Անունս Ֆրացիսկո Սանչես Գոմես է, մականունս՝ Պակո դե Լուսիա, ես կիթառահար եմ
Նաիրա Հայրապետյան
«Անունս Ֆրացիսկո Սանչես Գոմես է, մականունս՝ Պակո դե Լուսիա, և ես կիթառահար եմ»,- ահա այն ամենը, ինչը նա համարում էր կենսագրական տեղեկություն: Հետո Կասիլդա Սանչեսի կողմից ավելացվեց. «Եթե ուզում եք նրան Ձեր տուն հրավիրել, ապա նախատեսեք. Ուտելու համար՝ ապուրներ և արգանակ (գդալով ուտվող որևէ նման բան) Խմելու՝ կարմիր գինի Չխոսել նրա հետ կիթառի և իր գիշերային մղձավանջի մասին: Ձայնարկիչից հնչելու է Կամարոն, որովհետև «նա իմ ճանաչած մեծագույն հանճարն է» Ճաշից հետո՝ Բիլի Ուայլդըրի որևէ ֆիլմ կամ Կիսլյովսկու «Երեք գույն» եռերգությունը Գիրք, որը կարող եք առաջարկել. ցանկացած բան Օսկար Ուայլդից: Ոչ մի փիլիսոփայական գիրք, որովհետև ասում է, որ Օրտեգա Ի Գասետի աշխատությունը կարդալուց հետո նա դադարել է վերլուծել ամեն ինչ և դրանով իսկ կորցրել է իր հումորի զգացումը»:
Փետրվարի 26-ին համաշխարհային մամուլը ողողված էր մի տխուր լուրով՝ «Մեքսիկայում, սրտի կաթվածից մահացել է իսպանացի աշխարհահռչակ կիթառահար Պակո դե Լուսիան»: Ֆլամենկոյի ամենանշանավոր վարպետներից մեկի մահը հայտարարվեց Իսպանիայի հարավում գտնվող նրա ծննդավայր Ալխեսիրասի քաղաքապետարանից. նա մահացել էր Մեքսիկայի Կանկուն ավանում: Պակո դե Լուսիան 66 տարեկան էր:
Ֆլամենկո ոճի իսպանացի կոմպոզիտոր, կիթառահար և պրոդյուսեր Պակո դե Լուսիան համարվում է «Նոր Ֆլամենկո» ոճի ներկայացուցիչը. առաջիններից մեկը, ով հաջողությամբ հաստատվեց նաև երաժշտական այլ ժանրային տարածքներում՝ ֆլամենկոն միավորելով դասական, ջազային, ռոք երաժշտությունների, երբեմն՝ նաև բրազիլիական ռիթմերի հետ:
«Կիթառ. երաժշտություն, պատմություն, կատարողներ» գրքի հեղինակներ Ռիչարդ Չեփմենը և Էրիկ Քլեփթոնը, անդրադառնալով Պակո դե Լուսիային, նրան բնութագրում են որպես ֆլամենկո կիթառի աշխարհում տիտանային ֆիգուր, իսկ մեկ այլ երաժիշտ-կիթառահար՝ Դենիս Քոսթերը, ֆլամենկոյին նվիրված իր գրքերից մեկում Լուսիային համարում է պատմության մեծագույն կիթառահարներից մեկը:
«Այն, ինչ անում եք, պետք է վստահելիություն ունենա: Կարևոր չէ, թե ներդաշնակության մեջ ուր եք հասել, նշանակություն չունի թե որքան խենթ է այն թվում, նա պետք է բուրի և հնչի ինչպես ֆլամենկոն»,- ասում է Պակո դե Լուսիան:
Նա ծնվել էր 1947թ. դեկտեմբերի 21-ին, իսպանական Ալխեսիրաս քաղաքում: Հինգ երեխաներից բաղկացած ընտանիքում Ֆրանցիսկոն ամենակրտսերն էր, հայրը և եղբայրներից Ռամոնը կիթառ էին նվագում՝ ֆլամենկո, իսկ Պեպեն նույն ոճի երգիչ էր: Կիթառի իր առաջին դասերն առել է հորից, հինգ տարեկան հասակում. « Հայրս և եղբայրներս կիթառ էին նվագում, այնպես որ մինչև այս ամենին հասնելը, ավելի ճիշտ՝ մինչև խոսելս, ես նախ՝ լսում էի: Մինչ նվագել սկսելը, արդեն ճանաչում էի ֆլամենկոյի յուրաքանչյուր ռիթմը, ես գիտեի երաժշտության իմաստն ու զգացողությունը, այնպես որ երբ սկսեցի նվագել, ես ուղղակի գնացի դեպի իմ ականջներում նստած երաժշտությունը»:
Տասնմեկ տարեկանում նա իր առաջին հրապարակային ելույթն ունեցավ, այն էլ՝ Ալխեսիրասի ռադիոյից: Մեկ տարի անց ֆլամենկոյի միջազգային երաժշտական մի մրցույթ-փառատոնում հատուկ մրցանակի արժանացավ, որից կարճ ժամանակ անց եղբոր՝ Ռամոնի հետ արեցին իրենց առաջին ձայնագրությունը: Պակո դե Լուսիա բեմական անունը նա ընտրել է իր անվան կարճ տարբերակի (Պակոն Ֆրանցիսկոյի կարճ անվանումն է) և մոր անվան (Լուսիա Գոմես) համադրությունից:
Աշխարհի ամենանշանավոր և ամենաազդեցիկ կիթառահարներից մեկի կատարման վիրտուոզությունը հիմնված էր բնածին զգացողության և ավանդական տեխնիկական հնարքների փայլուն տիրապետման մեջ: Պակոյի մատները դրանք հնչեցնում էին ֆանտաստիկ արագությամբ: Միևնույն ժամանակ, ֆլամենկոյի ավանդական ռիթմերի մեջ կատարյալ լինելով, նա հաճախ էր սիրում «խաղալ» դրանց հետ՝ հանկարծակի հայտնվող աբստրակտ ակորդներով, երբեմն անակնկալ, բայց սահուն թափանցող ջազային մեծածավալ կտորներով, որոնցով ձուլված էին նրա չափազանց տարբեր, բայց զարմանալիորեն ներդաշնակ գույներ ներկայացնող կոմպոզիցիաները:
Այս նորարարությունը նոր ճանապարհ բացեց ֆլամենկոյի համար՝ ավանդականը հարստացնելու, զարգացնելու և միաժամանակ նոր ուղղություն՝ Նոր Ֆլամենկո ձևավորելու համար: Իր ձայնագրությունների շնորհիվ Պակո դե Լուսիան շուտով արժանացավ ֆլամենկոյի հեղինակավոր անուններից մեկի՝ երգիչ Կամարոն դե լա Իսլայի ուշադրությանը, ում հետ համագործակցությունը զգալի ազդեցություն ունեցավ թե ստեղծագործական, թե գործնական առումով:
1968-1977թթ. նրանք միասին ձայնագրեցին 10 ալբոմ, իսկ երաժշտական ընթացքի առումով այդ համագործակցությունը շատերի կողմից բնորոշվում էր, որպես «ֆլամենկոյի պատմության 20-րդ դարի վերջին քառորդի կենտրոնը»:
1970-ական թվականների վերջից նա սկսում է համագործակցել այնպիսի երաժիշտների հետ, ինչպիսիք են Ջոն Մըքլաֆլինը, Ալ Դի Մեոլան, Լարի Քորիելը: Այս տարիներից նա սկսում է ժողովրդականություն վայելել հայրենի Իսպանիայի սահմաններից դուրս: 1979թ. նրանք հիմնում են հայտնի «Կիթառի Տրիոն», որը համերգային մեծ շրջագայություն է ունենում Եվրոպայով: Արդյունքում նաև թողարկվեց Լոնդոնի Ռոյալ Ալբերտ Հոլում արձանագրված համերգի տեսանյութը՝ «Հոգիների հանդիպումը» անվանումով:
1981թ. թողարկվեց Տրիոյի ամենահաջողված ձայնագրությունը՝ “Friday Night in San Francisco”, որը վաճառվեց ավելի քան մեկ միլիոն օրինակով և դարձավ Եվրոպայում և ԱՄՆ-ում ֆլամենկոյի հանդեպ հետաքրքրությունը թեժացնող անցագրային ալբոմ: Նույն թվականին Պակոն եղբայրների հետ հիմնեց «Պակո դե Լուսիա սեքստետ» -ը՝ կարծես ի պատասխան նրա հասցեին հնչող որոշ քննադատությունների և մտավախությունների, և թողարկեց ևս մեկ ալբոմ: Իսկ օգոստոսին նա Գերմանիայում ներկայացավ մենահամերգով. մի խոսքով, ստեղծագործական բեղուն շրջան էր, լի նորություններով և խոստումնալից քայլերով, որը շարունակվեց նաև 1982թ, արդեն այլ հետաքրքիր ուղղությամբ. Պակոն սկսեց երկխոսության մեջ մտնել ջազի յուրօրինակ անուններից մեկի՝ Չիկ Կորեայի հետ, ով զգալի ազդեցություն թողեց նրա վրա:
Այս համագործակցությունները, որքան էլ երաժշտական առումով հագեցած, այնուամենայնիվ, որոշ քննադատությունների տեղիք տվեցին ֆլամենկոյի երկրպագուների շրջանում: Ալ Դի Մեոլան, հանգստացնելով քննադատներին, հայտարարեց՝ «Պակոն չի լքում ֆլամենկոն, այլ ընդլայնում է այն»: Բայց Պակոն ամենաշատը վիրավորվեց այն բանից, երբ քննադատներից մեկը հնչեցրեց տեսակետը, թե Մըքլաֆլինի, Չիկ Կորեայի և Դի Մեոլայի հետ աշխատանքը Լուսիայի համար որքան էլ հետաքրքիր ու հարուստ փորձառություն է, այնուամենայնիվ, նրանց իմպրովիզացիոն հնարքները նրան կարող են շատ հեռու տանել, որից խորապես շփոթմունքի մեջ հայտնվելով՝ նա հնարավոր է կորցնի իր երաժշտական ինքնությունը:
Հետագայում՝ արդեն 90-ականներին, իր հարցազրույցներից մեկում պատասխանում է. «Ես երբեք չեմ հեռացել իմ երաժշտության ակունքներից, որովհետև այդ կերպ ես կհեռանայի ինքս ինձնից: Այն, ինչ փորձում էի անել՝ մի ձեռքով ավանդականից բռնվելն էր, իսկ մյուսով փորել ու գտնել նոր բաներ՝ ֆլամենկոյի մեջ տեղափոխելու համար»:
Տրիոյի հետ նվագելու տարիներին անդրադառնալիս` նա նաև նշում է. «Որոշ մարդիկ ենթադրում են, որ ինձնից են սովորում, բայց պետք է ասեմ, որ այդ ե՛ս էի նրանցից սովորում: Ես երբեք երաժշտական կրթություն չեմ ստացել, ես ի վիճակի չեմ հարմոնիա սովորելու և այդ առումով էլ կարգապահ չեմ. Մըքլաֆլինի և Դի Մեոլայի հետ նվագելի՛ս ես սովորեցի այդ բաները»:
Աշխարհառչակ դաշնակահար Չիկ Կորեայի խոստովանությամբ՝ սեփական երաժշտական աշխարհը կերտելու հարցում Պակոն նրան ներշնչել է այնքան, որքան Մայլս Դևիսը, Ջոն Քոլթրեյնը, Բարտոկը և Մոցարտը:
Պակո դե Լուսիան բազմաթիվ հեղինակավոր մրցանակների և պարգևների է արժանացել, նա համագործակցել է նաև ռեժիսորների հետ` մասնակցելով ֆիլմերի ստեղծմանը ոչ միայն որպես երաժիշտ, այլ նաև դերասան:
«Ատլանտա» ամսագիրն իր համարներից մեկում բնութագրելով դե Լուսիայի նվագը՝ գրել է. «Կիթառը, երբ օգտագործվում է ինչպես հարկն է, կարող է դառնալ ձայն ստեղծող ամենագեղեցիկ և ամենահուզիչ գործիքը: Երբ նրա մատները խաղում էին լարերի վրայով, նա ստեղծում էր աներևակայելի մի երաժշտություն, գրեթե ինչպես օրորոցայինը» (Ատլանտա ամսագիր, Փետրվար 2004թ, էջ 74):
«Դու պետք է տեխնիկապես բավականաչափ իշխանություն ունենաս՝ նրա մասին մոռանալու համար,- ասել է Պակո դե Լուսիան,- դա այն է, երբ դու կարող ես արդեն սկսել արտահայտել ինքդ քեզ»:
«Նրա մահը անդառնալի կորուստ է մշակութային աշխարհի համար»,- նշել է Իսպանիայի մշակույթի և կրթության նախարար Խոսե Իգնասիո Վերտ Օրտեգան՝ Պակո դե Լուսիային անվանելով «եզակի և չկրկնվող երևույթ»:
Իսկ երկրպագուներից մեկը իր թվիթերյան էջում գրառել էր. «Հանգչիր խաղաղությամբ, այսուհետ դու հրեշտակներին ես կիթառ նվագել սովորեցնելու»:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել