
Գագիկ Ջհանգիրյանը Մայդանի մասնագետ չէ
2008 թ. մարտի 1-2 դեպքերը ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու ԱԺ որոշման նախագծի քննարկման ժամանակ պատգամավոր Հրանտ Բագրատյանը կարծիք հայտնեց, որ եթե պատժվեին մարտի 1-ի մեղավորները, ապա չէր լինի նաեւ Ուկրաինայի Մայդանի դեպքերը: Հիմնական զեկուցող Գագիկ Ջհանգիրյանը կապ չտեսավ երկու դեպքերի միջեւ՝ Մայդանի դեպքերը տանելով հակառուսական ուղղությամբ: Դրանից հետո Հրանտ Բագրատյանը որոշակի պարզաբանում մտցրեց:
«Մայդանը հակառուսական ուղղվածություն չի ունեցել: Մայդանում մարդիկ արտահայտել են ժողովրդի կամքը: Հայաստանում էլ ժողովուրդն իրավունք ունի արդար իշխանություն ունենալ, եւ չեմ կարծում, որ Հայաստանում Մայդան հնարավոր չէ, եւ չեմ կարծում, որ Մայդանը պետք է ընդունել իբրեւ երեւույթ, որն անպայման ուղղված է ռուսների դեմ»,- ասաց Հրանտ Բագրատյանը:
Գագիկ Ջհանգիրյանն արձագանքեց, որ այս հարցում գուցե կարծիքները, հայացքները տարբեր լինեն: «Ես Մայդանի մասնագետը չեմ: Դուք Ուկրաինա շատ եք գնում-գալիս, ավելի խորքից գիտեք, չգիտեմ»,- ավելացրեց Գ. Ջհանգիրյանը:
Մեկնաբանել