Հուսիկ Բաղդասարյանն ազատվեց պատիժը կրելուց
Այսօր Վճռաբեկ դատարանը որոշեց «Մասիսի» գումարտակի հրամանատար, այս տարվա նախագահական ընտրություններում Լեւոն Տեր-Պետրոսյանին սատարած Հուսիկ Բաղդասարյանին անհապաղ ազատել պատիժը կրելուց:
Հիշեցնենք, որ Հ. Բաղդասարյանի տանն իրավապահները հայտնաբերել էին 16 փամփուշտ եւ այն համարել անօրինական: Ազատամարտիկը որսորդական զենք կրելու իրավունք ունի, բայց, ըստ մեղադրանքի, հայտնաբերված փաշփուշտները չէին համապատասխանում այդ օրինական զենքին:
Մարտի 31-ին Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը Հուսիկ Բաղդասարյանին մեղավոր ճանաչվեց «Ապօրինի զենք, ռազմամթերք պահելու» համար և դատապարտվեց 3 տարվա ազատազրկման։ Հ. Բաղդասարյանի շահերի պաշտպան Վարդան Զուռնաչյանի կողմից բերված բողոքի հիման վրա Վերաքննիչ քրեական դատարանը երկու ամիս անց նշանակված պատժի ժամկետը մեկ տարով կրճատեց։
Այսօր Վճռաբեկ դատարանը, Հ. Բաղդասարյանին մեղավոր ճանաչելով հանդերձ, մասնակիորեն բավարարեց ներկայացված բողոքը եւ նշանակված 2 տարի ազատազրկումը որոշեց պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով 2 տարվա փորձաշրջան։
Փաստաբան Վարդան Զուռնաչյանը, այնուամենայնիվ, դիմելու է Մարդու իրավունքների եվրոպական դատարան, քանի որ «իր պաշտպանյալ Բաղդասարյանին մեղավոր ճանաչելու հիմքեր չկան»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել