HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Խոտի դեզի» գործով` անսպասելի շրջադարձ

Վերաքննիչ քրեական դատարանն այս կազմով՝ Լիլիթ Թադևոսյան, Սևակ Համբարձումյան՝ նախագահությամբ Արարատ Պետրոսյանի, անսպասելի որոշում կայացրեց «Խոտի դեզի» գործով վերջին նիստի ժամանակ. առանց պատճառաբանելու բավարարեց մեղադրանքը պաշտպանող դատախազի միջնորդությունը` Արամ Մուղալյանի՝ քննիչին տված բացատրությունը` այլ փաստաթուղթը, որպես ապացույց ճանաչելու մասին: Ի դեպ, այդ բացատրությունը չի ճանաչվել այլ ապացույց կամ փաստաթուղթ Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանում, ավելին՝ մերժվել է դատախազի նույն միջնորդությունը: Փոխարենը այդ ընթացքում դատարանը հասցրեց մերժել պաշտպանական կողմի մեկ միջնորդություն՝ դատավճռի հիմքում ընկած ապացույցների վերաբերելիության մասին՝ հիմնավորելով, որ այդ ապացույցներին կանդրադառնա դատական վերջնական ակտով:  

Անցյալ տարվա մարտի 30-ի բացատրությամբ` Արամը հայտնել էր, թե ինքն ու ընկերը՝ Ռոբերտ Փիլոյանը կատարել են իրենց մեղսագրվող արարքը, այսինքն՝ ծխահարել են խոտը: Ինքը՝ Արամ Մուղալյանն ասաց, որ այդ բացատրությունը իրենից կորզվել է ճնշումների տակ. «Մեզ 9 ժամ պահել էին բաժնում՝ առանց հացի, սպառնալիքներ էին հնչում, որ եթե չգրենք, որ մենք ենք, վատ կլինի, անգամ ուզում էին երկու տարի առաջվա այրված խոտի գործ փաթաթեին մեր վրա: Այդ բացատրությունը տվել եմ ճնշումների տակ՝ առանց փաստաբանի ներկայության, փաստաբան էի պահանջում, չէին տրամադրում: Հետո քննիչն ասաց, որ եթե գրենք մենք ենք, ապա տուգանքով դուրս կգանք այս պատմությունից: Ճիշտ է, բացատրությունն իմ ձեռքով եմ գրել, բայց քննիչի թելադրանքով: Հատուկ քննչական մարմին ենք դիմել, որպեսզի քրեական գործ հարուցվի ինձ ապօրինի ազատությունից զրկելու հիմքով, բայց այն մերժվել է»:

«Քննիչն ինչ թելադրեր, պատրաստ էիք գրե՞լ». դատավոր Լիլիթ Թադևոսյանի հարցին Արամը պատասխանեց. «Ո՛չ»:

«Զարգացած, կրթված երիտասարդ եք, մենք ուզում ենք այս գործը ամենաբարձր մակարդակով վերաքննվի, մանավանդ այն ստացել է հասարակական մեծ հնչեղություն: Մուղալյան, եթե դուք անմեղ եք, միանշանակ արդարացվելու եք, բայց ճշմարտությունն ենք ուզում պարզել: Դուք դրսում եք սովորել, գիտեք Ձեր իրավունքները, Ձեզ այնքան էլ հեշտ չի կոտրելը». դատավոր Համբարձումյանի այս դիտարկումներին Արամ Մուղալյանը պատասխանեց. «Այդ ամենը նոր եմ սովորել, այս դեպքից հետո, բանտում: Այնտեղ 6 ամսում ավելի շատ բան եմ սովորել, քան Քեմբրիջի համալսարանում: Իսկ դրանից առաջ միամիտ էի: Եթե հիմա լիներ այս ամենը, ամեն ինչ այլ կերպ կլիներ»:   

Պաշտպաններն ինքնաբացարկի միջնորդություն են հայտնելու դատական կազմին

Արամ Մուղալյանի պաշտպան Վահե Գաբրիելյանը առարկեց. «Առարկում եմ դատարանի որոշումների դեմ, որոշումը անօրինական է, քանի որ չպատճառաբանվեց, թե ինչ հիմքով բավարարվեց միջնորդությունը»:

Փաստաբաններ Վահե Գաբրիելյանը և Էդուարդ Աղաջանյանը

Այնուհետև փաստաբանը նշեց, որ ցանկանում է ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել դատական ողջ կազմին՝ դատախազի միջնորդությունն առանց պատճառաբանելու բավարարելու հիմքով: Ուստի մի քանի օր ժամանակ խնդրեց դատարանից պատրաստվելու համար: Ինքնաբացարկ հայտնելուն միացավ նաև Ռոբերտ Փիլոյանի պաշտպան Էդուրադ Աղաջանյանը՝ դատարանի գործողությունները համարելով կողմնակալ:

Գործի քննությունը հետաձգվեց մինչև մարտի 19-ը:

Հիշեցնենք, որ 2013 թ-ին Նորապատ գյուղի բնակիչ Սիաբանդ Խուդոյանին պատկանող դեզը ծխահարելու մեջ մեղադրված բոլոր չորս երիտասարդները Վերաքննիչ բողոք են բերել դատարան: Նրանք խնդրել են դատարանին բեկանել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռն ու կայացնել արդարացման դատավճիռ: 

Մեկնաբանություններ (3)

փորձառու
Պարզ չէ միթե ինչ է տեղի ունեցել - դատախազ դատավորներն իրավացիորեն վիրավորվել են՝ տո հերիք չի ձեզ նման ,,չարագործներին,, բաց ենք թողել, հետն էլ եկել եք արդարացման վճիռ եք ուզու՜մ: Բա մեր համակարգի բարձր պատիվը, բա մեր բարի անունը, մեր արհեստավորների թասիբը ... Այ երեխեք ջան, ձեռ քաշեք էտ --- էտ ազնիվ համակարգից!
Վ. Առաքելյան
Տեսնես աշխարհի որևէ այլ երկրում խոտ ծխահարելու դիմաց թեկուզ մեկ մարդ ձեռբակալվել ու 6 ամիս ժամկետով դատապարտվել է արդյոք: Հետաքրքիր է աշխարհում կա արդյոք մի երկիր որի վարչապետին մեղադրեն միլիոնավոր դոլարներ թալանելու, ընդ որում այդ թալանն արդեն ապացուցված է, քանի որ նույն թալանի գործով այլ երկրում դատապարտված է այս թալանի մասնակիցներից մեկը, սակայն իշխանության բոլոր օղակները լռեն: Ստացվում է բոլորն էլ հանցագործ են ?
Լևոն Մելքումյան
Այո՛:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter