HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

Պաշտոնական տվյալներով՝ ԳՁՕ-ով սնունդ Հայաստան չի ներմուծվում

«Գերխնդիրը մարդկանց տուգանքի ենթարկելը չի, այլ համակարգը, ոլորտը կարգավորելն է»,- այսօր մամուլի ասուլիսին ասաց ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Բաբկեն Պիպոյանը:

Նրա խոսքերով` իրենց ծառայությունը պարբերաբար անց է կացնում ստուգումներ, շրջայցեր և մոնիտորինգ, սակայն ասուլիսի ժամանակ կոնկրետ թվեր չներկայացվեցին: Նշվեց, որ ուշադրության կենտրոնում է հատկապես մսի ոլորտը, որտեղ հիմնական խնդիր կապված է լինում տաղավարների և վաճառողների հիգենիայի հետ: Հաճախ նույնիսկ տնտեսվարողները տեղյակ չեն լինում սննդի ոլորտում պահանջվող չափանիշներից: Ծառայության աշխատակիցները շրջայցերի ժամանակ պարբերաբար բանավոր զգուշացումներ են անում, որպես հիշեցում, որ մոտ ժամանակներս ստուգում է լինելու` չնշելով կոնկրետ օրը:

Ասուլիսի մյուս բանախոսի` ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի անասնաբուժական տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանի խոսքերով` մասնավորապես «ԳՈւՄ»-ի շուկայում, որտեղից բողոքներն ավելի շատ են լինում, այժմ վիճակն համեմատաբար բարելավվել է, չնայած որ դեռ կատարյալ վիճակ չէ: Նախ և առաջ պետք է փոխվի վաճառողների հոգեբանությունը. սննդի անվտանգությունը կախված չլինի ստուգումներից:

Բ.  Պիպոյանը նշեց, որ գործում է նաև թեժ գիծ` 45-74-21,  որին սպառողները կարող են զանգահարել և հայտնել իրենց բողոքներն ու արձանագրած խախտումները: Նրա խոսքերով` ծառայությունն արձագանքում է բոլոր հեռախոսազանգերին, իսկ թե որքան արագ, դա արդեն կախված է տվյալ դեպքից: Սակայն լինում են նաև կեղծ զանգեր:

Անրադառնալով լրագրողներին հետաքրքրող «Երևան սիթի» խանութների ցանցին՝ բանախոսները նշեցին, որ այնտեղ ստուգումներ են կատարվել 2010 թ.-ի աշնանը, արձանագրվել են խախտումներ և սահմանվել են համապատասխան տուգանքներ: Տուգանքների հետ կապված այլ մանրամասներ չնշվեցին:

Բ. Պիպոյանը նշեց, որ մոտ օրերս հանդիպում է լինելու մեծ շուկաների տնօրենների հետ, և քննարկման ժամանակ նշվելու են նաև սննդի անվտանգության չափանիշները: Դրանից հետո անց են կացնելու նաև ստուգումներ` արդյունավետությունը պարզելու համար:

Անդրադառնալով ԳՁՕ-ի` գենետիկորեն ձևափոխված օրգանիզմի առկայությանն ու անվտանգությանը սննդի մեջ, Պիպոյանը նշեց, որ օրենքով սահմանված է, որ սննդի մեջ առկա ԳՁՕ-ի դեպքում ապրանքը պետք է լինի մակնշված, ունենա հատուկ սերտիֆիկատ: Իսկ այն երկրները, որտեղից ներկրվում է տվյալ ապրանքը, գիտեն ՀՀ-ում գործող այդ օրենքի մասին:

«Սերտիֆիկատը վստահելի է, որովհետև եվրոպական երկիրը կամ մեկ այլ երկիր շատ լավ հասկանում է, որ միգուցե տնտեսվարողը համապատսխան պայմաններում չիրականացնի տեղափոխում»,- նշեց Պիպոյանը:

Այսինքն` հնարավոր է լինի ջերմաստիճանի ռեժիմի խախտում, արտաքին տեսքի վնասում և այլն: Իսկ Հայաստանում կա լաբորատորիա, որը կարող է ստուգել տվյալ սննունդը և պարզել, թե փոփոխությունը երբ է եղել:

«Միայն այն, որ տնտեսվարող սուբյեկտները շատ հանգիստ մրցակցության համար կարող էին աղմուկ բարձրացնել, ու այդ աղմուկը չկա, անմիջականորեն ապացուցում է այն, որ իրականում այդ խնդիրը չունենք»,- ավելացրեց Բ. Պիպոյանը:

Իսկ Հ. Մկրտչյանի խոսքերով` այժմ պաշտոնական տվյալներով ԳՁՕ-ով սնունդ չի ներմուծվում Հայաստան, որովհետև պահանջարկ չկա: Նման ապրանքներ գուցե կան, սակայն, ըստ նրա, ունեն համապատասխան սերտիֆիկատ, իսկ սերտիֆիկատի առկայության հետազոտություններ անց են կացվում միայն անհրաժեշտության դեպքում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter