
Սուրեն Աբովյանը պատմում է իր խոսող քամանչայի ու ստեղծած թանգարանի մասին (տեսանյութ)
86-ամյա Սուրեն Աբովյանը հավաստիացնում է, որ իր քամանչան ոչ միայն լավ նվագում, այլև խոսում է: Եվ քանի որ «չարաճճի» քամանչան «խռովկան է», այն խոսում է միայն իր տիրոջ հետ:
Սուրեն Աբովյանը դժվարանում է նշել իր մասնագիտությունը, որովհետև զբաղմունքների շրջանակը լայն է: Սակայն համագյուղացիները նրան գիտեն որպես Տավուշի մարզի Կողբ գյուղի պատմության թանգարանի հիմնադիր: Երկար տարիներ նա ղեկավարել է նաև տեղի մշակույթի ակումբը: Այժմ առողջական խնդիրների պատճառով Ս. Աբովյանը չի կարողանում հաճախ գնալ թանգարան, բայց ամեն օր զանգում, հետաքրքրվում է, թե ինչպես է թանգարանի վիճակը, ինչ փոփոխություններ են արել: Իսկ երբ կարողանում է գալ, միշտ իր հետ թանգարանի համար որևէ նմուշ է բերում` հին լուսանկար, գրություն կամ կենցաղային իր: Եթե այդ ժամանակ թանգարանում լինում են նաև այցելուներ, ապա նրանք հնարավորություն են ունենում լսել «Հարութի» նվագը: Այդպես է անվանել իր քամանչան Ս. Աբովյանն ի պատիվ Սայաթ-Նովայի: Այդ գործիքն էլ երաժշտական մրցույթներից մեկի ժամանակ նրան է նվիրել ՀՀ ժողովրդական արտիստ Արտեմ Մեջինյանը:
Չնայած հաճախ է քամանչան ձեռքը վերցնում, բայց խոստովանում է, որ ամենավատը քամաչա է նվագում: Տարիներ շարունակ զուռնա և կլառնետ է նվագել գյուղի թե հարսանիքների, թե սգո արարողությունների ժամանակ:
Սուրեն Աբովյանի հիշողության մեջ տպավորվել է 1957 թ.-ին տեղի ունեցած անհատ կատարողների մրցույթը, որին մասնակցում էր նաև Ջիվան Գասպարյանը: Մրցույթի մասնակիցները հերթով բեմ էին բարձրանում` նվագելով իրենց երաժշտական գործիքների վրա: Երբ հերթը հասնում է Ս. Աբովյանին, նա իրար հետևից նվագում է 8 լարային գործիքների վրա: Նա հպարտությամբ է հիշում, որ իր ելույթից հետո բեմ է բարձրանում Թաթուլ Ալթունյանն ու ասում` այ տղա, էս ինչե՞ր ես անում: Նա էլ պատասխանում է, թե` գործիքներս վերջացել են, եթե ուրիշ գործիք կա, բերեք նվագեմ:
Միջնակարգ կրթություն ստացած Սուրեն Աբովյանը բացի երաժշտությունից զբաղվել է նաև նկարչությամբ, քանդակագործությամբ, հետաքրքված է մշակույթի բոլոր ճյուղերով, ինչպես նաև իր գյուղի պատմությամբ ու անցուդարձով: Գյուղում տեղադրված մի շարք խաչքարերն իր ձեռքի գործն են:
«Հետո մտածեցի` էս մեծ գյուղի համար ես ի՞նչ պետք ա անեմ, որ հետո մի 20, 30 տարի գնա»,- պատմում է Ս. Աբովյանը:
Այդ ժամանակ պատմաբան Լավրենտի Բարսեղյանը նրան խորհուրդ է տալիս Կողբում թանգարան հիմնել: Մինչև հիմա Ս. Աբովյանն անուն առ անուն հիշում է իր բոլոր համագյուղացիներին, բոլոր նրանց, ովքեր ավանդ են ունեցել Կողբի պատմության մեջ:
«Ասի` մի անուն էլ ես թողնեմ, մի բան էլ ես անեմ էս գյուղի համար»,- ժպտալով ասում է Ս. Աբովյանը:
Նույն ժպիտը դեմքին նա հիշում է, թե թանգարանը ստեղծելու համար ինչպես էր ամեն օր բոլոր համագյուղացիներին «պարտադրում» իրենց տներից հին իրեր բերել: Հետո տեղացիներն իրենք են սովորում նման իրերը բերել թանգարան: Հիմա արդեն այնքան նմուշներ են հավաքվել, որոնք տարածքի փոքր լինելու պատճառով չեն ցուցադրվում:
«Իմ ամբողջ մտածմունքն էն ա, որ գյուղին ծառայեմ, ջաղացին ջուր ավելացնեմ, թանգարանն ավելի լավը դարձնեմ»,- ասում է Ս. Աբովյանը:
Թանգարանի ստեղծման աշխատաքների ընթացքում նա նաև գրել է Կողբ գյուղի պատմությունը: Այժմ էլ շարունակում է աշխատել հերթական հատորի վրա: Բայց առանց գրքի էլ մանրամասն հիշում է ներկայացված բոլոր դեպքերը, անուններն ու տարեթվերը:
«Ես հպարտանում եմ, որ կողբացի եմ: Գիտես ինչ, երկրագնդում Կողբի ձորի նման էսպիսի լավ տեղ չկա»,- ասում է Ս. Աբովյանը:
Մեկնաբանել