HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ո'չ մշակութային ցեղասպանությանը

"Վրաստան, ձեռքերդ հեռու մեր եկեղեցիներից", "Ո'չ մշակութային ցեղասպանությանը", "Մի խաթարեք հայ-վրացական հարաբերությունները", "Վերջ տվեք վանդալիզմին" պաստառներով և "Վերջ տվեք սրբապղծությանը", "Ամոթ" վանկարկումներով այսօր Հայաստանի գրեթե բոլոր բուհերի մեծաթիվ ուսանողներ և երիտասարդական կառույցների անդամներ բողոքի ցույց էին կազմակերպել` ընդդեմ Վրաստանում հայկական եկեղեցիների նկատմամբ տեղի ունեցող ոտնձգությունների:"Մենք այսօր հավաքվել ենք վրացական իշխանություններին ապացուցելու, որ Հայաստանի երիտասարդությունը տեր է իր մշակութային ժառանգությանը` անկախ նրանից, թե դրանք աշխարհի որ մասում են գտնվում"- ասաց ԵՊՀ պատմական ֆակուլտետի ՈւԳԸ-ի նախագահ Գևորգ Մելքոնյանը: Երիտասարդները, քաղաքի տարբեր հատվածներից հավաքվելով` նախ շարժվեցին դեպի ՄԱԿ-ի գրասենյակ, որտեղ բողոքի բաց նամակ հղեցին ՅՈՒՆԵՍԿՈ-ին: Այն հոգևոր և մշակութային ժառանգություը պահպանող միջազգային կառույց է: "Համաշխարահյին մշակութային ժառանգության կոթողները պատկանում են ոչ միայն այն ստեղծող ազգին, այլ համայն մարդկությանը, ուստի դրա պահպանման պատասխանատվությունն ընկնում է բոլորի վրա, կոնկրետ պատկան մարմինների, այս դեպքում` վրացական իշխանությունների և, մասնավորապես, ՅՈՒՆԵՍԿՈ-ի վրա: Ուստի կոչ ենք անում վճռական քայլերով ստիպել դադարեցնել կատարվող ապօրինի գործունեությունը և փրկել հայկական եկեղեցիներն ու գերեզմանները կործանումից… հստակեցնել հայ եկեղեցիների իրավական կարգավիճակը և պատկանելության հարցը, այսինքն` դրանք վերադարձնել Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմին",- բողոքն ընթերցեց Հայաստանի ուսանողական ասոցիացիայի անդամ Էդգար Հովհաննիսյանը: Երիտասարդներից մի քանիսին ընդունեց Հայաստանում ՄԱԿ-ի գլխավոր ներկայացուցիչ Կոնսուելո Վիդալը: "Նա խոստացավ, որ հենց այսօր նամակը կփոխանցվի ՅՈՒՆԵՍԿՈ-ին, որպեսզի միջազգային հանրությունը ծանոթանա դրա բովանդակությանը, և միջազգային պատկան մարմինները այս հարցին լուծում տան, քանի որ մենք բնութագրում ենք այս երևույթը որպես հայ մշակույթի ցեղասպանություն",- Հետքին ասաց Երևանի Կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի ուսխորհրդի նախագահ Էրիկ Բարսեղյանը: Նա համոզված է, որ այս ճանապարհով հնարավոր է արդյունքի հասնել, քանի որ միջազգային հանրությունը և մասնավորապես ՅՈՒՆԵՍԿՈ-ն չի կարող անտեսել հայ երիտասարդների արդարացի պահանջը: ՄԱԿ-ի գրասենայկից երիտասարդները երթով շարժվեցին դեպի Վրաստանի դեսպանատուն: Կրկին ընթերցելով բողոքի նոտան` այս անգամ ուղղված վրաց իշխանություններին և Վրաց ուղղափառ եկեղեցուն, երիտասարդները հույս հայտնեցին, որ կդադարեցվեն "քաղաքակիրթ ազգին ոչ վայել գործելակերպը, և այն չի դառնա լուրջ գործոն բազմադարյա բարեկամություն ունեցող երկու ազգերի հարաբերությունների խաթարման համար": Վրաստանի դեսպան Ռևազ Գաչեչիլաձեն ընդունեց երիտասարդական կառույցների ներկայացուցիչներին և բավականին երկար զրուցեց նրանց հետ: Ըստ Էդգար Հովհաննիսյանի` իրենք շեշտը դրել են 2 հարցի վրա` դադարեցնել ոտնձգությունները հայկական եկեղեցիների եւ պղծումները հայկական գերեզմանների նկատմամբ, հստակեցնել հայկական եկեղեցիների իրավական կարգավիճակը. "Դեսպանը հայտարարեց, որ իրենք չունեն այդքան լծակներ Վրաց եկեղեցու նկատմամբ: Մենք պահանջեցինք գոնե խեղաթյուրումները դադարեցնել, քանի որ դա քրեական գործ է, և պետությունը գոնե այդքան լծակ պիտի ունեանա: Նա խոստացավ այդ խնդիրները լուծել եւ մեր նամակը փոխանցել վրացական կառավարությանը":

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter