Մայդանը և Հայաստանը-2
Էդգար Վարդանյան
Հայաստանյան հասարակությունում շատերի մոտ «Մայդանը» ասոցացվում է բարիկադներում «մոլոտովի կոկտեյլներով» եւ քարերով զինված ամբոխի եւ հատուկ ջոկատայինների միջեւ տեղի ունեցող բախման պատկերի հետ։ Հաճախ նշվում է, որ եթե չլինեին «Պրավի Սեկտորի» ուժային գործողությունները, ապա ռեժիմի դեմ դուրս եկած քաղաքացիների պայքարը հաջողությամբ չէր պսակվի։ Նման գնահատականների արդյունքում ձեւավորվել է մարդկանց երկու «վիրտուալ» խումբ։ Առաջին խումբը նշում է, որ հայաստանցիները, եթե ցանկանում են փոխել ռեժիմը պետք է նույնպես դիմեն բռնի գործողությունների։ Երկրորդ խումբն էլ «հայտարարում է», որ Հայաստանում խիստ անցանկալի է «Մայդանը» քանի որ վերջինս ենթադրում է ցուցարարների կողմից բռնի գործողություններ, որոնք անընդունելի են եւ կործանարար են Հայաստանի համար։
Ցանկանում ենք նշել, որ մեր համոզմամբ, «Մայդանը»՝ հասարակության մի մեծ հատվածի, տարբեր հարցումների համաձայն, բնակչության մեծամասնության կողմից ռեժիմի փոփոխության նպատակով մղվող հիմնականում խաղաղ քաղաքացիական դիմադրության օրինակ է։ Ինչպես երեւում է տարբեր տեսա եւ լուսանկարչական նյութերից, պայքարողների միայն չնչին մասն է բռնություն գործադրել, որոնց թիվը դժվար թե անցնի մի քանի հարյուր հոգուց։ Դրա մասին է վկայում նաեւ քրեական գործերով անցնող ակտիվիստների թիվը, որը չէր անցնում մի քանի հարյուրից։
Ողջ ժողովուրդը, ոչ էլ նրա մեծ մասը հրապարակներում եւ փողոցներում, իհարկե, չեր հավաքվում եւ չէր կարող հավաքվել։ Մենք չենք կարծում, որ այլ հեղափոխությունների ժամանակ բնակչության մեծ մասը դուրս է եկել հրապարակ, համենայն դեպս, թավշյա հեղափոխությունների մեր ուսումնասիրություններում չենք նկատել նման բան։ Ուկրաինայի բնակչության մեծ մասը ողջ հեղափոխական գործընթացի ժամանակ զբաղված էր իր առօրյա գործերով եւ գաղափարապես, նյութապես, հոգով, խոսքով եւ այլ միջոցներով աջակցում էր «մայդանցիներին»։ Ինչպես արդեն նշել ենք, բողոքի ակցիա իրականացնելու համար հրապարակ էր դուրս գալիս, սովորաբար, մի քանի տասնյակ, իսկ երբեմն, մի քանի հարյուր հազար մարդ։ Ավելի ակտիվ գործողությունները՝ փողոցների եւ վարչական շենքերի շրջափակում, պիկետների, ստորագրահավաքների կազմակերպում, ցուցարարների ֆիզիկական պաշտպանության իրականացում, մայդանի նյութական բազայի ապահովման կազմակերպում, ինֆորմացիոն դաշտում իշխանությունների քարոզչության չեղոքացում եւ այլն, կատարվում էին էլ ավելի քիչ թվով մարդկանց կողմից։
Մեր կարծիքով, «Մայդանը» հաղթեց մի շարք որոշակի գործոնների առկայության շնորհիվ, որոնցից հատկապես կարեւորում ենք՝
ա) բնակչության մի զգալի հատվածի ինքնակազմակերպման բարձր մակարդակը, որը դրսեւորվում էր՝ տարբեր խմբերի միջեւ աշխատանքի բաժանման հիման վրա, բազմաշերտ կառավարմամբ ու բարձր մակարդակի կազմակերպվածությամբ եւ կարգապահությամբ մայրաքաղաքում եւ այլ բնակավայրերում իրականացվող պերմանենտ նստացույցերի, ժողովների, երթերի, պիկետների անցկացմամբ, ադմինիստրատիվ շենքերի եւ փողոցների շրջափակմամբ եւ այլն։ Հանրությունը, ոչ թե հանրահավաքի հարթակից խոսող մարդկանց պասիվ ունկնդիրն էր, այլ՝ վարչախմբի նկատմամբ ճնշում իրականացնող տարատեսակ գործողությունների անմիջական ակտիվ մասնակիցը։ Այսինքն, ռեժիմի փոփոխության նպատակով ձեւավորվել էր վերկուսակցական հզոր քաղաքացիական շարժում,
բ) ուժի կիրառման նկատմամբ «Մայդանի» «իմունիտետը», երբ «ուժայինների» հերթական գործողությունների արդյունքում մարդիկ չէին հեռանում, կամ տուն գնալուց հետո շատ արագ վերադառնում էին ու էլ ավելի մեծ ուժերով եւ վճռականությամբ շարունակում էին պայքարել։ Դա մեծ հոգեբանական հարված էր հասցնում ռեժիմին։ Նման պայմաններում քաղաքական էլիտայի, բիզնես էլիտայի եւ ամենակարեւորը՝ ուժային կառույցների ներկայացուցիչներից շատերը հասկացան, որ ուժի կիրառումը անօգուտ է՝ հանրությունը չի ենթարկվում, եւ որ «Մայդանի» հաղթանակից հետո նրանք կկարողանան համեմատաբար հանգիստ ապրել, եթե պարզվի, որ նրանք դեմ են եղել վարչախմբի կողմից ուժի կիրառմանը։
Ինչ վերաբերում է ռադիկալ տրամադրված ցուցարարների կողմից ուժի կիրառմանը, ապա պետք է նշել, որ ցանկության դեպքում ուժային կառույցները հեշտությամբ կարող էին ճնշել նրանց գործողությունները։ Կասկած չկա, որ ոստիկանությունն, իր տարատեսակ ստորաբաժանումներով, հազար անգամ ավելի լավ զինված եւ պատրաստված էր եւ այդպես է լինում գրեթե բոլոր, քիչ թե շատ կայացած երկրներում։ Ռեժիմը տեղի տվեց ոչ թե այն պատճառով, որ չկարողացավ ֆիզիկապես ճնշել ռադիկալներին, այլ այն պատճառով, որ հասկացավ, որ դա չի կանգնեցնելու պայքարող ժողովրդին ու էլ ավելի է սրելու իրավիճակը։ Եթե մայդանում կանգնած չլիներ պայքարող, անհնազանդ, կազմակերպված ոչ բռնի պերմանանետ ճնշում իրականացնող հանրությունը, ապա ուժայինները րոպեների ընթացքում կչեզոքացնեին ծայրահեղականներին։ Այսինքն, ինքնին ռադիկալների գործողությունները սպառնալիք չէին ներկայացնում ռեժիմի համար։ Դա նշանակում է, որ ռադիկալների գործողությունների բացակայության պարագայում, միեւնույն է, «Մայդանը» հաղթելու էր։ Կարող ենք ենթադրել, որ եթե չլինեին ռադիկալների ուժային գործողությունները, հնարավոր է, որ հաղթանակը ձեռք բերվեր առանց զոհերի։
Ի հարկե, չի բացառվում, որ «Պրավի սեկտորի» ուժային գործողությունները որոշակիորեն արագացրեցին գործընթացը, բայց, կարծում ենք, որ ավելի լավ կլիներ մի քանի օր, կամ մի քանի շաբաթ ուշ լիներ հաղթանակը, բայց չլինեին զոհերը եւ «Մայդանի» հակառակորդներն էլ չստանային պայքարի վերաբերյալ տարբեր շահարկումներ իրականացնելու առիթ։ Ամեն դեպքում, եւս մեկ անգամ նշենք, որ մեր համոզմամբ, Ուկրաինայում պայքարող հասարակությունը հաղթել է ի շնորհիվ խաղաղ քաղաքացիական դիմադրության։
Հ.Գ. 2000 թվականին, խաղաղ քաղաքացիական դիմադրության արդյունքում, սերբ ժողովուրդը տապալեց Սլոբոդան Միլոշեվիչի ավտորիտար ռեժիմը։ Վարչախմբի պարտվելու օրը, երբ հարյուր հազարավոր մարդիկ Բելգրադի կենտրոնում խաղաղ ցույց էին անում, ընդամենը մեկ ցուցարար, իր բուլդոզերի միջոցով, ջարդեց պետական հեռուստաընկերության առջեւ դրված արգելապատնեշը եւ դա առիթ տվեց, որ սերբերի խաղաղ քաղաքացիական դիմադրությունը որոշ ԶԼՄ-ներ անվանեն որպես «Բուլդոզերային հեղափոխություն»։ Այստեղ, երեւի թե, գործ ունենք մարդկային հոգեբանության առանձնահատկության հետ, երբ մարդկանց ուշադրությունը, նախ եւ առաջ, գրավում են ուժային գործողությունները։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել