HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հատվածներ Լեռ Կամսարի «Սոցիալիզմի Սահարա» գրքից

Լեռ Կամսար

Պատմական այն շրջանում, երբ դեռ քաղաքներ գոյություն չունեին եւ մարդիկ ապրում էին գյուղերում, ոչ մի ազգ ինքն իրեն չէր կոտորում, միշտ ուրիշները պիտի կոտորեին։ Բայց երբ առաջ եկան քաղաքները, ծաղկեցին «քաղաքացիական կռիվները» եւ այլեւս ազգերն առանց հարեւան ազգերին նեղություն տալու՝ իրենք իրենց կոտորում էին։
Այնպես, ինչպես հիմա առանց սափրիչի մենք մեզ ածիլում ենք...

 Տեսեք, թե գաղափարները ինչպե՜ս են խունանում եւ շարքից դուրս գալիս...

Մի ժամանակ «ազգասիրությունը» գաղափարների շուկայում ամենաաչքի ընկնող խանութն էր գրավում։ Հիմի այդ խանութն օրումեջ է բացվում եւ շատ շուտով կփակվի բնավ չբացվելու համար։

Հիմա՝ քաղաքացիական կռիվ։ Հիմա ազգերը բաժանվում են երկու մասի ու իրար կոտորում։ Հիմա ազգերն իրենց պատերազմական կարիքները բավարարելու համար այլեւս կարիք չեն զգում օտարներին ձեռք մեկնել։ Ունեն իրենց սեփական ատելության աղբյուրը, որն անսպառ նյութ է տալիս ներքին պատերազմների համար։

Ֆրանսիացիք դարեր շարունակ պատերազմեցին օտարների հետ, չմտածեցին գիլյոտին հնարել՝ նրանց վզները արագ եւ շտապ կտրելու համար։ Գիլյոտին հնարեցին այն ժամանակ միայն, երբ պետք զգացին իրար գլուխները կտրելու համար։

Հոկտեմբերյան հեղափոխության ժամանակ Ռուսաստանում իրար կոտորելու տենչն այնքան բուռն էր եւ պատճառն այնքան սակավ, որ ստիպված  կարմիրների ու սպիտակների բաժանվելով՝ իրար կոտորեցին։ Փառք տալու է ամենակալին, որ Ռուսաստանը գույների կողմից աղքատ է, եթե նա ունենար ծիածանի յոթ գույները, յոթ կուսակցության կբաժանվեր՝ յոթն անգամ շատ իրար կոտորելու համար։

Ռուսաստանը, ասենք ոչինչ, երկու հարյուր միլիոն է, նրան կարելի է ներել այդ շռայլության համար, բայց ի՞նչ ասես մեր քոսոտ հայ-կարմիրներին, որոնք Ռուսաստանի մասշտաբով կամեցան կոտորել մատի վրա համրվող իրենց ազգակիցներին։ Ու դրանք չկոչվեցին “դավաճան”. դրա դիմաց խեղճ Վասակ Սյունին այս տասնհինգ դար շարունակ դավաճան է կոչվում մեր ազգի կողմից։ Վասակը հավատափոխ կամեցավ անել հայերին՝ Պարսկաստանից իր հետ բերելով կրակապաշտ մոգերին, իսկ կարմիր հայերը Մոսկվայից բերին այնպիսի մոգեր, որոնք ոչ թե փոխեցին հայ կրոնը, այլ իսպառ վերացրին, իրենց «կարմիր անկյուններում» դնելով Լենինի ու Ստալինի պատկերները՝ երկրպագելու համար։

Մահմեդական աշխարհը, դարեր շարունակ կոտորելով հային, մինչեւ օրս էլ չսովորեց մեզ կոտորելու արվեստը։ Լենկ Թեմուրն այնքան համբակ դուրս եկավ, որ հայերին Վանա բերդից վայր գլորելիս թույլ տվեց, որ վերջին ընկնողները չմեռնեն։ Մինչդեռ հայ կարմիրները  Զանգեզուրում, երբ գնդացիրով վայր էին գլորում շարքով կանգնած հայերին, որ մի քահանա, մնալով դիակների տակ, ազատվեց ու խնդրեց մեռածներին ստուգող «սմերտնի կոմիսարին» խնայել իր ալեւոր մորուքը, կոմիսարն ասաց.

-Չեմ կարող ազատել քեզ, ինձ վրա հաշվված ես որպես մեռած։

Ու ատրճանակը բռնելով կրծքին, տվեց ծեր քահանային գետին գլորեց՝ ասելով մահմեդականներին.

-Հային ահա այսպես կկոտորեն, հիմարնե՜ր...

Սրանով էլ գնաց ազգասիրությունը եւ եկավ ազգատյացությունը։

-------------------------------------

Եթե ընդունենք, որ ամեն գաղափար հնանում է, պետք է ընդունել, որ կգա ժամանակ, երբ կհնանա նաեւ քաղաքացիական պատերազմը։ Ի՞նչ գաղափար պիտի հաջորդի նրան։

Կհաջորդի անհատի պատերազմ ինքն իր հետ։ Միեւնույն մարդու աջ ու ձախ  ձեռները, ներկվելով երկու տարբեր գույներով, կսկսեն երկու կողմից հարվածներ հասցնել մարդու հիմար գլխին...

                                               *****

Ես չեմ նկատել, բայց հիմա, որ նայում եմ մեր ընտանիքի վրա, տեսնում եմ, որ մեր վեց հոգուց բաղկացած ընտանիքը երկու կուռ, ոչնչում իրար չզիջող, իրենց քաղաքական դավանանքներում հաստատուն կուսակցություններ են դարձել, որոնք ամենօրյա պայքար են տանում այն հարցի շուրջը, թե այսօր ի՞նչ կերակուր պիտի եփել ճաշի համար։ Մեկ կողմ կանգնած ենք ես ու կինս՝ մեր անատամ բերաններով, մյուս կողմը՝ որդիս, հարսս՝ իր երկու երեխաներով, որոնց ակռաները քար կաղան։ Այս պայմաններում կարո՞ղ ենք չհակադրվել իրար, կարո՞ղ ենք «պարտիականների ու անպարտիականների կուռ բլոկ» կազմել մեր ընտանեկան ընտրությունների ժամանակ։ Ո՛չ, մենք տարբեր կուսակցություններ ենք արդեն եւ ունենք մեր ուրույն պլատֆորմներն ավելի անհարիր, քան որեւէ երկու տարբեր քաղաքական կուսակցություններ իրար հետ։

Մարքսիստները, որ բաժանվեցին բոլշեւիկների ու մենշեւիկների, արդյո՞ք ավելի ռեալ հիմք ունեին, քան մենք։ Նրանք երկուսն էլ քաջառողջ ատամներ ունեին իրենց բերաններում եւ կարող էին ամեն տեսակ ճաշ միասին վայելել՝ առանց մեզ նման «չոր ու կակուղ» անելու։

Վերցնենք մեր հայկական երեք կուսակցություններին՝ հնչակյաններին, դաշնակցականներին ու ռամկավարներին։ Այս երեք կուսակցություններն իրենց գոյության օրվանից, մի նեղ բանկայում սեղմված, ճնշվել են թուրք կառավարության ծանր լծի տակ եւ առանձին-առանձին բղավել են՝ «ազատությու՜ն», «ազատությու՜ն», «ազատություն»։ Ձեզ եմ հարցնում՝ միեւնույն «ազատության» համար արժե՞ր երեք կուսակցություն հիմնել, եւ անգամ իրար դեմ պայքարի ելնել։

Իսկ ես ու կինս ուրիշ։ Մենք երկուսս ատամներ չունենք, եթե չպայքարենք կաշ ու փլավի համար եւ թույլ տանք մեր ընտանեկան հակառակորդներին գոմեշի մսից խորոված պատրաստել, մենք սոված պիտի մնանք ու մեռնենք գնանք։

Ատամը բնորոշում է ոչ միայն քաղաքական  կուսակցություններ, այլեւ կենդանական ցեղեր։ Խոտաճարակներն, ըստ իրանց ատամնաշարի, լինում են բարեհոգի, հեզահամբույր եւ շուտ են ընտելանում մարդուն։ Իսկ մսաճարակները՝ վայրենի գազան։

Ամերիկայում գոյություն ունի երկու կուսակցություն՝ հանրապետականներ ու դեմոկրատներ։ Ընտրություններին թեեւ հանդես են գալիս նախագահական ուրույն թեկնածուներով, բայց որովհետեւ պլատֆորմները նույնն են, այդ երկու թեկնածուներն համարյա միեւնույն բերանով են ծամում...

Իսկ մեր տան երկու կուսակցությունները ոչ մի պայմանով չեն կարող միանալ՝ այդ մեկ, երկրորդ էլ մեծ վախ կա, որ մեր՝ պառավներիս կուսակցության մեջ երկու ֆրակցիաներ առաջանան։ Որովհետեւ ես ունեմ առաջին երկու ատամներ, որով նեղն ընկած տեղը կարող եմ մի բան կրծել, իսկ նա այդ էլ չունի...

----------------------------

Դարերի ընթացքում անհետացած կենդանիների, ինչպես, օրինակ, մամոնտների բնութագիրը նրանց ատամների ուսումնասիրությամբ են միայն տալիս գիտնականները։

Մի օր, եթե բոլշեւիկյան կառավարությունը վերանա աշխարհի երեսից, ապագա գիտնականները բանալով նրա մեռած բերանը եւ նայելով ատամներին, որոնք բացառապես ժանիքներից են կազմված, պիտի ասի.

- Այս կենդանին իր զոհերին սաղ-սաղ է կուլ տվել, որովհետեւ ծամելու համար չունի ոչ սեղանատամ, ոչ կտրիչ։

Եվ չի սխալվի։ Մենք էլ գիտենք, որ Ստալինը սաղ-սաղ էր կուլ տալիս իր զոհերին։ Նրա մահվանից հետո Խրուշչովը միայն սկսեց իր զոհերին երկար ծամելուց հետո նոր կուլ տալ...

1959թ.

Մեկնաբանություններ (1)

Սուսաննա
Այսօրվա ցավոտ ու դաժան իրականության դրվագներ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter