
Ռամադան Իլազի. «Այն, որ Կոսովոն ճանաչված չէ բոլոր երկրների կողմից, հարցականի տակ չի դնում Կոսովոյի՝ որպես պետության ֆունկցիոնալությունը»
Սերբիայի համար շահավետ կլինի գիտակցել, որ այն արդեն կորցրել է Կոսովոն և իր քաղաքացիներին ազատել մշտական հոգեբանական բեռից, որի պատճառով մարդիկ անընդհատ մտածում են «իսկ ինչ ենք մենք անելու Կոսովոյի հետ»: «Հետքի» հետ հարցազրույցում նման կարծիք հայտնեց Կոսովոյում գործող «Բարձրաձայնիր» շարժում ՀԿ-ի գործադիր տնօրեն Ռամադան Իլազին:
«Չեմ կարծում, որ կգա մի ժամանակ, որ Կոսովոն Սերբիայի մաս կլինի: Դա անիրական է: Բայց նաև չեմ կարծում, որ մոտ ապագայում Սերբիան կճանաչի Կոսովոն: Սերբիայի համար ավելի լավ է, որ Կոսովոն լինի լավ հարևան: Սերբիայի շահերից չի բխում ունենալ խռովված Կոսովո, և Կոսովոյի նկատմամբ վերահսկողություն ձեռք բերելու որևէ փորձ խնդիրներ կստեղծի ոչ միայն Սերբիայի, այլև Բալկանների համար»,- ասաց Ռամադան Իլազին:
2008թ. փետրվարի 17-ին Կոսովոն միակողմանիորեն հռչակեց իր անկախությունը Սերբիայից: Ռամադանը մասնակցել է տոնակատարություններին և ասում է, որ դա շատ լավ օր էր բոլորի համար: Նրա համոզմամբ՝ յուրաքանչյուր խելամիտ մարդ գիտակցում է, որ Կոսովոն չի կարող վերադառնալ Սերբիայի կազմ: Անգամ սերբ քաղաքական գործիչներն են գիտակցում դա: Բայց նրանք այդ մասին հրապարակավ չեն ասում, քանի որ հակառակ դեպքում կկորցնեն իրենց քվեները. Սերբիայի արմատական կուսակցությունը խորհրդարանի երկրորդ ամենամեծ խմբակցությունն է, իսկ Լիբերալ ժողովրդավարական կուսակցությունը, որն ընդունում է Կոսովոյի անկախությունը, ունի ձայների ընդամենը մոտ 6 %-ը:
Սերբիայի դպրոցներում դեռ երեխաներին սովորեցնում են, որ «Կոսովոն Սերբիայի հողն է, սերբական մշակույթի անկյունաքարը», ինչը, Ռամադան Իլազիի համոզմամբ, ճիշտ չէ պատմության տեսանկյունից:
«Կան պատմական փաստեր, որոնք ապացուցում են, որ ալբանացիները չէին, որ եկան Բալկաններ, մենք արդեն այնտեղ էինք: Եվ հիմա եթե դու մեծացնում ես մի սերունդ, որը հավատում է, որ քո մի մասը քեզանից տարել են, և մենք հանցագործներ ենք և նման բաներ, ապա դու չես ունենա հասարակություն, որը բաց է հանդուրժողականության, նոր գաղափարների առաջ»,- ասում է Ռամադան Իլազին:
Նրա խոսքերով՝ նույնը վերաբերում է նաև Կոսովոյին, որի դպրոցներում ատելություն են սերմանում որոշ երկրների, այդ թվում նաև Սերբիայի նկատմամբ: Նա համաձայն է, որ և Սերբիայում, և Կոսովոյում ատելություն սերմանելը պետք է դադարեցվի միաժամանակ, բայց միևնույն ժամանակ էլ ասում է. «Անկեղծ ասած, Սերբիան է, որ սկսեց բալկանյան պատերազմները, և նրանք պետք է առաջին քայլն անեն հաշտեցման գործում, ճիշտ ինչպես Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո մենք չտեսանք, որ Գերմանիան բարձր պահի իր գլուխը իր արածների համար. այն մի կողմ քաշվեց, այն ներողություն խնդրեց»:
Ռամադան Իլազիի կարծիքով՝ փաստը, որ շատ երկրներ չեն ճանաչում Կոսովոն, ինչ-որ նշանակություն ունի այն առումով, որ այդ երկրները Կոսովոյին թույլ են համարում: Կոսովոյի համար շատ կարևոր է ճանաչվել Եվրամիության այն 5 երկրների կողմից, որոնք դեռ չեն ճանաչել երկիրը, ինչպես նաև Ռուսաստանի և Չինաստանի կողմից: Եթե ԵՄ անդամ բոլոր երկրները ճանաչեն Կոսովոն, և այն մտնի ԵՄ, ապա ինչ-որ մի պահի բոլոր երկրներն այլևս ընտրություն չեն ունենա և կճանաչեն Կոսովոն, քանի որ նրանք ճանաչում են Եվրամիությունը:
«Եթե այս երկրները ճանաչեն մեզ, ապա մենք այլ երկրների կողմից ճանաչվելու մասին անհանգստանալու կարիք չենք ունենա, քանի որ նույնիսկ հիմա միայն այն, որ մենք ճանաչված չենք բոլոր երկրների կողմից, հարցականի տակ չի դնում մեր՝ որպես պետության ֆունկցիոնալությունը: Մենք գործում ենք որպես պետություն»,- ասում է «Բարձրաձայնիր» շարժման գործադիր տնօրենը:
Նրա խոսքերով՝ անկախությունից հետո Կոսովոյի ժողովուրդն ունի դրդապատճառ՝ աշխատելու և օգնելու կառուցել երկիրը, քանի որ մինչ այդ դժվար էր ապրել մի հողում, որը ոչ ոքինն է: «Իհարկե, մեր անկախությունը բոլոր քաղաքացիներին չի բերել 1-ական մլն եվրոյի չեկ, բայց ես կարծում եմ՝ հոգեբանորեն ազդել է այն, որ մարդիկ հիմա երկիր ունեն»,- ասում է նա:
Անկախությունից հետո մարդիկ հիաթափված էին, քանի որ հավատացած էին, որ այն ավելի շատ փոփոխություններ կբերի: Այժմ Կոսովոն մեծ խնդիրներ ունի՝ կոռուպցիա, կազմակերպված հանցավորություն, կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների հարստանալը ոչ սովորական ճանապարհներով: «Բարձրաձայնիր» շարժումը քարոզարշավ է իրականացնում Կոսովոյում կոռուպցիայի դեմ:
Ռամադան Իլազին շեշտում է, որ Կոսովոյի ժողովուրդը հիասթափված է ոչ թե անկախությունից, այլ իր առաջնորդներից և խնդիրները լուծելու նրանց ձևից:
Կոսովոյի բնակչությունը 1.7 մլն է, որից 88 %-ը ալբանացիներ են: Ալբանացիները նաև կազմում են 3,2 մլն բնակչություն ունեցող Ալբանիայի 92 %-ը: Կոսովոյի «Ինքնորոշում շարժում» կուսակցությունը, որը երրորդ տեղը զբաղեցրեց Կոսովոյի վերջին՝ 2010 թ. խորհրդարանական ընտրություններում՝ հավաքելով ձայների 12,7 %-ը, ունի Կոսովոյի՝ Ալբանիայի հետ միավորման նախագիծ:
«Ինքնորոշում շարժումը» փաստարկում է, որ դա շահավետ կլինի տնտեսության տեսանկյունից, ինչպես նաև «մենք մեկ ազգ եք. իմաստ չունի ապրել երկու երկրում»:
Ռամադան Իլազին միավորվելու կողմնակից չէ, ասում է, որ ըստ հարցումների՝ Կոսովոյի ալբանացիների մեծ մասը ևս դեմ է՝ ոչ այն պատճառով, որ նրանք չեն սիրում Ալբանիան, այլ որովհետև միավորվելու պրակտիկ անհրաժեշտություն այժմ չկա:
Նա ասում է, որ Միլոշևիչի ռեժիմի իշխանության ժանանակ Կոսովոյի ալբանացիներն անընդհատ խտրականություն էին ենթարկվում. նրանց նույնիսկ թույլ չէր տրվում դրսևորել իրենց ազգային ինքնությունը, իրենց շենքերի վրա կախել իրենց դրոշները:
«Այս ամենն իր գագաթնակետին հասավ 97-99 թթ., երբ ժողովուրդը մոբոլիզացվեց՝ դիմադրելու Միլոշևիչի ռեժիմին: Կոսովոյում պատերազմ սկսվեց, ու մոտ 20.000 մարդ սպանվեց, 1 մլն մարդ տեղահանվեց Կոսովոյից: Երբ մենք այս տեսակի իրավիճակում էինք, մենք ասացինք. «Ուզում ենք միավորվել Ալբանիայի հետ»: Դա ազատ լինելու միակ ճանապարհն էր մեզ համար»,- ասում է ՀԿ-ի գործադիր տնօրենը:
Ռամադան Իլազին նշում է, որ այժմ, երբ Կոսովոյի ալբանացիներն ունեն բոլոր իրավունքները և վախենալու կարիք չունեն, միավորվելու անհրաժեշտությունը նվազել է, թեև տնտեսության տեսանկյունից միավորվելը կարող էր շահավետ լինել, քանի որ շուկան ավելի գրավիչ կդառնար օտար ընկերությունների համար:
Կոսովոյի դեպքում ոչ պակաս կարևոր է, որ այն ԵՄ-ին անդամակցության պոտենցիալ թեկնածու է, ինչպես Ալբանիան ու Սերբիան: Ռամադան Իլազին ասում է, որ եթե քո օրակարգում եվրոպական ինտեգրումն է, ապա դու չես կարող միևնույն ժամանակ օրակարգում ունենալ այնպիսի հարց, ինչպիսին միավորումն է: Ավելին, երբ մտնում ես Եվրամիություն և շենգենյան տարածք, սահմանների գաղափարը կորցնում է իր ուժը:
Ռամադան Իլազին կարծում է, որ Սերբիան հնարավորություն չունի ընդդիմանալու Կոսովոյի անկախությունը, որովհետև ինչ-որ մի պահի այն պետք է ընտրություն կատարի Եվրամիության ու Կոսովոյի միջև: Եվ նա կարծում է, որ Սերբիան կընտրի Եվրամիությունը:
«Այսօր աշխարհի, հատկապես Եվրոպայի երկրների մարդկանց բարեկեցությունը հետաքրքրում է ավելի, քան որևէ այլ բան: Այսօր բոլորն ուզում են միանալ Եվրամիությանը ոչ որովհետև նրանց դուր է գալիս մեկ այլ երկրի հարևանը լինելը, այլ գուցե որովհետև սա է բարգավաճման, խաղաղության, աճի, զարգացման, ամեն ինչի բանաձևը»,- ասում է Ռամադան Իլազին:
Ինչ վերաբերում է մարդկային մակարդակին, ապա այս մակարդակում Կոսովոն որոշակի առումով այժմ միավորված է Ալբանիայի հետ: Կոսովոյի հեռուստաալիքները հեռարձակվում են Ալբանիայում, Ալբանիայինը՝ Կոսովոյում: Կոսովոյի և Ալբանիայի կառավարությունները խոսում են դպրոցական դասագրքերը միասնական դարձնելու մասին:
1-ին լուսանկար. ալբանացիները տոնում են Կոսովոյի անկախության երրորդ տարեդարձը, Պրիշտինա, փետրվարի 17, 2011թ., (flickr.com)
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել