
Դեպքերը Լեռնային Ղարաբաղում (1917-1920)
Հարություն Թումյան
Հիրավի, ճիշտ չէր լինի և կհակասեր պատմական իրողությանը, եթե անգլիացիների վարած քաղաքականությունը հայկական Ղարաբաղի նկատմամբ վերագրենք լոկ նրանց տրադիցիոն «գաղութային քաղաքականության պրիոմներին», նրանց մուսուլմանասիրության կամ անհատական ընչաքաղցության և կամ թե միայն անգլիական զինվորականների քմահաճ և ինքնագլուխ գործողություններին: Ոչ: Անգլիացիների ցանկությունն էր վերածել Անդրկովկասը մի ապահով պլացդարմի` ոչ միայն Անդրկասպյան մուսուլմանական երկրները նվաճելու և գաղութների վերածելու համար, այլև Անդրկովկասը ապահովելու ռուսների վերագրավումից և դարձնելու հակաբոլշևիկյան պայքարի կռվան` օգտագործելով նրա հարուստ նյութական ռեսուրսները:
Իզուր չէ, որ 1919 թվին Անդրկովկասում գտնված անգլիական ներկայացուցիչներից մեկը (գեներալ Բիչը) մասնավոր խոսակցության ժամանակ ասել է. «Սա պատմության մեջ չէ՞ որ միակ դեպքն է, երբ կարելի է Ռուսաստանը քշել Անդրկովկասից»[1]:
Եվ անգլիական այդ նեղմիտ սալդաֆոնները ռուսների վերադարձը Անդրկովկաս ընդմիշտ խափանելու համար աշխատում էին ամեն կերպ ուժեղացնել այնտեղ հակառուսական ռեակցիոն ուժերը և, ընդհակառակը, ձգտելով թուլացնել «ռուսասիրական» տարրը: Անգլիական հրամանատարությունը ամենահետևողական հակառուսական ուժ Անդրկովկասում համարում էր Ադրբեջանը` իր բեկական-կալվածատիրական ռեակցիոն ղեկավարությամբ: Բաքվի` 1918 թվի մարտ-ապրիլյան քաղաքացիական կռիվները բավականաչափ պերճախոս ապացույցներ էին տվել այդպիսի լիովին իրական համոզմունք կազմելու համար:
Ադրբեջանի ղեկավարները մեծ դյուրազգացություն հանդես բերին հենց սկզբից ըմբռնելու համար անգլիական քաղաքականության ուղղությունը:
Նրանք անգլիացիների Բաքու ոտք դնելու սկզբի վայրկյանների առաջ բերած տագնապից իսկույն զգաստացան և արևելյան ամենախորամանկ ու նրբին «պոլիտիկայով» կարողացան իրենց ձեռքի մեջ հավաքել թոմսոններին` անգլիական գաղութային այդ գամփռներին և թելադրել նրանց իրենց կամքը: Անդրանիկի արշավանքը դեպի Ղարաբաղ անգլիական գեներալի միջոցով ձախողելուց հետո` մինիստր-նախագահ Խան-Խոյսկին հայկական Ղարաբաղը խժռելու համար Ադրբեջանի տերիտորիալ պահանջը Թոմսոնի մոտ «հիմնավորեց» ռազմագիտական մոտիվներով, այն է` Ադրբեջանի համար Ղարաբաղի ընդհանուր վտանգավոր աշխարհագրական դիրքով[2]:
Այս տեսակետից Հայաստանը, անշուշտ, շատ ավելի լուրջ առարկություն կարող էր կատարել` Ղարաբաղի խնդիրը կապելով ոչ միայն նրա միաձույլ հայ բնակչության ինքնորոշման անառարկելի իրավունքի, այլև հայկական միջնաշխարհի պաշտպանությունն ապահովելու կենսական անհրաժեշտության հետ ...
Այնուամենայնիվ, Խան-Խոյսկու տեսակետը անգլիական հրամանատարությունն առանց վերապահության ընկալեց և, ինչպես տեսնում ենք, մեծ եռանդով իր պաշտպանության տակ առավ Ադրբեջանի զավթողական ձգտումները հայկական հողերի նկատմամբ:
Գեներալ Թոմսոնը, որ համարվում էր միաժամանակ դաշնակից հրամանատարության ներկայացուցիչը Անդրկովկասում, իրեն այնքան լավ էր զգում Ադրբեջանում, որ երկար ժամանակ չէր բարեհաճում այցելել Հայաստան: Այդ առթիվ գեներալ Նազարբեկյանի «Զինվորական ակնարկների» մեջ կարդում ենք. «... Թոմսոնը չէր շտապում այցելել Երևան, մինչդեռ Հայաստանի կառավարությունը հատուկ նրան էր սպասում իբրև Համաձայնության պետությունների ներկայացուցչի, արդարացիորեն կարծելով, որ հայ ժողովուրդը, որը մինչև վերջ հակառակորդի դեմ մարտնչել էր և դաշնակիցների հանդեպ պահպանել իր հավատարմությունը, թվում էր, թե իրավունք ուներ արժանանալու դաշնակիցների կողմից մի առանձին ուշադրության: Գեներալ Թոմսոնի հետ ունեցած առաջին հանդիպման ժամանակ մինիստրների խորհրդում Քաջազնունին նրան բացահայտորեն հայտնեց այդ: Իսկ Թոմսոնը բավականին կոպիտ ձևով առարկելով, պատասխանեց, թե իրենք ավելի կարևոր գործեր են ունեցել, քան կարող էր լինել համակրանքի պարզունակ արտահայտությունը»[3]:
Գեներալ Թոմսոնի և իր համհարզների այդ «կարևոր գործերին» մենք բավականաչափ ծանոթացանք և դեռ պիտի շարունակենք ծանոթանալ, հայերի այդ «բարեկամների» իսկական դեմքը ճանաչելու համար:
4. ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՅՈՒԹՅԱՆ 4-ՐԴ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ
1919 թ. փետրվարի 10-ին գումարվեց Շուշում Ղարաբաղի հայության 4-րդ համագումարը` հայտարարելու ժողովրդի վճիռը Ղարաբաղը Ադրբեջանին ենթարկելու անգլո-ադրբեջանական ճիգերի նկատմամբ և ընտրելու նոր Ազգային խորհուրդ:
Մինչև փետրվարի 20-ը տեղի ունեցած նիստերում համագումարը լսեց Ղարաբաղի նախկին կառավարության և ապա ժամանակավոր ազգային խորհրդի զեկուցումները: Մի քանի օր անընդհատ բուռն վիճաբանություններ տեղի ունեցան հայկական Ղարաբաղի վերաբերյալ մուսավաթական կառավարության նվաճողական մտադրությունների և նրանց իրագործման համար գործադրվող անլուր բռնությունների շուրջը:
Բոլոր ճառախոսների կողմից առանձնապես դատապարտվեց և պարսավանքի խստագույն արտահայտություններով որակվեց անգլիական հրամանատարության ներկայացուցիչ Թոմսոնի դիրքը, որը ընդառաջելով Ադրբեջանի կառավարության ապօրինի տերիտորիալ պահանջներին, ցույց էր տալիս ամեն աջակցություն ու պաշտպանություն և նույնիսկ քաջալերում Ղարաբաղի հայությանը ընկճելու համար հայկական բնակավայրերի վրա բանդիտական հարձակումներ կազմակերպելու:
Փետրվարի 19-ին համագումարը միաձայն ընդունեց հետևյալ բանաձևը, հետևելով կտրուկ հրահանգին, որ ժողովուրդը տվել էր պատգամավորներից յուրաքանչյուրին:
«ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՅՈՒԹՅԱՆ ՉՈՐՐՈՐԴ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻ ԲԱՆԱՁԵՎԸ ՂԱՐԱԲԱՂԸ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՓՈՐՁԵՐԻ ՄԱՍԻՆ
Կանգնած լինելով ժողովրդի ինքնորոշման սկզբունքների վրա` Ղարաբաղի հայ ազգաբնակչությունը հարգանքով է վերաբերվում դեպի հարևան թյուրք ժողովրդի ինքնորոշման իրավունքը և դրա հետ միաժամանակ վճռականորեն բողոքում է ամբողջ աշխարհի առաջ ադրբեջանական կառավարության փորձերի դեմ, որոնցով ցանկանում է ոչնչացնել այդ սկզբունքը հայկական Ղարաբաղի նկատմամբ, որը երբեք չի ընդունելու և չի ընդունում իր վրա Ադրբեջանի իշխանությունը: Համագումարը պնդում է իր իրավունքների պաշտպանության վրա` թե Կովկասում գտնված դաշնակից պետությունների ներկայացուցիչների և թե Եվրոպայի խաղաղարար համագումարի առաջ:
Այս բողոքն ուղարկվում է նաև Բաքվի դաշնակից պետությունների հրամանատարությանը, գեներալ Թոմսոնին, Ադրբեջանի կառավարությանը և Եվրոպայի խաղաղարար համագումարի հայ պատգամավորներին:
Համագումարի նախագահ` Ա. Շահնազարյան
Քարտուղար` Առստամյան»[4]:
Փետրվարի 20-ին համագումարը ընտրեց նոր Ազգային խորհուրդ և դրանով վերջացած համարելով իր աշխատանքը, ցրվեց: Բանաձևը հեռագրով հաղորդվեց Բաքու` Խան-Խոսյկուն, գեներալ Թոմսոնին և առանձին գրությամբ Շուշու անգլիական միսիային:
Ազգային խորհուրդը, իհարկե, կառավարություն, այսինքն պետական իշխանության մարմին չէր, այլ սովորական ազգային ներկայացուցչական մի օրգան, ճիշտ այնպիսին, ինչպիսին գոյություն ուներ այդ խռովահույզ ժամանակներում Անդրկովկասի այլ վայրերում` Թիֆլիսում, Գանձակում, Բաքվում, այլև Հյուսիսիային Կովկասում, անգամ Մոսկվայում և ընդհանրապես բոլոր այն վայրերում, ուր ապրում էին միասին քիչ թե շատ զգալի թիվ կազմող հայեր: Ազգային խորհուրդների նպատակն էր` հայկական այդ համեմատաբար փոքրաթիվ համայնքների շահերի պաշտպանությունը, նրանց կարծիքները և պահանջները ներկայացնել տեղական իշխանություններին և բավարարում խնդրել, այլև վճռել այդ խառը ժամանակներում համայնքի շրջանակում ծագած այլևայլ հարցերը: Նման ազգային խորհուրդներ ունեին նաև մյուս ազգային խմբերն Անդրկովկասում և այլուր:
Ճիշտ կլիներ և նպատակահարմար, որ 200 հազարից ավելի հոծ հայություն ունեցող Լեռնային Ղարաբաղը, որը կռվի դաշտ դուրս բերել կարող էր առնվազն մինչև 20-25 հազար ընտիր մարտիկներ, իր համագումարի միջոցով ոչ թե ընտրեր գործունեության նեղ շրջանակների համար միայն պիտանի, իրավունքներով սահմանափակ և մանավանդ չափավոր և մեծ մասամբ թուլամորթ տարրերից բաղկացած այնպիսի մի մարմին, ինչպիսին Ազգային խորհուրդն էր, այլ կազմեր ժամանակավոր կառավարություն երկրի գործուն, ձեռնհաս ու խիզախ տարրերից, նման նախկին ժողովրդական կառավարությանը, որը 1918 թվին, այդ դաժան ու ահավոր վտանգներով լի տարում, դարձել էր արդեն հեղինակավոր պետական իշխանություն և իր վճռական ու համարձակ գործունեությամբ, իր հեռատես ու անձնվեր քաղաքականությամբ կարողացավ երկիրը դուրս բերել բոլոր վերահաս փորձանքներից, պահպանելով և էլ ավելի բարձրացնելով հայկական Ղարաբաղի վաղեմի դիրքն ու հմայքը:
Մեր կարծիքով դա կլիներ երկրորդ լուրջ քայլը` փրկելու Ղարաբաղը անգլիական և ադրբեջանական դավերից:
5. ՀԱՅԿԱԿԱՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՍՏՐԿԱՑՄԱՆ ԱՆԳԼԱ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ «ՆԱԽԱԳԻԾԸ»
Համագումարի փակվելուց երկու օր հետո, 1919 թ, փետրվարի 22-ին, Շուշու անգլիական միսիան մայոր Մոնկ Մեզոնի ստորագրությամբ դիմեց Ղարաբաղի նորընտիր ազգային խորհրդին, ներկայացնելով հետևյալ «նախագիծը», որը, ըստ Մոնկ Մեզոնի, հայերից ընդունվելու դեպքում միայն պիտի հրապարակվեր ու գործադրվեր:
«Բրիտանական միսիայից: Պաշտոնական հաղորդում:
Բրիտանական հրամանատարությունը հայտարարում է բոլոր բնակիչներին պարտադիր կատարման համար հետևյալը.
Բրիտանական հրամանատարության համաձայնությամբ ժամանակավոր գեներալ-նահանգապետ է նշանակված Զանգեզուրի, Շուշու, Ջիվանշիրի և Ջեբրայիլի գավառների համար դոկտոր Խոսրով-բեկ Սուլթանովը:
Նրա քաղաքացիական մասի օգնականը լինելու է հայ: Գեներալ նահանգապետին կից կառավարելու համար հիմնվելու է խորհուրդ, բաղկացած 3 հայերից և 3 մուսուլմաններից: Խորհրդում մասնակցելու է իբրև բրիտանական հրամանատարության ներկայացուցիչ մի սպա:
Զորքերի բոլոր տեղաշարժերը կատարվելու են բրիտանական միսիայի գիտությամբ[5]: գեներալ-նահանգապետության բոլոր պաշտոնյաների պահպանության համար միջոցներ բաց պիտի թողնվեն դաշնակիցների գիտությամբ և համաձայնությամբ:
Բրիտանական միսիան հարկավոր է համարում կրկին անգամ հաստատել, որ հիշյալ մարզերի պատկանելիությունը այս կամ այն պետական միավորին պիտի որոշվի խաղաղության կոնֆերանսում:
Սրանով բրիտանական միսիան հայտարարում է, որ գեներալ-նահանգապետության և նրա մարմինների բոլոր հրամանները պիտի կատարվեն ամենքի կողմից անխափան: Ընդդիմությունը պիտի պատժվի ամենավճռական միջոցներով»[6]:
Ղարաբաղի, Զանգեզուրի և հարակից դաշտային մուսուլմանական շրջանների կառավարման համար գեներալ-նահանգապետություն հիմնելու անգլո-ադրբեջանական այդ պլանը, թեև Շուշու անգլիական միսիան ներկայացնում էր Ղարաբաղի Ազգային խորհրդին իբրև «նախագիծ», որը իբրև թե հայերից ընդունվելու դեպքում միայն կարող էր ուժի մեջ մտնել և հրապարակվել, կազմվել էր և ընդունվել իբրև վերջնական ծրագիր դեռևս հունվարի սկզբներում անգլիական հրամանատարության և Ադրբեջանի կառավարության կողմից համատեղ: Դրանից հետո, նույն հունվար ամսի 15-ին, դոկտոր Խոսրով-բեկ Սուլթանովը, այդ համիսլամականը և հայերի կատաղի թշնամին, արդեն նշանակվել էր անգլիացիների համաձայնությամբ գեներալ-նահանգապետ ցարական ժամանակաշրջանի վարչական բաժանմամբ անցյալում գոյություն ունեցող Շուշու, Ջեբրայիլի և Ջիվանշիրի գավառների վրա, որոնց մեջ էր բաժանված վարչականորեն տրոհված Լեռնային Ղարաբաղի տերիտորիան, առանց հաշվի առնելու նրա էթնիկական, կուլտուր-պատմական, տնտեսական և աշխարհագրական անբաժանելի, միաձույլ պայմանները, որոնք խստորեն տարբերվում են այդ գավառների մեջ մտնող դաշտային զոնայից, ուր ապրում են, գրեթե առանց բացառության, մուսուլմաններ, կազմելով մեծամասնություն այդ երբեմնի գավառներում:
Ադրբեջանը աշխատում էր հենց այդ վարչական բաժանում էլ վերականգնել. չէ՞ որ այն շատ էր նմանվում Արևմտյան Հայաստանի համիդյան միտումնավոր վարչական բաժանմանը, որի առանձին վիլայեթներում հայերը ցույց էին տրված իբրև բացարձակ փոքրամասնություն ...
1919 թ. հունվարի երկրորդ կեսում Խոսրով-բեկ Սուլթանովը անգլիական մեքենայով և անգլիական սպաների ու զինվորների պաշտպանության տակ արդեն փոխադրվել էր Շուշի որոշ քանակությամբ ասկերների հետ: Իսկ «նախագիծը» Ազգային խորհրդի կողմից քննարկվելուց մոտ մի ամիս առաջ ադրբեջանական զինված ուժերը անգլիացիների համաձայնությամբ և նրանց «սիպահիների» ուղեկցությամբ արդեն Աղդամից շարժվել և եկել բռնել էին Ասկերանը ու Խանքենդու (ներկայիս Ստեփանակերտի) զորանոցները:
Այդ ամենից կարելի էր եզրակացնել, թե խաբեական «նախագծում» ինչ արժեք ուներ կատարված պնդումը, որ իբրև թե «հիշյալ մարզերի (այսինքն` Ղարաբաղի և Զանգեզուրի) պատկանելությունը այս կամ այն պետական միավորին պիտի որոշվի խաղաղության կոնֆերանսում»: Մինչդեռ ամեն ինչ արվում էր հենց այդ «խաղաղության կոնֆերանսը» կանգնեցնելու կատարված փաստի առաջ:
Նորընտիր Ազգային խորհրդի համար լիովին ակներև էր անգլո-ադրբեջանական այդ շանտաժը, և նա քննեց «նախագիծը» իբրև արդեն գործողության մեջ մտած ծրագիր և ուղարկեց Շուշու անգլիական միսիային հետևյալ պատասխանը.
«Շուշու Մեծ Բրիտանական միսիային.
Ղարաբաղի հայության Ազգային խորհուրդն իր ամբողջ կազմով, Ղարաբաղի բոլոր շրջանների հրամանատարների հետ, քննելով Ադրբեջանի կառավարության կողմից Ղարաբաղում գեներալ-նահանգապետ նշանակելու փաստը, եկավ այն եզրակացության, որ հայկական Ղարաբաղը չի կարող հաշտվել նման փաստի հետ, որովհետև կախումը Ադրբեջանի կառավարությունից, ինչպիսի ձևով էլ նա արտահայտվելու լինի[7] Ղարաբաղի հայությունը համարում է անընդունելի, շնորհիվ այլ բռնությունների և իրավունքների ոտնահարման, որին սիստեմատիկորեն ենթարկվել է մինչև վերջին ժամանակներս հայությունը Ադրբեջանի կառավարության կողմից ամենուրեք, որտեղ նա կապել է իր վիճակը այդ կառավարության հետ: Հայկական Ղարաբաղը ամբողջ աշխարհին ցույց է տվել, որ նա փաստորեն չի ճանաչել և չի ճանաչելում իր սահմաններում Ադրբեջանի կառավարության իշխանությունը, ինչպես այդ վճռեց նորերս Ղարաբաղի հայության համագումարը:
Ելնելով նրանից, որ հայկական Ղարաբաղը ճանաչված է բրիտանական հրամանատարությունից այնպիսի մի տերիտորիա, որը մինչև խաղաղության կոնֆերանսի որոշումը չի ենթարկված որևէ պետության, հետևապես և առանձնապես Ադրբեջանին, Ազգային խորհուրդը հայկական Ղարաբաղի կառավարչության համար միակ ընդունելի ձևը համարում է անգլիական գեներալ-նահանգապետի նշանակումը, որի մասին և խնդրում է միսիային միջնորդել անգլիական բարձր հրամանատարության առաջ:
Խորհրդի նախագահ (Ստորագրություն)
Քարտուղար (Ստորագրություն)»[8]:
Չծանրանանք Ղարաբաղի Ազգային խորհրդի այդ պատասխանի մեջ բերված պատճառաբանության միակողմանիության կամ, ավելի ճիշտ, անսկզբունքայնության և Ղարաբաղում անգլիական գեներալ-նահանգապետություն հիմնելու անիրագործելի առաջարկության վրա:
Ուշագրավն այդ պատասխանի մեջ, մեր կարծիքով, միայն այն էր, որ ոչ միայն անընդունելի էր համարվում «Ադրբեջանի կառավարության կողմից Ղարաբաղում գեներալ-նահանգապետ նշանակվելու փաստը», այլև «առհասարակ կախումը Ադրբեջանի կառավարությունից, ինչպիսի ձևով էլ նա արտահայտվելու լինի»:
Այս միակ հաջող ձևակերպումը Ղարաբաղի հայության վերջնական և բացարձակ պատասխանը կարող էր համարվել ուղղված, բոլոր ժամանակների և կարգերի համար, նրանց, որոնք այս կամ այն շարժառիթներով կպաշտպանեն կան կընդառաջեն Ադրբեջանին ստրկության շղթաներով կաշկանդելու հայկական Ղարաբաղի ազատությունը ...
Ազգային խորհրդից մերժում ստանալով, անգլիական միսիան նույն օրն ևեթ դիմեց առանձին նամակով «հայկական զորամասերի հրամանատարներին», առաջարկելով նրանց ընդունել «նախագիծը», չնայելով, որ Ազգային խորհրդի որոշմանը մասնակցել էին նաև հրամանատարները:
«Նախագիծը» ընդունել տալու այդ նոր մանևրը անգլիական միսիայի կողմից, ինքնին ցույց էր տալիս, թե որչափ մեծ նշանակություն էին տալիս անգլիացիները Ղարաբաղի հայության զինված ուժերի դիրքին: Չէ՞ որ միայն այդ ուժերն էին ընդունակ իրական սպառնալիք ստեղծել` տապալելու համար անգլո-ադրբեջանական դավերը Ղարաբաղի դեմ: Հենց այդ սպառնալիքը չեզոքացնելու համար դա մի փորձ էր խորամանկ Ալբիոնի ներկայացուցիչների կողմից` զրկելու Ազգային խորհրդին Ղարաբաղի զինված ուժերի պաշտպանությունից, պառակտում առաջ բերելով ղեկավար ուժերի միջև:
Հրամանատարները պատասխանեցին, որ իրենք միանում են Ազգային խորհրդի որոշմանը[9]:
Պառակտում մտցնելու այդպիսի փորձ պիտի համարել նաև գեներալ Թոմսոնի նամակը, որ նա ուղարկել էր Բաքվից, փետրվարի 20-ին, թե 21-ին Շուշու անգլիական միսիային` հանձնելու Սոկրատ-բեկ Մելիք-Շահնազարյանին, մի ինքնակոչ դավաճանի, որը օգտվելով նպաստավոր պայմաններից, հավաքել էր իր շուրջը մի խումբ իր նման բախտախնդիրների և ցուցադրել իրեն իբրև Վարանդայի զինված ուժերի հրամանատար: Նամակը, սակայն, անսպասելիորեն, ընկել էր Ազգային խորհրդի ձեռքը: Նամակի մեջ Թոմսոնը հայտնում էր, որ ինքը համաձայն է և ցանկալի է համարում հիմնել վերոհիշյալ չորս գավառներում Ադրբեջանի գեներալ-նահանգապետություն և խնդրում էր Սոկրատ-բեկի աջակցությունը` ընդունել տալու այդ նաեւ մյուս հրամանատարներին:
***
Ազգային խորհուրդը տեսնելով, որ հայկական Ղարաբաղում անգլիական գեներալ-նահանգապետություն հիմնելու առաջարկն անգլիացիների կողմից ընդունելություն չի գտնում, այս անգամ մշակեց և Շուշու անգլիական միսիային ներկայացրեց հայկական Ղարաբաղի ինքնավարության մի նախագիծ:
Ըստ այդ նախագծի` բրիտանկան միսիայի հսկողության տակ առաջարկվում էր կազմել «հայկական Ղարաբաղի ինքնավորություն», «երկու ժողովուրդների մասնակցությամբ, համեմատական ներկայցուցչության սկզբունքով», մինչև խաղաղության կոնֆերանսի վերջնական վճիռը Ղարաբաղի ճակատագրի վերաբերյալ:
Ղարաբաղը պիտի կառավարվեր «մարզային խորհրդի» ձեռքով, բաղկացած յոթ հայերից և երեք մուսուլմաններից: Խորհրդի կազմի մեջ «հատուկ համաձայնությամբ» պիտի մտնեին ներկայացուցիչներ Հայաստանի և Ադրբեջանի կառավարություններից: Խորհրդի մեջ պիտի մտներ նաև բրիտանական Շուշու միսիայի պետը, որը պիտի օգտվեր վետոյի իրավունքով և այլն:
Այդ նախագիծը Ազգային խորհուրդն իր ներկայացուցիչների միջոցով ուղարկեց նաև Բաքու` գեներալ Թոմսոնին, նրա հետ միաժամանակ ուղարկելով մի ընդարձակ հուշագիր, որը կարևոր ենք համարում մեջ բերել այստեղ քաղվածաբար:
«... Հայկական Ղարաբաղը, որը զենքը ձեռքին միշտ պաշտպանել է իր ազատությունը և իրավունքը անկախ գոյության, ոչ մի դեպքում չի կարող համաձայնվել ենթարկվելու Ադրբեջանի իշխանությանը, ինչ ձևով էլ նա արտահայտվելու լինի:
... Ընդառաջելով ձեր դիմումին, ուղղված Ղարաբաղի ժողովուրդներին, Ղարաբաղի հայությունը հրաժարվեց ռազմական գործողություններից, զորաշարժերից: Սակայն հակառակ ձեր դիմումի, դաշնակից միսիայի գալուց հետո, Ադրբեջանի կառավարությունը իր զորքերը կենտրոնացրել է կարևոր ռազմագիտական կետերում` Ասկերանում, Խանքենդում, Զաբուղում, Շուշում և Կարիագինոյում: Բացի դրանից, Ղարաբաղի սահմաններում շարունակում են գործել թուրքական (օսմանյան) ջոկատներ տաճիկ սպաների ղեկավարությամբ[10]:
Այդ ամենը ապացուցում է, որ Ադրբեջանը Ղարաբաղի դեմ ագրեսիա է նախապատրաստում: Հայտնելով այդ մասին, ազգային խորհուրդը խնդրում է միջոցներ ձեռք առնել հեռացնելու Ղարաբաղի սահմաններից թուրք-ադրբեջանական զինված ուժերին:
... Անդրկովկասի հատուկ կոմիտեն[11] զեմստվոյի հարցը լուծելու ժամանակ գտել էր, որ հայկական Ղարաբաղը իր 90 տոկոս հայ բնակչությամբ խստորեն բաժանվում է մուսուլմանական (դաշտային Ղարաբաղի) զոնայից»:
Այդ աչքի առաջ ունենալով, Ազգային խորհուրդը Զանգեզուրի, Շուշու, Կարիագինոյի և Ջիվանշիրի գավառների սահմաններում գեներալ-նահանգապետություն հիմնելու առթիվ հայտնում է Թոմսոնին.
«... Այդպիսի խառը վարչություն ի մի ձուլելով հայկական և մուսուլմանական Ղարաբաղի երկու տարբեր մարզերը, տեղական կյանքի ներկայումս ստեղծված ռեալ պայմաններում փաստորեն անհնարին կլինի և յուրաքանչյուր քայլում պիտի առաջ բերի անցանկալի շփումներ և տարաձայնություններ»:
Դիմումի վերջում Ազգային խորհուրդը խնդրում է Թոմսոնին այդ «միջնորդությունը հասցնել բրիտանական բարձր հրամանատարությանն ի գիտություն»[12]:
Ղարաբաղի Ազգային խորհրդի այդ դիմումն ևս նախորդների պես թողնվեց անհետևանք անգլիական հրամանատարության կողմից, քանի որ այն, ինչ կատարվում էր Ադրբեջանի կառավարության կողմից, ուղղված Ղարաբաղի հայության դեմ, առանց գեներալ Թոմսոնի գիտության և համաձայնության չէր:
Գեներալին նույնիսկ շատ լավ հայտնի էր օսմանյան սպաների և շարքային զինվորների ներկայությունը Ադրբեջանում և անգամ նրանց գործուն մասնակցությունը հայկական բնակավայրերի վրա կատարվող հարձակումներին: Սակայն ոչ մի միջոց ձեռք չառնվեց ստիպելու նրանց վերադառնալ Թուրքիա` համաձայն Մուդրոսի պայմանագրի:
Ընդհակառակը, Թոմսոնը բաքվում անձամբ տեսակցել էր Նուրի-փաշայի հետ և նրան հանձնել քաղաքի կարգապահության պատասխանատվությունը[13], այն Նուրի-փաշային, որի թույլտվությամբ այդ նույն քաղաքում 30 հազարից ավելի հայ էր ջարդվել օսմանյան ասկերների և քաղաքի մուսուլմանական տականքների ձեռքով և դեռ շարունակվում էր հայերի մասնակի կոտորածները Ադրբեջանի գավառներում:
Գեներալ Թոմսոնը կտրականապես մերժեց նաև Ղարաբաղի Ազգային խորհրդի նախագիծը հայկական Ղարաբաղի ինքնավարության մասին: Նա հայերից պահանջում էր անվերապահորեն ճանաչել Սուլթանովին իբրև Ղարաբաղի գեներալ-նահանգապետ:
Բայց Ղարաբաղը վերստին շարունակում էր համառել, հրաժարվելով խոնարհել իր հպարտ գլուխը Ադրբեջանի առաջ:
***
Ստեղծված փակուղուց դուրս գալու համար անգլիացիները այս անգամ փորձեցին Ղարաբաղի նկատմամբ գործադրել գաղութային երկրներում ազատագրական շարժումները ճնշելու իրենց փորձված մեթոդները: Նրանք կամեցան դավով ձերբակալել Ազգային խորհրդի առավել ազդեցիկ և գործուն անդամներին, իբրև երկրի անհնազանդության դրդիչների: Սակայն վախենալով այդ կատարել անմիջապես Շուշում, անգլիացիները մտածեցին խաբեությամբ Բաքու տանել նրան և այնտեղ ձերբակալել: Այդ նպատակով Շուշու բրիտանական միսիան 1919 թ. մարտի 9-ին գեներալ Թոմսոնի առաջարկությամբ պահանջեց Ղարաբաղի ազգային խորհրդից Բաքու ուղարկել վեց ներկայացուցիչներ գեներալին ներկայանալու համար: Ազգային խորհուրդը հաջորդ օրը ներկայացրեց մի ցուցակ, վեց հոգու անուններով, որոնցից միայն մեկն էր Ազգային խորհրդի անդամ, մնացածը քաղաքի և գավառի գործիչներից էին: Բայց որովհետև ցուցակում նշածների մեջ բացակայում էին Ազգային խորհրդի հեղինակավոր և ազդեցիկ անդամների անունները, այդ պատճառով միսիան պահանջեց ցուցակի մեջ մտցնել Ազգային խորհրդի նախագահին և նրա երկու տեղակալներին[14]:
Ազգային խորհուրդը, սակայն, գլխի ընկնելով անգլիացիների դավը, մերժեց կատարել միսիայի առաջարկությունը, ներկայացնելով, այնուամենայինիվ, 6 ներկայացուցիչների մի նոր ցուցակ, որը դարձյալ մերժվեց Մոնկ-Մեզոնի կողմից, որովհետև այնտեղ կրկին բացակայում էին նրա պահանջած մարդիկ: Դրանից հետո անգլիացիները այլևս անօգուտ համարեցին մարդիկ պահանջել «Թոմսոնին ներկայանալու համար»:
1919 թ. մարտի 13-ին Ղարաբաղի Ազգային խորհուրդն այս անգամ Թիֆլիսի հայոց Ազգային խորհրդին ուղղած մի նամակով, հանգամանորեն նկարագրելով անգլիացիների Բաքու մտնելուց հետո Ղարաբաղում ստեղծված ծանր քաղաքական ճգնաժամը, խնդրում էր պաշտպանել Ղարաբաղի հարցը դաշնակիցների Կովկասյան գլխավոր հրամանատարության առաջ: Նամակում, ի միջի այլոց, բողոք էր հայտնվում, որ «գեներալ Թոմսոնը գործում է Ղարաբաղի հայության արդար պահանջների դեմ», որ «անգլիացիները կարծեք եկել են մեր մինչև այժմ պահպանած անկախությունը և ազատությունը ոտնահարելու և բռնի կերպով մեզ ենթարկելու Ադրբեջանին ...»[15]:
Ղարաբաղի Ազգային խորհրդի այդ նամակի առթիվ գումարվեց Թիֆլիսում ապրող ղարաբաղցիների բազմամարդ ժողով, որը որոշեց մի հիմնավորված գրությամբ, կցելով նրան Ղարաբաղից ուղարկված նամակի պատճենը, դիմել դաշնակից պետությունների Թիֆլիսի և բաքվի ներկայացուցիչներին` հայկական Ղարաբաղի խնդիրը լուծելու հօգուտ հայերի: Այդ դիմումը ուղարկվեց վեց հոգու ստորագրությամբ միայն երկու ամիս հետո, 1919 թ. մայիսի 9-ին: Թե ինչու այդքան ուշ, դժվար է բացատրել: Ուղարկվեց ֆրանսիական Թիֆլիսի միսիայի պետին և բաքու` անգլիական զորքերի հրամանատար գեներալ Թոմսոնին: Վերջինիս ուղղված դիմումի մեջ հայրենակցական ժողովը խնդրում էր` «1. վերացնել Ղարաբաղում ադրբեջանական գեներալ-նահանգապետ նշանակելու հրամանը, 2. Հայկական Ղարաբաղը կառավարելու համար, մինչև հարցի վերջնական որոշումը, նշանակել անգլիական գեներալ-նահանգապետ»: Դիմումի վերջում խնդրվում էր. «Եթե այդ հարցը մեզ ցանկալի ուղղությամբ չի կարող այստեղ, տեղում վճռվել, ապա խնդրում ենք ներկա գրագրությունը ներկայացնել ձեր կառավարությանն ի քննություն»[16]:
Ղարաբաղի հարցի վերաբերյալ Թիֆլիսից դիմումներ են ուղարկվել նաև Անտանտի (դաշնակից) պետությունների ժողովուրդներին և խաղաղության կոնֆերանսի հայկական դելեգացիայի նախագահ Պողոս-Նուբար փաշային[17]:
Այդ բոլոր դիմումները մնացին «ձայն բարբառոյ յանապատի»:
Ղարաբաղի փրկության համար ոչ պակաս եռանդուն աշխատանք է կարավել նաեւ պարսկահայության շրջանում:
Բաքվից Ղարաբաղի Ազգային խորհրդի ներկայացուցիչ Հ. Բահաթրյանը մարտի 14-ի թվակիր նամակով հայտնում էր ղարաբաղցիների և զանգեզուրցիների Թիֆլիսի հայրենակցական միությանը, որ «Թեհրանից ստացված տեղեկություներն ասում են, թե ֆրանսիական միսիան եռանդուն բողոք է ուղարկել Փարիզ, ընդդեմ Ղարաբաղում Ադրբեջանի գեներալ-նահանգապետ նշանակելուն»[18]:
Ըստ մի քանի այլ տվյալների, կարելի է եզրակացնել, որ անգլիացիների քաղաքականությունը արևելյան Անդրկովկասում ընդհանրապես չէին բաժանում նրանց դաշնակիցները` ոչ միայն Ֆրանսիան, այլև ԱՄՆ, Իտալիան[19]: Եվ այնուամենայնիվ, գեներալ Թոմսոնը անխռով շարունակում էր Ղարաբաղի և Սյունիքի հայության համար իր կործանարար աշխատանքը, ամեն կերպ աջակցելով Ադրբեջանի կառավարությանը` զավթելու հյուսիս-արևելյան Հայաստանի հողերը իրենց բազմահազար հայ բնակչությամբ:
Ասացինք, որ անգլիական գեներալն ինքնագլուխ չէր գործում և չէր էլ կարող գործել: Նա, ճիշտ է, խորամանկ էր, ինքնահավան, իր անձնական համակրանքներով մուսուլմանասեր և մանավանդ` «նվերների» և բանկետների սիրահար, ինչպես սովորաբար անգլիական զինվորականները, բայց չէ՞ որ նա հետևողականորեն ղեկավարվում էր իր իշխանություններից նախապես հրահանգված քաղաքականության սկզբունքներով:
Դրանով պիտի բացատրել, որ նա վայելում էր իր կառավարության և բարձր հրամանատարության վստահությունն ու հովանավորությունը: Ահա թե ինչու հեշտ չէր թոմսոնների քաղաքականության վրա դրական ազդեցություն գործել հօգուտ Ղարաբաղի ո´չ «մեմորանդումներով», և ո´չ բողոքներով, ո´չ միտինգներով և դիմումներով եւ ո´չ էլ մանավանդ, Ղարաբաղի Ազգային խորհրդի անմտության հասնող պասսիվ դիմադրությամբ:
[1] ՀՊՊԿԱ, ֆ. 45, գ. 33, թ. 5:
[2] Նույն տեղում, թերթ 18:
[3] Նույն տեղում, թ. 3:
[4] «Արև» (բաքու), 1919 թ., նո. 17 (բերում ենք անփոփոխ):
[5] Ընդգծումները բոլոր դեպքերում մերն են: Հ. Թ.
[6] ՀՊՊԿԱ, ֆ. 252, գ. 1, թերթ4-5:
[7] Ընդգծումները մերն են: Հ. Թ.ՀՊՊԿԱ, ֆ. 252,
[8] ՀՊՊԿԱ, ֆ. 252, գ. 1, թ. 4-5:
[9] ՀՊՊԿԱ, ֆ. 252, գ. 1, թ. 4-5:
[10] Ընդգծումները ամենուրեք մերն են, Հ. Թ.
[11] Խոսքը հավանորեն ռուսաստանի Ժամ. կառավարության ստեղծած «Անդրկովկասյան կոմիտեի» մասին է:
[12] ՀՊՊԿԱ, ֆ. 252, գ. 1, թ. 67-:
[13] ՀՊՊԿԱ, ֆ. 200, գ. 691, թ. 1-2:
[14] ՀՊՊԿԱ, ֆ. 252, գ. 1, թ. 8-10:
[15] Նույն տեղում, թ. 15-16:
[16] Նույն տեղում, թ. 38-40:
[17] Նույն տեղում թ. 56, 58:
[18] Նույն տեղում, թ. 17:
[19] «Համաձայնության» պետությունների քաղաքականության տոն տվողը հիմնականում Անգլիան էր:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել