
«Նաիրիտին» դատի տվող իրանական ընկերության հասցեն գոյություն չունի՞
«Նաիրիտ գործարանի» դեմ սնանկության հայցով դատարան դիմող իրանական SandbadTir INTL Transport Co.LTD ընկերության հասցեն գոյություն չունի: Այս մասին դատարանում հայտարարեց «Նաիրիտ գործարանի» ներկայացուցիչ Նելլի Թովմասյանը:
Այսօր Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանում «Նաիրիտի գործարան» ՓԲԸ-ի դեմ սնանկության գործով հերթական դատական նիստն էր: Իրանական ընկերության ներկայացուցիչ Վրեժ Խաչիկյանը նիստին չէր ներկայացել: Նա դատարանին դիմում էր ուղարկել և խնդրել դատական նիստը հետաձգել պատշաճ կերպով փաստաթղթերը ներկայացնելու համար: «Քանի որ Իրանական Իսլամական Հանրապետությունում իսլամական օրացույցով շուտով Նոր տարի է, SandbadTir INTL Transport Co.LTD ընկերությունը, տարեվերջյան հաշվետվության ծանրաբեռնված գործառույթներից ելնելով, չի հասցրել ուղարկել պահանջվող փաստաթղթերը »,- հիմնավորել էր փաստաբան Խաչիկյանը:
«Նաիրիտ գործարանի» ներկայացուցիչ Նելլի Թովմասյանը նշեց, որ սա դատավարությունը ձգձգելու հայցվորի փորձն է, սակայն թողեց դատարանի հայեցողությանը:
«Ինձ համար անհասկանալի է գոնե այն առումով, որ գոնե ժամկետ չի նշվում, Նոր տարի է մեջ բերվում: Մենք էլ հետաձգում ենք դատական նիստը արդեն երրորդ անգամ: Նոյեմբերի 19-ին դիմել են, մինչև հիմա փաստաթուղթ չեն կարող ներկայացնել»,- մեկնաբանեց դատավոր Արա Կուբանյանը:
Նելլի Թովմասյանը դատարանի հայտնեց, որ երկու անգամ որոշակի փաստաթղթեր են ուղարկել Իրան` հայցվորի ընկերության հասցեով, սակայն փաստաթղթերը հետ են վերադարձել նշումով, որ տվյալ հասցեում նման ընկերություն գոյություն չունի:
«Հիմա եթե իրենք տեղափոխվել են կամ նոր հասցե են ձեռք բերել, չգիտեմ, ես կարծում էի, որ կողմը կներկայանա, ես այդ հարցը կբարձրացնեմ, բայց կողմը չի ներկայացել»,- ասաց Ն. Թովմասյանը:
Դատավոր Կուբանյանն ասաց, որ այս հարցին կանդրադառնան հաջորդ դատական նիստին և հայցվոր կողմին հնարավորություն տվեց ներկայացնել փաստաթղթերը հաջորդ դատական նիստին: Դատական նիստը հետաձգեց մինչև մարտի 25-ը` ժամը 11:00-ն:
Մեկնաբանել