HY RU EN

Անի Հովհաննիսյան

«Մարդիկ սովոր էին այդ գումարները վճարել, մենք ընդամենը գրպանից տեղափոխել ենք դրամարկղ»,- առողջապահության փոխնախարար

Այսօր առողջապահության նախարարությունն ասուլիս էր հրավիրել՝ հայտնելու, որ մարտի 8-ից ապրիլի 7-ն ընկած ժամանակահատվածում նախարարի հրամանով՝ կանանց մանկաբարձագինեկոլոգիական եւ նեղ մասնագիտական հետազոտությունները, բուժումն ու վիրահատությունները կանցկացվեն անվճար:

Հիշեցնենք, որ նախարարության մեկ այլ որոշմամբ՝ մարտի 1-ից վճարովի կդառնան նախկինում անվճար մի շարք ծառայություններ, ինչպիսիք են պոլիկլինիկաներում իրականացվող անվճար բուժզննումները եւ հղիության ընթացքում առաջացած բարդությունների բուժումները: Այս որոշումը դեռեւս գործելու է Երեւանի պոլիկլինիկաներում, մարզայինները շարունակում են մնալ անվճար:

Այսինքն՝ մանկաբարձագինեկոլոգիական խնդիրներ ունեցող կամ հղի կանայք այսուհետ պետք է վճարեն լաբորատոր բոլոր հետազոտությունների համար, սակայն մարտի 8-ից ապրիլի 7-ը նրանք ստանում են կանանց տոնի առթիվ նախարարության նվերն ու բուժվում անվճար:

«Հետքի» հարցին, թե արդյոք նախարարության նվերը նախորդ՝ վճարովի դարձնելու որոշումը ծածկելու նպատակ չունի, Մոր եւ մանկան առողջության բաժնի պետ Կարինե Սարիբեկյանը պատասխանեց. «Ոչ, ոչ, սա պատահական համընկնում է»:

Սարիբեկյանն ավելացրեց նաեւ, որ ծառայությունների վճարովի դարձնելը չի ենթադրում, որ բոլոր հղիներն են վճարելու. «Սոցիալապես անապահով խմբերին պատկանող կանանց վրա համավճարը չի տարածվելու, ինչպես նաեւ այն դեպքերում, երբ կնոջ մոտ անհետաձգելի իրավիճակ է: Ի վերջո՝ սոցիալական արդարության սկզբունք էլ կա չէ՞: Մեր բնակչության մեջ, այնուամենայնիվ, կա խավ, որը վճարունակ է, իսկ եթե մարդը վճարունակ է, ինչո՞ւ չվճարի»,- ասում է Կարինե Սարիբեկյանը:

Իսկ փոխնախարար Վահան Պողոսյանը հավելում է, որ երբ սոցիալապես անապահով խավերի կանանց հանում ենք, «տակը բան չի մնում»:

Պոլիկլինիկաներում բուժզննումները վճարովի դարձնելնու նպատակն, ըստ առողջապահության փոխնախարար Վահան Պողոսյանի, ստվերայնությունից խուսափելն է:

«Հետքի» հարցին, թե երբ նշվում է ստվերայնության դեմ պայքարի մասին, նախարարությունն ունի՞ որեւէ ուսումնասիրություն, որ անվճար բուժզննումների դեպքում բարձր կոռուպցիոն ռիսկ է գրանցվել, փոխնախարարը պատասխանեց.

«Մենք տարիներ առաջ տարբեր հիվանդանոցներում փորձարարական համավճար ենք ներդրել՝ սոցիալապես անապահովներին Էրեբունի բժշկական կենտրոնում, Մալայանի հիվանդանոցում՝ աչքի վիրահատությունների ծրագրով: Ուռուցքաբանության ծառայության մեջ համավճար ենք ներդրել եւ դրանից առաջացած գումարները մի քանի անգամ ավելացել են տվյալ բուժհիմնարկում: Դրանով մենք փորձելու ենք արդարության սկզբունքն ապահովել: Մարդը գնում է բուժհիմնարկ, կատարում է վճարումներ, բայց ո՞ւմ: Նա պետք է միմիայն վճարի բուժհիմնարկին»:

Վահան Պողոսյանը համարում է, որ ոչ մի բողոք, ոչ մի դժգոհություն չկա. եթե նախկինում վճարում էին բժիշկներին, հիմա վճարելու են հիվանդանոցին. «Մարդիկ սովոր էին այդ գումարները վճարել, հիմա մենք ընդամենը տեղն ենք փոխել: Գրպանի գումարները տարել ենք դրամարկղ»: