
Ոստիկանությունն ուսումնասիրում է ընտրակաշառք բաժանելու մասին ահազանգը
Դարպասի գյուղապետի թեկնածու, գործող գյուղապետ Սամվել Ավետյանը երեկ 579 քվեներով ընտրվեց գյուղապետ: Մարտի 9-ին ` ընտրության օրը Դարպասի համայնքապետի մեկ այլ թեկնածու` Համլետ Ավագյանը ժամը 13:00-ի սահմաններում ահազանգել է Հելսինկյան Վանաձորի գրասենյակ և տեղեկացրել, որ Սամվել Ավետյանը Դարպասի գյուղապետարանում ընտրակաշառք է բաժանում: Հելսինկյան Վանաձորի գրասենյակն այդ մասին անմիջապես տեղեկացրել է թիվ 29/01 ընտրատեղամասի գրասենյակի դիտորդ Վարդիկ Գրիգորյանին: Վերջինս էլ ընտրակաշառքի բաժանման մասին ահազանգել է տեղամասում հերթապահող ոստիկաններին: Անմիջապես տեղամասում հայտնվել են ոստիկանության Գուգարքի քննչական բաժանմունքի քննիչները, ովքեր հարցաքննել են նաև դիտորդ Վարդիկ Գրիգորյանին:
Վ. Գրիգորյանը տեղեկացրեց, որ այսօր քննիչը հարցաքննել է նաև Հելսինկյան գրասենյակի ահազանգն ընդունած աշխատակցին: Ոստիկանության Գուգարքի բաժնի պետ Ա. Շահվերդյանն այսօր «Հետքին» հայտնեց, որ ահազանգը ոստիկանությունում հաշվառված է, գործն ուղարկվել է Գուգարքի քննչական բաժանմունք, այն նախաքննական փուլում է:
Գործի հետ առնչվող մյուս մանրամասներին տեղեկանալու համար ոստիկանապետ Ա.Շահվերդյանը մեզ խորհուրդ տվեց զրուցել քննիչի հետ: Ահազանգի, ինչպես նաև տեղամասում թեկնածուի թիմակիցների կողմից կատարված այլ ընտրախատումների մասին երեկ զրուցեցինք նաև Սամվել Ավետյանի հետ: Վերջինիս ասաց, որ իր կարծիքով 29/01 Դարպասի տեղամասում ընտրությունները անցնում են խաղաղ և օրենքի սահմաններում: Ընտրության օրը գյուղապետարանում իր կողմից ընտրակաշառք բաժանելու ահազանգը թեկնածու Ս.Ավետյանը համարեց «աբսուրդ». «Նման անպատասխանատու հայտարարության համար ես կցանկանամ ահազանգողին ենթարկել պատասխանատվության»,- ասաց նա:
Դարպասի գյուղապետի տեղակալ Աննա Մակարովայի կողմից ընտրատեղամասում երեկ ընտրողներին կողմնորոշելու գործողությունների մասին Սամվել Ավետյանը հայտնեց. «Միգուցե գյուղացիները իրենց ցուցակային համարները չեն կարողացել գտնել, Աննան օգնել է նրանց: Մեզ համար կարևոր է եղել, որ արագ-արագ անցնի այս ընտրությունը»,- գյուղապետի տեղակալի արարքը արդարացրեց Սամվել Ավետյանը:
Լուսանկարում` Սամվել Ավետյանը
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել