HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱԳԾ-ի հաջողությունը կախված է երկրի` Եվրոպային ինտեգրվելու շահագրգռությունից

Հարցազրույց Հումանիտար հետազոտությունների ընկերության նախագահ Ավազ Հասանովի հետ

-Ի՞նչ է տալիս Ադրբեջանին՝` որպես պետության, մասնակցությունը Եվրամիության Արեւելյան գործընկերության ծրագրին: Ի՞նչ ակնկալիքներ կարող է ունենալ մեր երկիրը Եվրամիության հետ իր ապագա փոխհարաբերություններից:

-Լինելով հարեւանության քաղաքականության շրջանակում ԱՊՀ երկրների հետ Եվրոպական Միության (ԵՄ) հարաբերությունների բարելավմանն ուղղված նախաձեռնություն՝ Արեւելյան գործընկերություն ծրագիրը (ԱԳԾ) ընդգրկում է վեց երկիր. Ադրբեջան, Վրաստան, Հայաստան, Մոլդովա, Բելառուս եւ Ուկրաինա:

Ադրբեջանի մասնակցությունը ԱԳԾ-ին առաջին հերթին թույլ է տալիս կիրառել ընտրական չափորոշիչները, կատարելագործել լրատվամիջոցների մասին օրենսդրությունը, իրականացնել հակակոռուպցիոն բարեփոխումներ: Միեւնույն ժամանակ, դա Ադրբեջանին կտա սեփական անվտանգության ապահովման, երկրի անկախության ամրապնդման եւ տարածքային ամբողջականության պահպանման համար անհրաժեշտ տարածաշրջանային կայունության, ինչպես նաեւ տնտեսական օրենսդրությունը ԵՄ-ի օրենսդրությանը համապատասխանեցնելու եւ Առեւտրի ազատ գոտիներ ստեղծելու երաշխիքներ: Բայց ԱԳԾ-ի շրջանակներում համագործակցությունը բնավ պայմաններ չի ստեղծում Ադրբեջանի` Եվրամիություն ընդունվելու համար:

-Այժմ ի՞նչ փուլում է Արեւելյան գործընկերություն ծրագիրը, որքա՞ն կտեւի ուրվագծված ծրագրերի իրականացման գործընթացը:

-ԱԳԾ-ի հետ կապված գործընթացներն առավելապես կախված են նրանից, թե որքանով է երկիրը շահագրգռված քաղաքական ինտեգրմամբ: Եթե նախապատվություն տրվի տնտեսական համագործակցության ընդլայնմանը, պատշաճ ուշադրություն չդարձնելով մյուս ուղղություններին, ապա դա կարող է հանգեցնել սխալ արդյունքների: ԵՄ-ն շահագրգռված է, որ ծրագրի ուղղությունների նկատմամբ դրսեւորվի համալիր մոտեցում: Այս տեսանկյունից` ԵՄ պաշտոնյաների բոլոր ջանքերն ուղղված են ճշմարտությունը երկրի իշխանությանը հասցնելուն:

Ադրբեջանի կառավարությունը եւս նախաձեռնում է որոշակի քայլեր ԱԳԾ-ի շրջանակներում հարաբերություններ հաստատելու ուղղությամբ: ԱԳԾ-ից բացի, Ադրբեջանի եւ ԵՄ-ի միջեւ ստորագրված է նաեւ համաձայնություն էներգետիիկ անվտանգության մասին, ինչը բացառություն է մյուս գործընկեր երկրների համեմատությամբ:

2010 թ. հունիսին սկսվել են բանակցություններ Ադրբեջանի հետ, որոնց նպատակը ասոցացման պայմանագրի ստորագրումն է, համաձայն որի` ԵՄ-ը մեր երկրին կտրամադրի խորհրդատվություն ԱԳԾ-ի մեջ մտնելու վերաբերյալ: Սկսվել են նաեւ բանակցություններ մեր երկրի անցագրային համակարգի պարզեցման, սահմանային անցակետերում բարեփոխումներ կատարելու, ինչպես նաեւ երկիր մուտքի եւ ելքի մասին օրենսդրության կատարելագործման շուրջ: Այստեղ նույնպես կան որոշակի խնդիրներ: Անցագրային համակարգի պարզեցման համար Ադրբեջանը պետք է ստորագրի համաձայնություն անօրինական միգրանտներին վերադարձնելու վերաբերյալ: Այն որոշում է եվրոպական երկրներում ապաստան փնտրող մեր քաղաքացիներին կամ այն միգրանտներին սեփական երկիր վերադարձնելու մեխանիզմները, որոնք օգտագործում են Ադրբեջանի տարածքը Եվրոպա մուտք գործելու նպատակով:

-Ձեր կարծիքով, գործնականում ի՞նչ կփոխվի մեր երկրի քաղաքացիների կյանքում Արեւելյան գործընկերությամբ նախատեսված աշխատանքներին Ադրբեջանի մասնակցության շնորհիվ: Ո՞րն է սկզբունքային տարբերությունը Եվրոպական հարեւանության ծրագրից, որին նույնպես մասնակցում էր մեր երկիրը:

-Կարելի է ասել, որ ԱԳԾ-ի իրականացումից ամենամեծ օգուտը կստանան երկրի քաղաքացիները: Ծրագրի երկու հիմնական պլատֆորմների նպատակը հենց տնտեսական եւ մշակութային կապերի կարգավորումն է ԵՄ անդամ երկրների հետ, երկրների միջեւ անցագրային ռեժիմի պարզեցումը, իսկ հաջորդ փուլում՝ դրա վերացումը: Բնականաբար, որքան Ադրբեջանն առաջ շարժվի այս ծրագրի իրականացման ճանապարհով, այնքան ավելի մեծ չափով մեր երկրի քաղաքացիներն այդ բանը կզգան իրենց ամենօրյա կյանքում: Ադրբեջանական արտադրանքի դուրս բերումը եվրոպական շուկա, ներդրումների հոսքը երկիր, ինչպես նաեւ ադրբեջանական կապիտալի ներդրումը Եվրոպայում եւ Ադրբեջանի ծառայությունների ոլորտի համար եվրոպական շուկային մատչելիությունն ավելի կուժեղացնեն այդ կապերը: Ամենագլխավորն այն է, որ անցագրային ռեժիմի պարզեցումը մարդկանց թույլ կտա ազատ տեղաշարժվել Եվրոպայում: Բոլորից շատ օգուտ կստանան ուսանողները, գիտության մարդիկ, դասախոսները եւ նրանք, ովքեր աշխատանք են փնտրում:

Իրականում, Եվրոպական հարեւանության ծրագիրը (ԵՀԾ) ձգտում էր կանխել բացասական զարգացումները Եվրամիության եւ նրան սահմանակից երկրների միջեւ հարաբերություններում: Ծրագիրը պետք է նաեւ նպաստեր Եվրամիության ընդլայնման մասին 2004 թ. որոշման իրականացմանը, կայունության եւ անվտանգության ամրապնդմանը, բոլոր կողմերի շահերի ապահովման համար պայմանների ստեղծմանը: Այդ ծրագիրը հայտարարում էր, որ 16 պետություններ Եվրոպայի հարեւաններն են, որ նրանց հետ համագործակցություն կհաստատվի՝ համաձայն այդ երկրների կողմից ստորագրված գործողությունների պլանի: Քանի որ Եվրամիության եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունները կարգավորվում են կողմերի միջեւ գործընկերության եւ համագործակցության համաձայնությամբ, որը ստորագրվել է 1996 թ. եւ ուժի մեջ մտել 1999 թ., ապա տեխնիկական համագործակցության ասպարեզում ԱԳԾ-ի եւ ԵՀԾ-ի միջեւ էական տարբերություն չկա:

Եթե ԵՀԾ-ը ծրագիր էր, որը նախատեսված էր Եվրամիությանը աշխարհագրորեն մոտ պետությունների հետ հարաբերությունները խորացնելու համար` նպատակ ունենալով կարգավորել տնտեսական եւ քաղաքական համագործակցությունը ԵՄ-ի հետ, ապա ԱԳԾ-ը Եվրոպային սահմանակից եւ նրան ավելի խորությամբ ինտեգրված երկրների համար նախատեսված ծրագիր է: Ի տարբերություն ԵՀԾ-ի, ԱԳԾ-ը նախատեսում է համագործակցություն երկրների հետ ըստ չորս հիմնական պլատֆորմների: Որպես գործընկեր ծրագրի մեջ ներգրավված է քաղաքացիական հասարակությունը, որն ունի որոշակի հնարավորություններ` հետեւելու Եվրամիության եւ գործընկեր պետությունների միջեւ պարտավորությունների կատարմանը:

-Որքանո՞վ է Ադրբեջանի մասնակցությունը ԱԳԾ-ին համապատասխանում երկրի արտաքին քաղաքական ուղղվածության տրամաբանությանը: Ինչո՞վ են տարբերվում եւ ինչո՞վ են նման Ադրբեջանի ԱԳԾ պլանները մյուս մասնակից երկրների պլաններին:

-Կան որոշակի հանգամանքներ, որոնք խոչընդոտում են երկրի մասնակցությանը այդ ծրագրում: Առաջին հերթին հարկ է նշել, որ Ադրբեջանն Առեւտրի համաշխարհային կազմակերպության անդամ չէ: ԱՀԿ-ին անդամությունը կարող է արագացնել Ադրբեջանի եւ Եվրամիության միջեւ Արեւելյան գործընկերության վերաբերյալ ասոցացման պայմանագրի կնքման գործընթացը: Այդ պայմանագիրը ԱԳԾ-ի կատարման եւ երկրի ստանձնած պարտավորություների մոնիտորինգի հիմնական պայմաններից մեկն է: Այժմ իշխանությունը, ԱԳԾ-ի անդամության նկատմամբ դրսեւորելով դանդաղաշարժություն, ձգձգում է ԱԳԾ-ի շրջանակներում ԵՄ-ի հետ համագործակցության ժամկետները: Բացի այդ, մեր երկիրը խնդիրներ ունի մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարական բարեփոխումների իրականացման եւ անցագրային ռեժիմի պարզեցման ոլորտներում, որոնք չվերացնելու դեպքում միամտություն կլինի ակնկալել ԵՄ-ի հետ համագործակցության խորացում:

Բնականաբար, տարբեր երկրներ ունեն տարբեր սպասելիքներ Եվրոպայի հետ համագործակցության եւ հարաբերությունների զարգացման առումով: Դա շատ բանով կախված է երկրի ներսում իրականացվող բարեփոխումներից եւ նրանից, թե քաղաքական եւ մշակութային տեսանկյունից որքանո՞վ է այն մոտ Եվրոպային ինտեգրմանը: Պետք է հաշվի առնել, որ Եվրոպայի հետ Հարավային Կովկասի երկրների հարաբերությունների կարգավորման մեջ գոյություն ունեն տարբեր միտումներ, եւ դա ավելի շատ կախված է երկրում իրականացվող քաղաքական բարեփոխումներից, քան նրանից, թե որքանո՞վ է երկիրը պատրաստ մշակութային ինտեգրման:

Առավել մեծ չափով Վրաստանն է ի ցույց դնում Եվրոպային ինտեգրվելու իր շահագրգռվածությունը քաղաքական բարեփոխումների իրականացման, ինչպես նաեւ եվրատլանտյան տարածության նախանշված անդամության ֆոնին: Հայաստանը շահագրգռված է ԵՄ-ի հետ տնտեսական եւ մշակութային կապերի կարգավորմամբ: Քանի որ Հայաստանը եւ Վրաստանը ԱՀԿ անդամներ են, նրանք այս ծրագրի հետ կապված գործընթացներում Ադրբեջանից առաջ են անցել: Ադրբեջանը նախապատվություն է տալիս ԵՄ-ի հետ տնտեսական հարաբերությունների հաստատմանը, իսկ երկրում ժողովրդավարական բարեփոխումների իրականացմանը վերաբերվում է որպես մի գործընթացի, որը կհաջորդի քաղաքացիների տնտեսական կարողության մեծացմանը:          

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter