HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

Պատշգամբում ստեղծված ինքնաշեն մեքենան անցել է ավելի քան 2 մլն կմ

Հենրիկ Մաթևոսյանն իր ինքնաշեն մեքենան՝ «Որորը», ստեղծել է 1981 թ.-ին:

Երբ բարեկամներից մեկի տանը, ով մեքենաների հավաքածու ուներ, հավանում է մոդելներից մեկը, վերցնում է այն և որոշում իր ձեռքերով պատրաստել դրա իսկականը: Թեպետ մեքենայի դիզայնի մշակումը տևում է 4 ամիս, բայց մեքենան նա պատրաստում է 2 տարվա ընթացքում: Մեքենան անունը ստացել է իր դռների շնորհիվ, որը բացվելիս այն թռչուն է հիշեցնում: Ընդ որում, Հ. Մաթևոսյանը մեքենան հավաքել է իրենց բնակարանի փակ պատշգամբում: Հ. Մաթևոսյանի արխիվային լուսանկարներում պահպանվել է այն նկարը, երբ իրենց պատշգամբից իջեցնում են արդեն պատրաստի մեքենան:

Հ. Մաթևոսյանի կինը՝ Օլգա Դավթյանը, ցույց է տալիս պատշգամբն ու ժպտալով հիշում այն տարիները, երբ իրենց երկու տղաները դեռ փոքր էին, իսկ իրենց տանը ամուսինն ու ընկերները յուղի ու փոշու մեջ կորած մեքենայի տարբեր մասերն էին փորձարկում:  

Հ. Մաթևոսյանը շատ խոսել էլ չի սիրում, խոսակցության ընթացքում էլ մեքենաների թեմայից չի շեղվում: Նա մատնացույց է անում կնոջն ու ասում «այ, իրա մասին նյութ գրեք, որ էսքան ինձ դիմացել ա»: Կինն էլ հիշում է, որ աշխատել է հնարավորինս չխանգարել ու կենցաղային հոգսերով չծանրաբեռնել ամուսնուն, որպեսզի վերջինս ամբողջությամբ նվիրվի իր սիրած գործին:

1983 թ.-ին Հ. Մաթևոսյանը իր մեքենան վերանվանում է «Զանգեզուր», քանի որ ինքը  ծնունդով զանգեզուրցի է: Տարիիների ընթացքում փոխվում են նաև մեքենայի գույները. սպիտակից դառնում է արծաթագույն, այնուհետև կանաչ, սև: Հիմա ինքնաշեն մեքենան կարմիր է: «Զանգեզուրի» հեղինակը համոզված է, որ իր մեքենային բոլոր գույներն էլ սազում են: Ստեղծման օրվանից մեքենան անցել է 2 մլն կմ-ից ավելի: Խորհրդային տարիներին այն մասնակցել է գրեթե բոլոր ավտոմրցաշարերին, և բազմիցս դարձել մրցանակակիր: Հ. Մաթևոսյանը արագության մեծ սիրահար է, և խոստովանում է, որ հիմա էլ արագ կքշեր, ուղղակի «չեն թողնում»: Կինը հիշում է, որ երիտասարդ տարիքում իրեն նույնպես դուր էր գալիս արագությունը, բայց հիմա արդեն անհանգստանում է ամուսնու առողջության համար:   

Հ. Մաթևոսյանը մասնագիտությամբ ինժիներ-մեխանիկ է, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանն ավարտել է 1975 թ.-ին: Իսկ առաջին մեքենան ստեղծել է 1970 թ.-ին, որը Լենինի 100-ամյակի առթիվ անվանվել է Վիլսո (Վլադիմիր Իլյիչ Լենին): Նախքան համլսարանում սովորելը նա նաև մոտոցիկլետներ է պատրաստել:

«Ձեզ իր հետ մոտոյով քշել է», - հարցնում եմ կնոջը՝ Օլգային, ով Ղարաբաղից է:

«Ես մոտոյի ժամանակ դեռ չկայի», - ժպտալով պատասխանում է նա: Այնուհետև ամուսինը հավելում է. «Իրանց գյուղն ուրիշ տեղ էր, մերն ուրիշ տեղ»:

1985 թ.-ին Հ. Մաթևոսյանը սկսում է իր վերջին մեքենայի ստեղծման աշխատանքները: Բայց խնդիրների պատճառով նա իր գործը շարունակում է միայն 2000 թ.-ից հետո: Այս մեկը, որը նույնպես կարմիր է, նա անվանում է «Հոդո»՝ իր անվան կարճ տարբերակը:

«Հիմա էնքան բան կա, որ ոչ մի բանից էդքան չես երջանկանում: Բայց էն ժամանակ էդ կարգի փոքր բաներն էլ են երջանկություն պատճառել», - ասում է Օլգա Դավթյանը:

Օ. Դավթյանը հուշամեդալների ու պատվոգրերի հետ միասին խնամքով պահել է այն բոլոր նամակները, որ ժամանակին ստացել է ամուսինը: Նամակագիր տղաները հետաքրքրվում էին մեքենայով, իսկ աղջիկները՝ նաև մեքենայի տիրոջով: Կինը խոստովանում է, որ չնայած ամուսինը հաճախ էր շրջագայում, բայց երբեք չի խանդել. միայն ուրխանում էր, որ ամուսինը իր ձեռքի ստեղծածի շնորհիվ հաջողություններ է ունենում:  

«Սրա ի՞նչն է հաջողություն, ավտո է էլի», - կողքից ասում է Հ. Մաթևոսյանը:

«Որոր» մեքենայով շրջագայությունների ու հաջողությունների ամենակտիվ շրջանը եղել է 1981-1989 թ-ը: Այնուհետև, երբ արդեն սկսվում է Արցախյան պատերազմը, Հ. Մաթևոսյանը գործընկերների հետ պատրաստում է բագգի տեսակի մեքենաներ՝ ռազմադաշտ ուղարկելու համար: Առաջին մեքենաները փորձարկելու համար եկել էին Վազգեն Սարգսյանն ու Վանո Սիրադեղյանը: Ժամանակին Հ. Մաթևոսյանը ցանկանում էր նաև ինքնաթիռ պատրաստել, սակայն խորհրդային իշխանությունները նման թույլտվություն չեն տալիս:

Այժմ Հ. Մաթևոսյանն արդեն թոշակառու է, բայց շարունակում է օրվա մեծ մասն անցկացնել իր արհեստանոցում: Այստեղ է կանգնեցված իր «Զանգեզուրը», որը, ի տարբերություն ացած տարիների, այժմ հազվադեպ է քշում: Պարբերաբար Հ. Մաթևոսյանը այլ մեքենաների վրա է աշխատում, միաժամանակ, մտածում է ինքնաշեն մեքենան բարելավելու, ավելի ժամանակակից դարձնելու մասին: Սակայն նոր մեքենա պատրաստելու մասին այլևս չի մտածում. «արդեն հերիք է»: Այն ժամանակ մեքենաների թե քանակն էր քիչ, թե տեսակները: Ինքնաշեն մեքենա սարքողներն առավելություն ունեին. համ մեքենա էին ձեռք բերում, համ էլ այն պատրաստում էին իրենց ճաշակին համապատասխան:

Այժմ, Հ. Մաթևոսյանի կարծիքով, այն հետաքրքրությունը, որ առաջ կար ինքնաշեն մեքենաների նկատմամբ, բավականին նվազել է: Այն ժամանակ դա նորություն էր, բայց հետո այնքան նոր ու տեխնիկապես հագեցած մեքենաներ են ստեղծվել, որ դժվար է ինքնաշեն մեքենայով զարմացնել: Երբ 2013 թ.-ի ամռանը, երբ Հ. Մաթևոսյանը մասնակցում էր Մոսկվայում անցկացվող «Ավտոէկզոտիկա 2013» ավտոմեքենաների միջազգային 17-րդ ցուցահանդեսին, ներկայացված բազմաթիվ մեքենաների շարքում ինքնաշեն մեքենաները միայն երկուսն էին, որից մեկն իրենն էր: Ստեղծման ժամանակից ի վեր «Զանգեզուրը» գնելու առաջարկներ շատ են եղել, սակայն իր ստեղծագործությունից բաժանվել Հ. Մաթևոսյանը հրաժարվել է: Այժմ նա հրավեր ունի 2020 թ.-ին Աբու Դաբիում մասնակցել մեքենաների շքերթին:

«Մնում է ապրենք մինչև էդ թիվը», - ասում է Հ. Մաթևոսյանը:

Մեկնաբանություններ (2)

Սամվել Ալեքսանյան Պ
Սիրում և շատ եմ հարգում նման ստեղծագործ ու ճկուն միտք ունեցող մարդկանց: Նամանավանդ, որ Հենրիկ Մաթևոսյանը մեքենաները ստեղծել է խորհրդային տարիներին:
Jerry
I truly enjoy Hetq's English section. The articles are interesting and the language is lively and engaging. A cut above the rest of the press in Armenia.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter