Դավիթ Շահնազարյան. «Փաստահավաք խմբի անկախությունն ապահովված չէ»
Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց Մարտի 1-ի իրադարձությունների փաստահավաք խմբի գործունեության մասին:
Նա մատնանշեց մարտի 7-ին Աղվան Հովսեփյանի կողմից Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության հատկապես կարեւոր գործերի ավագ քննիչ Հարությունյանին ուղղված հանձնարարականի 8-րդ կետը, որում նշված է. «Համապատասխան ուղղություններով կատարվող նախաքննության օրինականության նկատմամբ անմիջական հսկողությունն ու դատավարական ղեկավարումը լիազորված է իրականացնել ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ Գ.Ռ. Թովմասյանը»: Այսինքն` ըստ Դավիթ Շահնազարյանի` նախաքննության անմիջական ղեկավարությունն իրականացրել է Գ. Թովմասյանը:
Նա լրագրողների ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Գ. Թովմասյանը 2008 թ. հոկտեմբերի 20-ին իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից եւ ուղարկվել կենսաթոշակի: Այնուհետեւ Գեւորգ Թովմասյանը իշխող կոալիցիայի կողմից առաջադրվել է փաստահավաք խմբի անդամ, որն, ի դեպ, ստեղծվել է հոկտեմբերի 27-ին: «Ես կասկած չունեմ, որ այս ամենը կանխամտածված էր: Որեւէ մեկը լսել է, թե դատախազությունում բարձր պաշտոնի 43-ամյա մարդը ինքնակամ հեռանա աշխատանքից` թոշակի անցնելու համար: Սա հնարավոր է միայն այն դեպքում, երբ նրան ստիպել են դա անել կա’մ վատ աշխատանքի պաճառով, կա’մ էլ այդքան ամիսների ընթացքում տիրապետելով ողջ ինֆորմացիային` այժմ նա իշխանությունների պատվերն է կատարում` փորձելով տապալել փաստահավաք խմբի աշխատանքները»,- ասաց Դավիթ Շահանզարյանը:
Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչը նաեւ հիշեցրեց, որ փաստահավաք խումբ ստեղծելուց հետո ՀԱԿ-ը եւ «Ժառանգություն» կուսակցությունը հայտարարեցին, որ իրենք պահանջում են այդ խմբում միջազգային փորձագետի առկայություն, ինչը մինչ այժմ չի իրականացվել: ՀԱԿ-ի համար անընդունելի է նաեւ այն հանգամանքը, որ փաստահավաք խումբն աշխատում է ԱԺ-ի շենքում, ինչը չի կարող ապահովել նրա անկախ գործունեությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել