HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սամվել Կարապետյանն ստորգետնյա կայանատեղին դարձնում է առևտրահասարակական գոտի

Դեռևս նախորդ տարվա աշնանից շինարարական աշխատանքներ են ընթանում Երևանի Հյուսիսային պողոտայի 6/2 հասցեում, որը հարում է Թումանյան փողոցին և հանդիպակաց է Օպերային: Շինարարության մասին վկայող ցուցապաստառը տեղադրվել է շինհրապարակի ներսում, որը տեսանելի չէ անցորդներին, փոխարենը դա երևում է շինարարներին: Մինչդեռ որպես կանոն ցուցապաստառն ունի հանրային իրազեկման նշանակություն:

Նշյալ տարածքում  նախատեսվում է Հյուսիսային պողոտայի համալիր վերակառուցում, որտեղ ստորգետնյա առաջին հարկում լինելու է առևտրահասարակական գոտի: Շինաշխատանքների պատվիրատուն «Հանքաշար» ՍՊԸ-ն է, շինաշխատանքները կատարում է «Դալմա Շին» ՍՊԸ-ն, ճարտարապետներն էլ Նարեկ Սարգսյանն ու Աշոտ Ալեքսանյանն են:

«Հանքաշար» և «Դալմա Շին» ընկերությունները, ըստ պետռեգիստրի տվյալների, գրանցված են Տաշիր քաղաքում: «Հանքաշար» ընկերության 50-50 համասնությամբ փայատերերն են Գոռ Բարոյանն ու Համիկ Մկոյանը: Ընկերությունը գրանցված է Գոռ Բարոյանի տան հասցեով՝ Տաշիր քաղաքում: Տնօրենը նույն Բարոյանն է: «Դալմա Շին» ընկերության սեփականետրն ու տնօրենն էլ Վալերի Խաչատրյանն է, ով Չարենցավանից է: Մամուլի հրապարակումների համաձայն՝ այս երկու ընկերություններն իրականում պատկանում են հայտնի գործարար Սամվել Կարապետյանին (Տաշիրի Սամո): 

Քանի որ, ըստ ցուցապաստառի, մարտի 4-ին ավարտվում են Հյուսիսային պողոտայի առևտրահասարակական գոտու կառուցման աշխատանքները, «Հանքաշար» ՍՊԸ-ից փորձեցինք ստանալ որոշ հարցերի պատասխաններ: Ընկերության իրավաբան Մերին (այդպես ներկայացավ` խուսափելով հայտնել ազգանունը) նախ ասաց, որ քննարկումների փուլ է, մեր հարցերին չեն կարող պատասխանել, ապա նշեց, որ շինարարության ժամկետը երկարացրել են, քանի որ ընթացիկ աշխատանքները դեռ չեն հասցրել ավարտել: 

Նախագծի հեղինակներից Աշոտ Ալեքսանյանը mediamax.am-ին հայտնել էր, որ երկհարկանի ստորգետնյա կայանատեղիի վերին հարկը նախատեսվում է վերածել անցումային գոտու, որի աջ և ձախ կողմերում կլինեն առևտրային տարածքներ: Շարժասանդուղքով մուտքեր կլինեն Հյուսիսային պողոտայից և մեկը՝ Աբովյան փողոցից: Ըստ այդմ՝ աշխատանքները կավարտվեն այս տարվա աշնանը:

«Հանքաշար» ՍՊԸ-ի աշխատակցուհին չկարողացավ կոնկերտ պատասխանել, թե քանի առևտրային տաղավար է լինելու տարածքում: Սամվել Կարապետյանը, ըստ հրապարակումների, ֆինանսավորում է նաև Հյուսիսային պողոտայի սալահատակի վերանորոգումը: Այդ մասին «Հայկական ժամանակին» հայտնել է Երևանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter