Կոնգրեսը միասնական մոտեցում չունի Ղարաբաղի հարցի շուրջ
Այս մասին «Ուրբաթ» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Լեւոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը:
Ղարաբաղյան հակամարտության հարցում Կոնգրեսում կան տարբեր մոտեցումներ, ինչը, ըստ խոսնակի, շատ բնական է եւ ողջունելի. «Սակայն միասնական տեսակետ կա մի հարցում` Ղարաբաղի հարցում ունենալ Հայաստանի համար մաքսիմալ օգտակար լուծում»: Հոկտեմբերի 17-ին հայտարարված հանրահավաքների դադարը, որը ընդդիմությունը նախաձեռնեց իշխանություններին ճնշումներից զերծ պահելու նպատակով, ըստ Ա. Մուսինյանի` արդյունք չտվեց, «քանի որ իշխանությունները բավարար չափով ինտելեկտ չունեն դրանից օգտվելու համար»:
Առավելագույն օգտակար լուծման հասնելու համար, սակայն, որոշ կոնգրեսականներ առաջարկում են վերսկսել հանրահավաքները, տապալել իշխող ռեժիմը եւ թույլ չտալ գնալ այդպիսի պայմաններով հանգուցալուծման. «Բայց Կոնգրեսը, ծանր ու թեթեւ անելով, չեկավ այն եզրակացության, որ պետք է վերանայել դադարի մասին որոշումը»,- ասում է խոսնակը:
Ա. Մուսինյանը կանխատեսում է, որ հավանական է երեք ամսվա ընթացքում ստորագրվի հիմնական սկզբունքների վերաբերյալ համաձայնագիր, սակայն համաձայնագրի ստորագրումը, ըստ բանախոսի, հնարավոր է չլինի վերջնական պայմանագիր:
Ըստ նրա` իրենք պատրաստ են սատար կանգնել Ղարաբաղի հասարակությանը, եթե վերջինս ընդդիմանա ներկա բանակցություններին, իսկ եթե Ղարաբաղի ժողովուրդն ընդունի բանակցային մոտեցումները, ապա ՀԱԿ-ն էլ կհամակերպվի:
Ա. Մուսինյանը նկատում է, որ Ղարաբաղում օբյեկտիվ տեղեկատվության պակաս կա, քանի որ ամեն ինչ վերահսկվում է իշխանությունների կողմից: Իսկ ղարաբաղցիներին իրավիճակը բացատրելու համար ՀԱԿ-ի ակտիվիստները պատրաստ են Ղարաբաղում տեղեկատվական սկավառակներ տարածել:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել