HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ընկերությունում առաջիկա 3 ամսում կրճատումներ չեն լինի

«Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» (Կապանի նախկին լեռնահարստացման կոմբինատի) ընկերության աշխատակիցների միասնական ու ծայրահեղ պայքարը` գործադուլը, թերեւս իր նպատակին հասավ: Հիշեցնենք, որ նոյեմբերի 8-ից նրանք անժամկետ գործադուլ էին սկսել` միջազգային ճգնաժամի հետեւանքով ձեռնարկությունում սպասվող կրճատումների (աշխատակիցների 60%-ին) ու 40%-ով աշխատավարձի նվազեցման մասին գլխավոր տնօրեն Ռոբերտ Ֆալետայի հայտարարությունից հետո: Չորսօրյա գործադուլը դադարեցվեց միայն ՀՀ վարչապետի որոշմամբ կառավարության անդամների, մասնավորապես էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի, էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի, աշխատանքի և սոցիալական հարցերով նախարար Արսեն Համբարձումյանի` Սյունիք կատարած այցից հետո: Արդեն նոյեմբերի 17-ին Երևանում կայացած հանդիպումների ընթացքում ձեռք է բերվել համաձայնություն` «Դինո Գոլդ»-ի և Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսիյանի միջեւ: Իսկ նոյեմբերի 18-ին կնքվել է երկկողմանի հուշագիր-համաձայնագիր: Ըստ այդմ` «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի»-ին համաձայնվում է պահպանել աշխատողների ներկայիս թիվը երեք ամսով` սկսած հուշագիր-համաձայնագրի կնքման պահից: Աշխատողների այն խումբը, որը վերջին մի քանի շաբաթների ընթացքում արդեն ստացել է կրճատման ծանուցագրերը, հետ կկանչվի աշխատանքի: Նաև համաձայնություն ձեռք բերվեց աշխատողների մի մասին օրենքով սահմանված կարգով ուղարկել հարկադիր պարապուրդի: Ի դեպ, հարկադիր պարապուրդի ուղարկվածները կաշխատեն փոխարինաբար: Այսինքն` եթե նույն մասնագիտությամբ մի աշխատակից ուղարկվել է մեկ ամիս հարկադիր պարապուրդի, իսկ նրա գործընկերը աշխատել է, ապա հաջորդ ամիսը աշխատողին է տրվելու հարկադիր պարապուրդ: Այս մասին աշխատակիցներին երկուշաբթի` նոյեմբերի 24-ին անձամբ տեղեկացրեց գլխավոր տնօրեն Ռոբերտ Ֆալետան`նշելով, որ կառավարությունը նույնպես կատարել է խոստումն ու ձեռնարկության պարտքը` ավելացրած արժեքի հարկը փոխանցել է ընկերության հաշվեհամարին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter