HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փող՝ ոչ մի բանի համար

Նաիրա Հայրապետյան

1985թ-ին բրիտանական հայտնի "Dire Straits" ռոք խումբը թողարկեց իր ամենահաջողակ ալբոմը՝ "Brothers In Arms"՝  աշխարհի ամենավաճառված ալբոմներից մեկը (մոտավորապես 30 միլիոն օրինակով) : Երաժշտական աշխարհի հեղինակավոր մրցույթներում այն դարձավ առաջատարը՝ տաս շաբաթ շարունակ գլխավորելով բրիտանական, ապա` երեսունչորս շաբաթ, ավստրալական ալբոմների չարթերի և ինը շաբաթ անընդմեջ ՝ «Բիլբորդ 200»-ի առաջին հորիզոնականները: 

“BrothersIn Arms”-ը 1986թ. «Գրեմմի»-ի 28-րդ մրցանակաբաշխության ժամանակ երկու մրցանակի արժանացավ, իսկ մեկ տարի անց՝ “Brit Awards”-ը այն ճանաչեց որպես տարվա լավագույն ալբոմ: Բոլոր երգերի հեղինակը Մարկ Նոփֆլերն (Mark Knopfler) է, բայց կա մեկը, որ ներկայացնում է բրիտանական երաժշտության ևս մեկ հեղինակության՝ Սթինգին,  թեկուզ ընդամենը մի փոքրիկ արտահայտության միջոցով:

Money for Nothing՝ հենց նրան է պատկանում ալբոմի Գրեմմի մրցանակներից մեկը՝  «Ռոքի լավագույն կատարում դուետով կամ խմբով» անվանակարգում:  Այն առանձին սինգլ տարբերակով թողարկվեց ալբոմից մեկ ամիս անց՝ հունիսին և միանգամից վերածվեց համաշխարհային հիթի: Երգի սկզբում հնչող  “I want my MTV” տողը՝ Սթինգի կատարմամբ,  դարձավ “MTV” հեռուստաալիքի նշանաբանը, իսկ երգի տեսահոլովակը առհասարակ առաջին կոմպոզիցաիան էր, որը հեռարձակվեց “MTV Europe”-ով, 1987թ. oգոստոսի 1-ին:

«Փող՝ ոչնչի դիմաց» արտահայտությունը դարձավ խմբի ամենաճանաչված և հնչած երգերից մեկի վերնագիրը և թեման: Մարկ Նոփֆլերը (“Dire Straits”-ի հիմնադիր, գլխավոր կիթառահար և վոկալիստ) երգը գրել էր մի իրական դեպքից տպավորված:

Իր հեռուստատեսային հարցազրույցներից մեկում պատմել է, թե ինչպես մի անգամ Նյու Յորքում նա այցելում է տեխնիկական խանութ՝ ինչ-որ սարք գնելու: Խանութի հետնամասում մի հսկա պատ կար, որտեղ իրար կողքի շարված էին հեռուստացույցներ.  բոլորը “MTV” երաժշտական ալիքին էին միացված: Նոփֆլերը մի պահ կանգնում է՝ ուշադիր դիտելով ցուցադրվող համերգը, երբ նրան է մոտենում խանութի բեռնակիրներից մեկը, կանգնում կողքին և փորձում հասկանալ, թե այդ ինչ է այդքան ուշադիր նայում:

Հագին ուներ գծավոր վերնաշապիկ, բեյսբոլիստի հիշեցնող գլխարկ, մի խոսքով՝ աշխատանքային համազգեստ: Նա ապրանքով լի արկղերն էր տեղափոխում, երբ նկատում է երաժշտի ուշադրությունը և հանկարծ ասում. «Այս ի՞նչ աղմուկ է, ովքե՞ր են սրանք… ինչու՞ մենք պետք է քարշ տանք սառնարաններ և հեռուստացույցներ չնչին աշխատավարձի դիմաց, իսկ այս երաժիշտներն  ընդամենը մի ժամում ձրի աղջիկներ և փողեր ստանան՝ ոչնչի դիմաց»:

Նոփֆլերն անմիջապես տեղում նոթագրում է նրա խոսքերը, որոնք էլ դառնում են երգի թեման ու ասելիքը՝ տեղ-տեղ փոխված ու ավելի սրված, տեղ-տեղ մեղմացրած բառապաշարով, որովհետև երաժշտի վկայությամբ, նա օգտագործում էր բառեր, որոնք մեջբերելն անվայել էր:

Երգը ներկայացնում է մի կերպարի, ով Նոփֆլերի կարծիքով հիմարի մեկն է և ամբողջանում է այն մարդկանց հետ, ովքեր նրա նման են ընկալում ու մեկնաբանում ռոք երաժիշտներին՝  մարդիկ, ովքեր ստանում են փողեր՝ ոչ մի բանի համար:  Այս երգը դարձավ ալբոմի ամենահաջողված սինգլը և շրջագայեց աշխարհով մեկ: Այս հաջող ընթացքում իր դերն ունեցավ նաև Սթինգի մասնակցությունը: Նա երգի համահեղինակն է:  

“The Police” խմբի առաջնորդն այդ ժամանակ իր արձակուրդն էր վայելում, երբ ստացավ ձայնագրությանը մասնակցելու հրավերը: Երգչի ներկայությունը սկզբում նախատեսված էր միայն բեք-վոկալի համար, սակայն “I want my MTV” տողը նրա կատարմամբ կարծես թե շատ բան ավելացրեց երգի ընդհանուր տրամադրության մեջ, հետո, ի զարմանս Սթինգի, ձայնագրման պրոդյուսերը պնդեց, որ նա պետք է ներկայացվի որպես համահեղինակ:  

Հաջորդ քայլը տեսահոլովակի նկարահանումն էր, որը ևս առանձնանում է ռոք երաժշտության պատմության մեջ. այն նորարարություն էր ոչ միայն տեսահոլովակների դարաշրջանում, այլև այն ժամանակ համակարգչային անիմացիայի մեջ, քանի որ համարվում էր մարդկային խառնվածքը տեսանելիորեն վերարտադրող  առաջին փորձերից մեկը այս բնագավառում:

Չնայած “Money For Nothing”-ի մեծ հաջողությանը՝ երգն արժանացավ նաև սուր քննադատության: Խմբի անդամներին սկսեցին մեղադրել սեռական և ռասսայական խտրականություն քարոզելու,  հոմոֆոբիայի մեջ: Որպես թիրախ հանդիսանում էին տեքստում տեղ գտած մի շարք բառեր, և Նոփֆլերը բացահայտ հարձակումներից ազատվելու համար նրանցից մեկ-երկուսը փորձեց հետագայում փոխարինել «հոմանիշներով»:  Որոշ երկրներում բողոքի ալիքներ նույնիսկ բարձրացան՝ արգելելով երգի տարածումը: Եվ քանի որ այն այսօր էլ՝ 29 տարի անց,  շարունակում է մնալ խմբի ամենասիրված և պահանջված ձայնագրություններից մեկը, երգի հանդեպ այդ մոտեցումը շարունակվում է. 2011թ. Կանադայում հեռարձակման ստանդարտներով  զբաղվող խորհուրդը արգելել է “Dire straits” խմբի 1985 թ-ի “Money for nothing” երգը։ Խորհրդի անդամների կարծիքով՝ այն շատ վիրավորական է, քանի որ երգի մեջ կան ժարգոնային բառեր, որոնք արհամարական վերաբերմունք են ցուցաբերում ոչ ավանդական սեռական ուղվածություն ունեցող մարդկանց հանդեպ։

Սակայն երգչին առավել շատ մտահոգում է այլ բան. «Ես մինչև հիմա դեռ երկմտանքի մեջ եմ. արդյոք ճիշտ էր այդ գաղափարը՝ երգը կառուցել ոչ թե առաջին դեմքի անունից, այլ մեկի, ով մարմնավորում է բնավորություններ. նա ծանր մտածելակերպ  ունի և ամեն ինչ նյութականի միջով է արժեվորում և այդպես է վերաբերվում նաև ռոք երաժիշտներին՝ «չի աշխատում, բայց հարուստ է»: Բայց նա այդ կերպ չի ծաղրում, նրա մոտեցումն ընդամենը խորամանկություն է, գլուխ պահելու  շատ լավ ձև»,- ասել է Նոփֆլերը աշխարահռչակ  “Rolling stone” ամսագրին  տված հարցազրույցներից մեկում:

Չնայած քննադատություններին` Մարկ Նոփֆլերը շարունակում է այս երգը կատարել իր համերգների ժամանակ, իսկ 1997թ.  փոթորկից տուժած Կարիբյան կղզիներին  նվիրված “Music for Montserrat” բարեգործական համերգի ժամանակ “Money for nothing” –ը միավոր էլ էր ոչնչի համար մեծ աշխատավարձեր ստացող ևս երկու աստղի՝ էրիկ Քլեփթոնին  և Ֆիլ Քոլինզին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter