
Հովիկ Աբրահամյանը հորդորեց գաղտնալսումներով չզբաղվել. «Դա շատ վատ զբաղմունք է»
ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը ԱԺ նախագահից հետաքրքրվեց, թե ինչու ավելի քան մեկ շաբաթ է` իրենց աշխատասենյակներում, ԱԺ բակում, միջանցքներում լարեր են անցկացվում, տեսախցիկներ տեղադրվում, որն ավելի շատ նման է «Ազգային ժողովում տեսախցիկաֆիկացիայի»:
«Պարոն Աբրահամյան, բացատրեք, ի՞նչն եք ձայնագրելու, ինչքա՞ն խոսենք, ո՞ւմ հետ խոսենք, ինչի՞ խոսենք, հա՞: Ես կարծում եմ, մեզ հետ խնդիր չունեք, որովհետեւ ինչ ասում ենք, այստեղ նույնն ասում ենք դահլիճներում, հրապարակներում: Դա երեւի ձեր թիմի վերահսկողության համար է, ձեր գործն է»,-ասաց պատգամավորը` հավելելով, որ լուրջ ծախսեր են արվում, եւ բացատրության կարիք կա:
Արամ Մանուկյանը պատրաստակամություն հայտնեց ասել այն ամենի մասին, ինչ անում է կամ ուր գնում է պայմանով, որ իրեն տան այդ «ժուչոկը»:
Հովիկ Աբրահամյանը պատգամավորին հիշեցրեց, թե «ժուչոկը» որ թվականից է գալիս՝ ակնարկելով 1990-ականները եւ ասաց, որ «Ազգային ժողովում նման բաներով չեն զբաղվում»:
«Սա անվտանգության խնդիր է: Ձեր աշխատասենյակներում որեւէ մեկը ձեզ չի լսում»,-ասաց ԱԺ նախագահը: Ըստ նրա՝ գաղտնալսելը շատ վատ զբաղմունք է եւ բոլորին հորդորեց նման բաներով չզբաղվել:
Մեկնաբանել