«Գնում ենք Գառնու կաֆեի ավազը դատարկենք»
«Գնում ենք Գառնու կաֆեի ավազը դատարկենք» ֆեյսբուքյան խմբի մասնակից երիտասարդ բնապահպաններն այսօր, մարտի 2-ին, Գառնի գյուղի բնակիչների հետ համատեղ իրականացրին «Գառնի» արգելոցում իրականացվող սրճարանի կառուցապատման դեմ նախաձեռնված ակցիան: Սրճարանը կառուցելու համար տարածքում եղած ավազն ու խիճը պարկերով տեղափոխեցին եւ լցրին կցասայլակը՝ դրանով իրենց անհամաձայնությունն արտահայտելով մշակույթի նախարարության ձեռնարկած ապօրինի գործողությունների դեմ:
Ոստիկանության Կոտայքի մարզի Գառնիի բաժանմունքի ոստիկանները փորձեցին միջամտել ակցիայի մասնակիցների գործողություններին՝ դրանք որակելով անօրինական, սակայն նրանց հիշեցրին, որ նախարարությունն է անօրինական գործողություններ իրականացնողը: «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի աշխատակիցները հանդարտության կոչ արեցին ակցիայի մասնակիցներին՝ տեղեկացնելով, որ երեկ տաճարում է եղել մշակույթի նախարարի տեղակալ Արեւ Սամուելյանը նախարարության աշխատակիցների հետ, եւ նրանք Գառնիի համայնքապետի, քրմերի եւ ոստիկանության աշխատակիցների հետ քննարկել են ստեղծված իրավիճակը: Որոշվել է 5 օրով դադարեցնել աշխատանքները եւ քննարկել սրճարանի կառուցման հարցը՝ ոստիկանությանը հնարավորություն տալով պարզել դրա օրինականության հարցը, այլ կերպ ասած՝ հարցը դիտարկել իրավական հարթությունում:
«Գնում ենք Գառնու կաֆեի ավազը դատարկենք» նախաձեռնության մասնակիցները բողոքի ակցիան ավարտեցին՝ իրենց հետ մի քանի պարկ ավազ մայրաքաղաք տեղափոխելով, որը դրվել է մշակույթի նախարարության շենքի առջեւ:
Լուսանկարները՝ Սառա Պետրոսյանի և Հայկ Դավթյանի
Մեկնաբանություններ (5)
Մեկնաբանել