչ, քանի որ այդ դեպքում այն արգելոց-թանգարանի տարածքը սպասարկման ծառայության վերածելու գլխավոր խոչընդոտը կդառնար, որովհետեւ արգելոցում բացառվում է մարդու տնտեսական գործունեությունը:  

«Գառնի» պատմա-մշակութային արգելոց-թանգարանը զբաղեցնում է 3,5 հա տարածություն (պահպանական գոտու հետ միասին` 5,1 հա) եւ ներառում պատմամշակութային մի շարք կառույցներ ու մշակութային արժեքներ` Գառնիի ամրոցը (մ.թ.ա. III-II դդ.), հեթանոսական տաճարը (մ.թ. 77թ.), խճանկար հատակով բաղնիքը, պալատական շինությունների եւ հարակից տնտեսական կառույցների, Ս. Սիոն եկեղեցու (VII դ.) եւ կից մատուռի ավերակները, սեպագիր արձանագրությամբ «վիշապ» անվանվող քարակերտ կոթողը, հունարեն արձանագրությամբ քարը եւ այլն: Արդյոք այս բոլորի կողքին սրճարանի՞ տեղն էր թափուր ...

Մինչ օրս այցելուներին Գառնիի ամրոցը (մ.թ.ա. III-II դդ.) դիտելու հնարավորութուն չի ընձեռվել: Տարածքից պեղված հելլենական մշակույթի արժեքավոր ցուցանմուշները հանգրվանել են տարբեր թանգարաններում, անգամ`հիմնարկների պահարաններում: Գառնիի տաճարը վերականգնող ճարտարապետ Ալեքսանդր Սահինյանը արգելոցի տարածքում թանգարան կառուցելու մտադրություն է ունեցել, որը մինչ օրս կյանքի չի կոչվում: 1981-1984թթ. ճարտարապետ Համլետ Խաչատրյանը կազմել էր «Գառնի» ամրոցի հնադարանի եւ բաղնիքի վերանորոգման, ինչպես նաեւ թանգարանի շենքի նախագիծը: ՊՈԱԿ-ի տնօրենը տեղեկացնում է, որ թանգարանի կառուցումն ընդգրկված է ՊՈԱԿ-ի 2015թ. միջնաժամկետ ծախսային ծրագրում: «Ցավոք, հսկայական աշխատանքը տարիներ շարունակ մնացել էր թղթի վրա: Նախորդ տարի ՊՈԱԿ-ի ղեկավարությունը հանձնարարել է հեղինակին` ճարտարապետ Խաչատրյանին, վերանայել ու անհրաժեշտության դեպքում շտկումներ կատարել թանգարանի շենքի նախագծում: Շենքը կլինի երկհարկանի, նախատեսվում է կառուցել արգելոցի տարածքում գտնվող հնագիտական բազայի շենքի տեղում, բաղնիքի հարեւանությամբ, Գառնու ձորի հատվածում: Նախագիծը առաջիկայում կներկայացվի ՀՀ մշակույթի նախարարության գիտամեթոդական խորհրդի քննարկմանը: Համապատասխան  դրական եզրակացությունից հետո ձեռնամուխ կլինենք աշխատանքների իրականացմանը»,- կրկին խոստանում է ՊՈԱԿ-ի տնօրենը: 

ՊՈԱԿ-ը որոշել է այս տարի բացօթյա ցուցադրություն կազմակերպել: «Կներկայացվեն արգելոցի տարածքում պահվող խաչքարերը, պեղումների արդյունքում հայտնաբերված մարմարյա ցլիկի գլուխը /I դ./, պատվանդանի բեկորները, ինչպես նաեւ հուշարձանի մաքրման աշխատանքների, հուշարձանի ավերակների լուսանկարներ եւ այլն»: Տնօրենի ասելով՝ ցուցադրությունը «հավանաբար բաղնիքի հարեւանությամբ կլինի»: Դժվար է պատկերացնել, թե նույն բաղնիքի հարեւանությամբ կազմակերպվելիք անտիկ մշակույթի ցուցադրությունը ՊՈԱԿ-ի տնօրենն ինչպես է համատեղելու բաղնիքի հարեւանությամբ կառուցվելիք սրճարանի հետ, որի բացումը, իր ասելով, պատրաստվում է իրականացնել մայիս ամսին:   

Նշենք, որ սպիտակ մարմարից քանդակված ցլի գլուխը արգելոցի աշխատակիցները գտել են Ազատի կիրճի սկզբնամասում 2011թ., որը նշանակում է, որ հնագիտական պեղումները շարունակելու անհրաժեշտություն կա: Արձանի բեկորներից ցլի կճղակը տաճարի մոտ հայտնաբերվել էր անցյալ դարի 70-ական թվականներին, այն մեծ հետաքրքրություն է ներկայացրել հեթանոսական շրջանն ուսումնասիրողների համար։

Այն մեկ անգամ եւս հավաստել է Մովսես Խորենացու «Հայոց պատմության» իսկությունը. «Մանկության հասակում սիրում էր ձի հեծնել, կորովի ձիավարում էր, հաջողակ էր զինաշարժության մեջ, սովորել էր պատերազմական արվեստը: Հետո պեղոպոնեսացոց Հիփիտեի հրամանի համաձայն՝ կրկեսի մրցության մեջ գերազանցեց Հռոդացի Կղիտոստրադոսին, որ միայն վզից բռնելով հաղթում էր, նաեւ անգլիացի Կերսոսին, որովհետեւ սա եզան կճղակը պոկեց, իսկ Տրդատը երկու վայրենի ցուլերի եղջյուրը մի ձեռքով բռնելով պոկեց եւ վիզը ոլորելով ջախջախեց:

Գառնիի հեթանոսական տաճարը համաշխարհային արժեք ներկայացնող հեթանոսական շրջանի նյութական կուլտուրայի հոյակապ կոթողներից մեկն է, սակայն մինչ օրս ընդգրկված չէ ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատմամշակութային արժեքների ցանկում: Պատճառները բազմաթիվ են. ՅՈՒՆԵՍԿՕ-ն արգելոցը ցանկանում է տեսնել ամբողջության մեջ` Ազատի կիրճն ամբողջությամբ: Սակայն, այնտեղ գտնվող բնության հուշարձան «Քարե սիմֆոնիան» ավերելուց եւ միջնադարյան կամուրջը վերականգնելու անվան տակ տուֆաշար պատի վերածելուց հետո, այդ հարցը հազիվ թե երբեւէ օրակարգային դառնա, իսկ սրճարանը կառուցելուց հետո հարցն այլեւս քննարկման ենթակա չէ: Եթե սա է նպատակը, ուրեմն մշակույթի նախարարը միանշանակ հաջողել է իր ձեռնարկում:

Չնայած հանրության ընդվզումին՝ մշակույթի նախարարն ու «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենը շարունակում են հաստատակամորեն պնդել արգելոցի տարածքում սրճարան կառուցելու իրենց ծրագիրը: ՊՈԱԿ-ի տնօրենի խոսքով՝ ակնկալում են, որ ծրագրի իրականացմամբ զբոսաշրջությունն է՛լ ավելի կաշխուժանա այդ տարածքում, կնպաստի մշակութային հուշարձանի հանրահռչակմանը: Չենք կարծում, թե նրանք այդ հարցը քննարկել են տուրիստական գործակալությունների հետ, որոնք այս հարցում լավագույն խորհրդատուն կարող էին լինել, քանի որ բոլորից լավ գիտեն զբոսաշրջիկների ճաշակն ու ցանկությունները: Սրճարանի գաղափարը հիասթափեցրել է նաեւ նրանց. զբոսաշրջիկներին մեր երկրից ամենից շատ վանող ճանապարհների վատթար վիճակին եւ ամենուր աչքի զարնող աղբին գումարվում են պատմամշակութային կոթողների կողքին սնկի նման աճող ու դրանց դիմագիծը աղճատող հացատնային օբյեկտները:

Երկրորդ լուսանկարում բաղնիքի հարեւանությամբ նախատեսված սրճարանի կառուցման համար բերված շինանյութն է, իսկ երրորդում երեւում են հիմքային աշխատանքները: 

Մեկնաբանություններ (3)

Թողեք շինենք!
Հացատուն, լավաշ՝ քյաբաբը մեջը - համով, հասկանալի բաներ են, ու ամենակարեւորը - ծախում ես, նաղդ փողը գրպանդ դնում: Խճանկար-մճանկար՜, տո դրա ռեմոնտ անողը որտեղից գտնենք? Կամ էլ սարքում ես, աշխատանք ու փող ծախսում մեկ էլ գալիս են պատմաբան-բան, թե էս ինչ եք արել - էս ,,եվրորեմոնտ,, եք արել ոչ թե վերակառուցում!! (հեսա, Գառնու կամուրջը քեզ ժիվոյ օրինակ!)
john
Իսկ կարէ՞լի է հարցնել մշակույթի բիոլոգ«նախարարուհին»(եկած ճամփեն կտրվե՜ր...)չի ուզու՞մ Գառնիում մկների վրա փորձարկման լաբորատորիա էլ բացել:Կարող էին ուսումնասիրել հեթանոսական տաճարի թողած ազդեցությունը մկների ու իրենց պես անկուշտ կռիսների վրա...Ինձ թվում է,որ չի անի,որովհետև իր մասնագիտությունից էլ նա ,վստահ եմ,այնքան բոբիկ է,որքան մշակույթից...
ԱՆԱՀԻՏ
Բավակա'ն է, հերի'ք է, այ անճաշակներ, հանգիստ թողեք Գառնիի տաճարը իր շրջակայքով;

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter