HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արեւելյան գործընկերության ծրագիրը եվրոպական տարածության միակողմանի օգտագործման միջոց չէ

Հայաստան-Ադրբեջան - 2011. կարծիքներ ու մեկնաբանություններ    

Հայաստանի եւ Ադրբեջանի` ԵՄ Արեւելյան Գործընկերություն ծրագրին ներկա մասնակցության եւ Հայաստան-ԵՄ, Ադրբեջան-ԵՄ ապագա հարաբերությունների մասին են ստորեւ ներկայացվող հարցազրույցները: Հայաստանի եւ Ադրբեջանի այսօրվա իրականություններն իրենց ամբողջության մեջ ուրվագծող մեր հարցումները (20 թեմաներով 40 տարբեր մասնագետների հետ զույգ հարցազրույցների շարք) «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի եւ Ադրբեջանում Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի համատեղ ծրագրի մեկ բաժինն են: Ծրագրին աջակցում են Հայաստանում եւ Ադրբեջանում Բրիտանիայի դեսպանատները: Հարցազրույցները միաժամանակ տպագրվում են «Հետք» եւ Ադրբեջանում «Նովոյե Վրեմյա» թերթերում: Ադրբեջանում հարցազրույցներն անցկացնում է Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտը:

«Ռեգիոն» հետազոտական կենտրոն 

Հարցազրույց ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, «Ժառանգություն» կուսակցության անդամ եւ Եվրանեստում Հայաստանի պատվիրակության անդամ Ստեփան Սաֆարյանի հետ:

-Ի՞նչ է տալիս Հայաստանին որպես պետության, մասնակցությունը Եվրամիության Արեւելյան գործընկերության ծրագրին: Ի՞նչ ակնկալիքներ կարող է ունենալ մեր երկիրը Եվրամիության հետ իր ապագա փոխհարաբերություններից:

-Որպես Եվրանեստում Հայաստանի պատվիրակության անդամ, նաեւ այդ կազմակերպության էներգետիկ անվտանգության հարցերով հանձնաժողովի փոխնախագահ, իմ նախնական դիտարկումները ներկայացնեմ Արեւելյան գործընկերություն ծրագրին (ԱԳԾ) մասնակից երկրների սպասելիքների եւ հույսերի վերաբերյալ: Հատկապես հակամարտություն ունեցող երկրները, իմ տպավորությամբ, ճիշտ չեն ձեւակերպում իրենց ակնկալիքները Եվրանեստից եւ ընդհանրապես եվրոպական ինտեգրացիայից: Նկատելի է, որ ադրբեջանական կողմը փորձում է այս նորաբաց հարթակն օգտագործել Լեռնային Ղարաբաղի հետ իր ունեցած հակամարտության մասին եւս մեկ անգամ խոսելու համար:  Իրականում Արեւելյան գործընկերությունը միտված է առաջին հերթին Եվրոպայի եւ նրա հարեւանության (Հայաստան, Ուկրաինա, Մոլդովա, Վրաստան, Ադրբեջան, ապագայում՝ նաեւ Բելառուս) միջեւ գործընկերության խթանմանը: Մենք պետք է հասկանանք, որ այն, ինչ կարող է արվել ԱԳԾ շրջանակներում հակամարտությունների չվերսկսման համար, դա մեր հասարակությունների լուրջ արժեքային տրանսֆորմացիան է: Հայկական կողմը շատ սթափ է նայում իրավիճակին եւ շահագրգռված է օգտվելու Եվրոպայի հետ գործընկերության ընձեռած հնարավորություններից:  

-Այժմ ի՞նչ փուլում է Արեւելյան գործընկերություն ծրագիրը, որքա՞ն կտեւի ուրվագծված ծրագրերի իրականացման գործընթացը:

-Այս պահին տարածաշրջանի երկրները տարբեր արագությամբ են աշխատում  բազմաթիվ գլուխներից բաղկացած ասոցացման պայմանագրերի պատրաստման վրա: Եվ դա Եվրոպայի հետ ինտեգրացիայի բավականին լուրջ մակարդակ է, որովհետեւ ենթադրում է եւ տնտեսական լուրջ բարեփոխումներ, եւ մուտքերի պարզեցում, մարդկանց ազատ տեղաշարժի եւ շփումների ավելացում: Որքան ինձ հայտնի է,  տարածաշրջանի երկրներից այս փուլում առաջ է անցել Վրաստանը: Ադրբեջանը եւ Հայաստանը դեռ մի քիչ հետ են, թեպետ համագործակցությունը նույն խորությամբ է լինելու բոլոր երկրների հետ:

Տարածաշրջանի երկրները գուցե գրավոր հանձնառությունների կամ գործնական ձեռքբերումների տեսքով պետք է երաշխիքներ տան, որ իրենց երկրները պատրաստ են հարգել խաղի բոլոր կանոններն ու ստորագրված համաձայնությունները: Պատահական չէ, որ նախընտրական Ադրբեջան եւ Հայաստան են այցելում ԵՄ տարբեր պաշտոնյաներ եւ փորձում են ուղերձ բերել տեղական իշխանություններին, նաեւ՝ հավաստիացումներ ստանալ, որ Հայաստանն ու Ադրբեջանը ճիշտ կօգտագործեն իրենց հնարավորությունը, կապահովեն ազատ եւ արդար ընտրություններ: Եվրոպական կողմը ցանկանում է նաեւ հավաստիանալ, որ չլուծված հակամարտությունները խնդիր չեն դառնա հենց Եվրոպայի համար: Օրինակ, եթե Ադրբեջանը շարունակում է հայտարարություններ անել ղարաբաղյան հարցը պատերազմով լուծելու մասին, ապա հարց է առաջանում, թե արդյո՞ք պետք է պարզեցնել ԵՄ մուտքի պայմանները: Չէ՞ որ այդ պարագայում Եվրոպան կհեղեղվի փախստականներով:

Ես շատ եմ կարեւորում ասոցացման պայմանագրերը, որովհետեւ դրանք դառնալու են պատերազմի վերսկսման բացառման լծակներ: Եթե Ադրբեջանը ստորագրի այն, ապա դա ինձ համար կլինի ցուցանիշ, որ Ադրբեջանը հրաժարվում է խնդիրը պատերազմի միջոցով լուծելու տարբերակից: Պետք չէ միամիտ հույսեր ունենալ, որ այս գործընկերությունը եվրոպական տարածությունից միակողմանի օգտվելու ձեւ է: Դրա մեջ կա նաեւ սեփական տարածաշրջանում խաղաղություն եւ կայունություն ապահովելու պարտավորություն:

-Ձեր կարծիքով, գործնականում  ի՞նչ կփոխվի մեր երկրի քաղաքացիների կյանքում Արեւելյան գործընկերությամբ նախատեսված աշխատանքներին Հայաստանի մասնակցության շնորհիվ: Ո՞րն է  սկզբունքային տարբերությունը Եվրոպական հարեւանության ծրագրից, որին նույնպես մասնակցում էր մեր երկիրը:

-Եվրոպական հարեւանության ծրագիրը կարելի է համարել Արեւելյան գործընկերության նախափուլը: Եվրոպական հարեւանության ծրագիրն իրականացվում էր ավելի շատ պետությունների հետ, սակայն այն հիմնականում դեկլարատիվ բնույթ ուներ: Այդ ժամանակ Հարավային Կովկասը Եվրամիության հետ կապող միակ օղակը մեկ ներկայացուցիչն էր: Կային նաեւ ժամանակ առ ժամանակ այցելող պատվիրակություններ: Հիմա Արեւելյան գործընկերության շրջանակներում մենք ունենք շատ ավելի լայն գործիքակազմ` խորհրդարանական, քաղաքացիական ձեւաչափ եւ այլն: Բացի այդ, Եվրոպական հարեւանության ծրագիրը եղել է երկկողմ ձեւաչափով` Հայաստան-ԵՄ, Ադրբեջան-ԵՄ, իսկ հիմա դրան ավելացել է տարածաշրջանային կոմպոնենտը եւ ակնկալվում է, որ համագործակցությունը կլինի ոչ միայն ԵՄ-ի հետ, այլեւ ծրագրում ընդգրկված երկրների միջեւ: Հարեւանության ծրագրով համագործակցությունը գործադիր մակարդակով է եղել, եւ դրա նկատմամբ քաղաքացիական հասարակությունը վերահսկողություն շատ քիչ է ունեցել, աշխատանքներն արվել են այնքանով, որքանով ցանկացել են երկու կողմերը: Հիմա դերակատարներն ավելի շատ են, նրանք միմյանց ստիպելու են աշխատել եւ իրականացնել  ծրագիրը:

-Որքանո՞վ է Հայաստանի մասնակցությունը ԱԳԾ-ին համապատասխանում երկրի արտաքին քաղաքական ուղղվածության տրամաբանությանը: Ինչո՞վ են տարբերվում եւ ինչո՞վ են նման Հայաստանի ԱԳԾ պլանները մյուս մասնակից երկրների պլաններից:

-Հիմա աշխարհում տարածաշրջանային լուրջ ու մեծ դաշինքներ են ձեւավորվում: Աշխարհաքաղաքական տեսանկյունից, կարծում եմ,  որ Եվրամիությունը մեզ համար ամենաօպտիմալն է: Այնտեղ երկրներն իրենց ինքնիշխանությունից ավելի քիչ բան են զիջում, քան` այլ տարածության մեջ: Ասենք, Ռուսաստանի հետ միավորվելիս մենք միշտ ավելի շատ ենք վճարում մեր անկախության մասնաբաժնից: Իհարկե, Ռուսաստանը շատ ցավագին է վերաբերվում իր ներկա կամ  նախկին ազդեցության երկրների եվրոպական ինտեգրմանը եւ անգամ լուրջ քայլեր կարող է ձեռնարկել դրա դեմ: Բայց կարծում եմ, որ Հայաստանի դեպքում եվրաինտեգրմանը այլընտրանք չկա:

Իրականում Արեւելյան գործընկերությունը կարելի է դիտարկել որպես Եվրամիության նոր անդամների սելեկցիայի հնարավորություն, եւ մենք չպետք է կորցնենք այն:

Բոլոր երկրների համար ընդհանուր ուղղվածությունը նույնն է. ժողովրդավարության ամրացում, տնտեսության ազատականացում, ազատությունների եւ մարդու իրավուքների բարելավում, իսկ տարբերությունները պայմանավորված են  տվյալ երկրի կարիքներով: Գործողությունների ծրագրերը կազմվում են ըստ կոնկրետ ոլորտի խնդիրների լուծման համար անհրաժեշտ քայլերի:                                   

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter