
«Նաիրիտի» գործով քննարկման կդրվի՞ վարչապետի եղբոր հարցը
Այսօր ԱԺ-ում ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը ներկայացրեց «Նաիրիտի» գործով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու ՀՅԴ-ի նախաձեռնությունը: ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հարցրեց նրան, թե պետությանն ինչ վնաս է հասցվել «Նաիրիտի» դեմ կատարված «օֆշորաների» միջոցով՝ բացի գործարանի հայտնի վնասից: «Մամուլում շատ է խոսվում Տիգրան Սարգսյանի եղբոր առնչության մասին այս ամբողջ գործարքին: Դուք ունե՞ք որևէ տվյալ` ի՞նչ առնչություն ունի Տիգրան Սարգսյանի եղբայրը»,- Ա. Մինասյանին հարցրեց Լ. Զուրաբյանը:
Ա. Մինասյանի խոսքով` «Նաիրիտին» պատճառված վնասը, տարբեր գնահատականներով (փորձագետների, հետաքննող լրագրողների), տատանվում է 200-400 միլիոն դոլարի սահմանում: Ինչ վերաբերում է վարչապետի եղբոր` գործարանի առնչության մասին, պատգամավորը նշեց, որ, ըստ մամուլի, երկար տարիներ զբաղեցնում էր գլխավոր տնօրենի տեղակալի պաշտոնը, իսկ թե ինչ վնաս է պատճառել այդ անձը գործարանին, նա հրաժարվեց ասել` ավելացնելով, որ ժամանակավոր հանձնաժողովի ստեղծմամբ կտրվի նաև այդ հարցի պատասխանը:
ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբայանն էլ հետաքրքրվեց, թե արդյոք այդ հանձնաժողովի քննարկման առարկա կդառնան օրերս Եվրոպայի հայ ֆորումի հրապարակած աղաղակող փաստերը «Նաիրիտի» վերաբերյալ, թե ում շահերը սպասարկելու համար է գործարանը միտումնավոր տարվում սնանկացման: «Մամուլում եղան հրապարակումներ, որ նույն կառավարության ղեկավարի եղբայրը, որը եղել է «Նաիրիտի» փոխտնօրենը, ինքն իրեն պարգևատրել է 42 միլիոն դրամ պարգևավճարով: Արդյոք ուսումնասիրվելո՞ւ է դա»,- ասաց նա` նշելով, որ առհասարակ դա չէր հերքվել, ապա նաև հարցրեց, թե նաիրիտցիների աշխատավարձերի խնդիրն արդյոք դառնալու է այդ հանձնաժողովի ուսումնասիրության առարկա:
Ա. Մինասյանն ասաց, որ բոլոր փաստարկներն ու հրապարակումները «Նաիրիտի» վերաբերյալ ուսումնասիրվելու են հանձնաժողովում, քանի որ դրանով է պայմանավորվում գործարանի ապագան:
Մեկնաբանել