Պահպանենք մեր մայրենին
Լեռ Կամսար
Մենք նախասովետական շրջանում ունեինք մի շատ գեղեցիկ հայոց լեզվի ուղղագրություն։ Գեղեցիկ ասելով պետք է հասկանալ մի լեզու, որ բոլորս մի տեսակ գրում, բոլորս մի տեսակ կարդում էինք, համաձայն ամբողջ ազգի իրար հետ կապած պայմանավորվածության։ Այն ժամանակ մենք ունեինք «ե» եւ «է» տառերը։ «Ե» տառով գրվող «սերն» ուտում էինք, հետո «է» տառով «սէրն» առնում, ընկնում էինք կանանց հետեւից։
Հիմա այդ երկու բառերն էլ գրվում են «ե» ով, չես իմանում, ուտե՞ս, թե՞ սիրես։
Գիտե՞ք ինչու այսպես արին բոլշեւիկները՝ որպեսզի ամեն ինչ նոր լինի՝ հարմար իրենց բաց արած սոցիալիստական նոր դարաշրջանի պահանջներին։
Եվ ահա բնական կյանքը շրջվեց գլխիվայր։ Կիրակին չքացավ, մարդիկ հանգստանում էին ե'ւ երկուշաբթի, ե'ւ երեքշաբթի, ե'ւ չորեքշաբթի, ըստ իրենց ցանկության։ Կնունքը, որ նախապես ոչ մի գույն չուներ, դարձավ «կարմիր կնունք», տան անկյունները կոչվեցին «կարմիր անկյուններ», զինվորները՝ «կարմիր զինվորներ» եւ այսպես անվերջ։
Այն բաները, որոնց չէին կարող իսպառ վերացնել, նրանց կարմիր ներկեցին ու պահեցին իրենց նոր կարգերում՝ ինչպես Րաֆֆու «Խաչագողի հիշատակարանի» մեջ խաչագողները գողացած էշերը ներկում, ծախում էին նույն տիրոջ վրա որպես նոր էշեր։
Թյուրիմացաբար բնաջնջվեցին տերտերների ու տիրացուների դասակարգերը, որոնք կարմիր ներկվելու պարագային անգնահատելի ծառայություն կարող էին մատուցել բոլշեւիկներին, որովհետեւ նրանք անմիտ քարոզների կուտակված փորձ ունեին։
Ո՞վ աղավաղեց մեր լեզուն։ Հարցնում եմ, որովհետեւ բոլշեւիկյան ուղեղը աղավաղելու կարողությունն իսկ չունի։
Մեր լեզուն աղավաղեց Մանուկ Աբեղյանը։ Նա վաղուց կազմած ուներ այդ ուղղագրությունը, բայց պահում էր՝ հասարակության զայրույթից զերծ մնալու համար։ Երբ բոլշեւիկյան ջուրը հեղեղեց մեր աշխարհը, հատակին նստած բոլոր թեթեւ բաները, բոլոր հիմարությունները, բոլոր խելագարները վեր բարձրացան ու սկսեցին լողալ այդ ջրի երեսին։
Իսկ առողջ բանականությունը բադի նման սուզվեց ջրի տակ ու մինչեւ այսօր չի համարձակվում իր կտուցը դուրս հանել ջրից...
---------------------------------------
Բոլշեւիկները, եթե փոխանակ տան անկյունները կարմիր ներկով մեր կանանց երեսը ներկեին, այսօր այդ կանայք մեծ ծախսից կազատվեին ու բոլշեւիկների մահվան պարագային «ողորմի» կտային նրանց գերեզմանների վրա։
Ափսոս չէ՞ ներկ փչացնել տան քունջ ու պուճախի վրա։
1958թ.
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել