
Մեծ Բրիտանիայի քաղաքացին չի կարողանում ապացուցել, որ տուն ունի Հայաստանում
Լուսանկարում Մեծ Բրիտանիայի քաղաքացի Ռոյ Հարիսոնն է, ով մոտ 20 տարի ապրում է Հայաստանում, աշխատել է Երևանի «Հանթսման բիլդինգ Փրոդաքս» գործարանում (նախկին երկաթբետոնյա կոնստրուկցիաների համար 1, իսկ ԱՄՆ-ին սեփականաշնորհելուց հետո` «Հանթսման Հայաստան» ՍՊԸ) որպես տնօրեն:
Երկար ժամանակ ապրելով Հայաստանում՝ Ռոյը մի քիչ հասկանում է հայերեն, մի քանի բառ ասում մեր լեզվով, իսկ «Հետքի» հետ խոսեց ռուսերենով: Պատմեց, որ տեսնելով Ծաղկաձորը, հավանելով տեղանքն ու բնությունը՝ ցանկացել է հողակտոր գնել, տուն կառուցել: Բայց քանի որ օտարերկրյա քաղաքացի է, խնդրել է իր տեղակալ ու թարգմանիչ Ժիրայր Զաբունյանին իր անունով ձևակերպումներն անել: Ռոյի փոխանցմամբ՝ ինքը 2000թ. Զաբունյանի անունով գնել է Ծաղկաձորի Օրբելու 3 հասցեում գտնվող կիսակառույցը՝ կից հողամասով, որը պատկանել է Արմեն Մուրադյանին և նրա մորը:
![]() |
![]() |
Ռոյ Հարիսոնի տեղեկացմամբ՝ նա 60 մլն դրամի ներդրում է կատարել, քանդել կիսակառույցը ու կառուցել նոր առանձնատուն: Սեփականության վկայականի բնօրինակը, տան բանալիները մշտապես գտնվել են Ռոյ Հարիսոնի մոտ: Նա ապրել է այնտեղ: 2006թ. Հարիսոնը իր տեղակալ Զաբունյանից պահանջել է տունն անվանափոխել իր անունով, քանի որ արդեն ունեցել է կացության հատուկ կարգավիճակ, սակայն Զաբունյանը հրաժարվել է: 2008թ. Ռոյը կարճ ժամանակով Անգլիայում լինելուց հետո վերադարձել է ու հայտնաբերել, որ չի կարող տուն մտնել. առանձնատան կողպեքները փոխված են եղել: Իսկ հարևանները պատմել են, որ Զաբունյանը ոստիկանների ուղեկցությամբ կոտրել է փականները:
Անգլիայի քաղաքացին դիմել է ՀՀ նախագահին, որի աշխատակազմը հարցը վերահասցեագրել է ոստիկանությանը, սակայն ոստիկանությունից պատասխանել են, որ ոստիկանության աշխատակիցների մասնակցությունը փականների կոտրմանը չի հիմնավորվել: Հետո էլ գրություն է ստացել, թե Զաբունյանը պահանջում է ազատել իր առանձնատունը: Այդ օրվանից սկսվել են մեկը մյուսին հաջորդող դատական պրոցեսները, սակայն հայաստանյան դատական ատյաններում Մեծ Բրիտանիայի քաղաքացի Ռոյ Հարիսոնը չի կարողացել ապացուցել, որ առանձնատունն իրենն է, քանի որ չի ունեցել պայմանագիր Ժիրայր Զաբունյանի հետ:
Միակ գրավոր ապացույցը, որ գտանք քաղաքացիական գործի հաստափոր փաթեթում, տան նախկին տիրոջ՝ Արմեն Մուրադյանի հայտարարությունն է, որ ինքը տունը վաճառել է Ռոյ Հարիսոնին: Սակայն նույն գործում կա նրա մոր՝ Գարանիկ Մուրադյանի գրությունը, որ տունը վաճառել է ոչ թե Ռոյին, այլ՝ Զաբունյանին:
![]() |
![]() |
Փաստորեն, մայր ու տղա հակառակ բովանդակությամբ գրություններ են գրել, բայց, միևնույնն է, դատարանը սեփականության իրավունքը չի փոխանցել Ռոյին, քանի որ որևէ պայմանագիր-ապացույց չի եղել Ռոյի ու Զաբունյանի միջև: «Հետքի» հետ զրույցում Ռոյը նշեց, որ իր միակ սխալը եղել է այն, որ վստահել է իր տեղակալ Ժիրայրին, դա է եղել պատճառը, որ որևէ փաստաթղթով չի ամրագրել, թե ինքն է հողամասի գնորդը: Նա խնդրել է անգամ դատարանում կիրառել ստի դետեկտոր՝ համոզվելու համար, որ տունն իրենն է: Դատական ատյաններում պարտվելով՝ Ռոյ Հարիսոնն ու իր ներկայացուցիչ Արմեն Ումրշատյանը ներկայացրել են առանձնատան շինարարական աշխատանքների նպատակով ծախսված շուրջ 60 մլն դրամի հայցապահանջ, սակայն առաջին ատյանի դատարանը դարձյալ մերժել է հայցը՝ հիմք ընդունելով այն, որ չկա այդ աշխատանքների կատարման կապալի կամ շինաշխատանքների պայմանագիր:
«Հետքը» զրուցեց նաև Ռոյ Հարիսոնի ներկայացուցիչ Արմեն Ումրշատյանի հետ, ով նշեց, որ դատարանը չի լսել բոլոր 22 վկաներին, լսել է միայն 4-ին ու կայացրել որոշում. «Սակայն, եթե դատարանը լսեր նաև մյուս վկաներին, կհամոզվեր, որ այդ մարդիկ աշխատել են առանձնատան վրա, կատարել են շինարարական աշխատաքներ ու վճարվել Ռոյ Հարիսոնի կողմից»:
Ռոյ Հարիսոնը նշեց, որ առանձնատան շինարարական աշխատանքների համար վարձել է մալականների, անհատ վարպետների, արհեստավորների, որոնց հետ, բնականաբար, որևէ պայմանագիր չի կնքել: Վճարել է բանավոր պայմանավորվածության դիմաց. «Նման բաներ այն ժամանակ հաշվի չեմ առել, քանի որ չգիտեի, որ իմ տունը մի օր ձեռքիցս կխլեն: Նման բան Անգլիայում չէր կարող լինել: Անգլիական ասացվածքն ասում է՝ «Իմ տունն իմ ամրոցն է»: Մեզ համար տունը սուրբ է: Անգլիայում մարդիկ իրար վստահում են ու վստահության չարաշահում չի լինում: Ես վստահել եմ Ժիրայրին»,- նշեց Ռոյը: Իսկ Վերաքննիչ քաղաքացիական դատարանում այսօր դարձյալ մերժվեց փաստաբան Ումրշատյանի և նրա վստահորդի հայցադիմումը՝ 60 մլն դրամի շինարարական աշխատանքների դիմաց վճարելուն Զաբունյանին պարտավորեցնելու վերաբերյալ:
Պատասխանող կողմի՝ Ժիրայր Զաբունյանի ներկայացուցիչ Հայկ Օսեփյանը «Հետքի» հետ զրույցում ասաց. «Գտնում եմ, որ իմ վստահորդից գումար ստանալու պահանջն անհիմն է: Կարծում եմ՝ սա ուղղակի միջոց էր ևս մեկ անգամ փորձել Ժիրայր Զաբունյանից գումար ստանալ, որը ձախողվեց»: Մեր զրույցի վերջում Ռոյ Հարիսոնն ասաց, որ չի պատրաստվում մեկնել Հայասստանից, ապրում է այստեղ կնոջ հետ, պատրաստվում է ներդրումներ անել: «Հետքի» հարցին՝ չե՞ք վախենում նոր ներդրումներից, պատասխանեց. «Բոլոր մարդիկ հո վատը չե՞ն»:
Մեկնաբանություններ (10)
Մեկնաբանել